HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Տոկաևը հայտարարել է Ղազախստանում ՀԱՊԿ առաքելության ավարտի մասին. անձնակազմի մեծ մասը դուրս կբերվի երկու օրից

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խորհրդարանում հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների Ղազախստանում խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը ավարտվել է։ Այդ մասին հայտնում է Tengrinews-ը։

«ՀԱՊԿ ուժերի հիմնական առաքելությունն ավարտված է, երկու օր անց կսկսվի ՀԱՊԿ միացյալ խաղաղապահ անձնակազմի փուլային դուրսբերումը»,- հայտարարել է Տոկաևը։

Նրա խոսքով՝ երկրում հակաահաբեկչական գործողության սուր փուլն ավարտվել է, բոլոր մարզերում իրավիճակը կայուն է։ Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ Ղազախստանը կարող էր կորցնել Ալմաթիի նկատմամբ վերահսկողությունը, եթե չդիմեր ՀԱՊԿ օգնությանը։ Ըստ նրա՝ դա էլ իր հերթին կսպառնար կորցնել ողջ երկիրը։ «Իշխանության գրավման նախապատրաստության վրա աշխատել են պրոֆեսիոնալներ։ Քանի որ դա միջազգային ահաբեկչության կողմից մեր երկրի նկատմամբ զինված ագրեսիա էր, ապա Ղազախստանը իրավաբանորեն հիմնավորված է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին՝ խաղաղապահ անձնակազմ ուղարկելու խնդրանքով»,- նշել է Տոկաևը։

Նրա պնդմամբ՝ ՀԱՊԿ ուժերն աջակցություն են ցուցաբերել Ղազախստանի համար կրիտիկական պահին, իսկ նրանց ժամանումն օգնել է հարձակում գործած անձանցից ազատել Ալմաթին։ «Կար պահ, երբ Ալմաթին ու 9 մարզկենտրոն հայտնվել էին նրանց ձեռքում, սակայն ՀԱՊԿ անձնակազմի ժամանումն օգնեց հարձակում գործած անձանցից հետ վերցնել Ղազախստանի խոշորագույն քաղաքը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Ղազախստանում զանգվածային ցույցերի ֆոնին նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել էր ՀԱՊԿ-ին՝ խնդրելով օգնություն տրամադրել «ահաբեկչական սպառնալիքի չեզոքացման ուղղությամբ»։

Կազմակերպությունը Ղազախստան էր ուղարկել հավաքական խաղաղապահ ուժեր, որոնք պետք է ձեռնամուխ լինեին պետական օբյեկտների պահպանությանը և օգնեին տեղական իրավապահ մարմիններին։ Հայաստանը Ղազախստան էր ուղարկել խաղաղապահ ուժերի 100 զինծառայողի։ Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ն այդ երկիր էր ուղարկել ավելի քան 2000 խաղաղապահի։

Լուսանկարը՝ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter