HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է ընդլայնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների շրջանակը

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին: Փոփոխություններով առաջարկվում է հատուցում ստացող շահառուների կազմում ներառել նաև զոհվածի քրոջը, եղբորը, տատին, պապին և փաստացի ամուսնության մեջ գտնվող զինծառայողի կնոջը, եթե ունեն համատեղ երեխա:

Հիշեցնենք, որ գործող օրենքով շահառու են համարվում զոհված զինծառայողների ծնողները, ամուսինը, երեխաները:

Պատգամավորն առաջարկում է ընդլայնել շահառուների ցանկը, եթե զոհված զինծառայողը չունի ծնողներ, ամուսին կամ երեխաներ, ապա այդ դեպքում շահառու կարող են համարվել հարազատ քույրը, եղբայրը, տատը կամ պապը:

Նախագծում առաջարկվում է ամրագրել, որ եթե զինծառայողը գտնվել է փաստական ամուսնության մեջ, սակայն չի ունեցել ամուսնության պետական գրանցում, ապա այն անձը, ում հետ զինծառայողը գտնվել է փաստական ամուսնական հարաբերության մեջ, համատեղ ամուսնական կենցաղ վարելու փաստը հավաստելու մասին տեղեկություններ է ներկայացնում Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ և վերջինիս կողմից հաստատվելու պարագայում համարվում է օրենքի շահառու: Նման տեղեկություններ կարող են հանդիսանալ համատեղ կյանքի լուսանկարները, կենսաբանական երեխաների առկայությունը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից տրված պսակադրության վկայականը, հարազատների, բարեկամների և հարևանների գրավոր հավաստումները և այլ ապացույցներ:

Պատգամավորն ասաց՝ գիտի զոհված կամ անհայտ ճանաչված 16 զինծառայողի, որոնք 18 տարեկան են եղել, ամուսնացած չեն եղել, չեն ունեցել երեխաներ, ծնողներ, ծառայության մեկնելիս ծնողները մահացած են եղել: Ըստ Սարգսյանի՝ անհրաժեշտություն կա օրենքում փոփոխության, որպեսզի նման քաղաքացիների դեպքում փոխհատուցում ստանան հարազատ եղբայրը, քույրը:

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ասաց, որ Կառավարությունը սկզբունքորեն առարկություն չունի, բայց կան որոշակի վերապահումներ, որոշ հարցերում՝ անհամաձայնություններ, ուստի կանեն իրենց առաջարկները: Սարգսյանի խոսքով՝ առաջարկում են նախագծում ամրագրել, որ փաստացի ամուսնության պարագայում փոխհատուցում տրվելու է միայն այն դեպքում, երբ կա համատեղ զավակ: Իսկ քույր- եղբայրների դեպքում վերջիններս կարող են շահառու համարվել միայն այն դեպքում, երբ տվյալ զինծառայողի համար նախկինում փոխհատուցում չի տրվել:

Նախագիծը ստացավ հանձնաժողովի միաձայն հավանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter