
Ինչո՞ւ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում չկա կաշառակերություն
Փորձում եմ մտքերս ժողովել ու գրել շատ հոգեհարազատ բուհի մասին, որի ճակատագրի հանդեպ անտարբեր լինել չեմ կարող: Ցանկանում եմ սկսել այն ձևակերպումից, թե ինչու ԵՊԼՀ-ում չկա կաշառակերություն:
2010թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներն էին, երբ ԵՊԼՀ ուսանողների գնահատականների մուտքագրման և պահպանման էլեկտրոնային համակարգում առեղծվածային դեպքեր էին արձանագրվում, երբ ավելի քան յոթ ուսանողների (նրանց թվում նաև ԵՊԼՀ մագիստրոսական ծրագրերի համակարգման բաժնի կոորդինատորը, ով 2010թ. նոյեմբերից այլևս չի աշխատում բուհում)` գրավոր աշխատանքների և դեկանատներում պահպանվող ամփոփագրերում առկա գնահատականների անհամապատասխանության դեպքեր էին բացահայտվում: Քչերն էին գիտակցում, որ բուհը գտնվում է բախտորոշ վիճակում, մինչդեռ այդ բացահայտումների լույսի ներքո բուհի բարձր և միջին պաշտոններ զբաղեցնող մի շարք անձիք էին ազատվում աշխատանքից:
Հարց էր առաջանում, ինչպես դուրս գալ այդ իրավիճակից և տալ համապատասխան լուծումներ: Այս նպատակով համալսարանի ռեկտորատի 2 նիստերում (05.11.2010 N8 և 26.11.2010 N9) շարունակաբար քննարկվում և լուծումներ էին առաջարկվում: Միայն բուհի ղեկավարի անմիջական մասնակցությամբ և նոր ձևավորված աշխատանքային խմբի տքնաջան աշխատանքների շնորհիվ գնահատականների մուտքագրման և պահպանման արդեն գոյություն ունեցող UNISTUDENT համակարգին կից ստեղծվեց մի նոր էլեկտրոնային համակարգ, որտեղ ուսանողների միջանկյալ և ամփոփիչ քննությունների գնահատկանները մուտքագրվում էին ամբիոններում, իսկ համակարգը արգելափակվում էր 48 ժամվա ընթացքում: Դեկանատների աշխատակիցները հնարավորություն ունեին արտահանել ու տպել գնահատականների ամփոփագրերը` առանց որևէ փոփոխություն կատարելու հնարավորության: Հետևապես, գնահատականների մուտքագրման և պահպանման էլեկտրոնային համակարգը այնքան էր խստացվել, որ դասախոսների կողմից գնահատականների հետագա կողմնակալ փոփոխությունները դրանում դարձել էին անհնար: Միաժամանակ, ռեկտորատի վերոգրյալ նիստերում նաև քննարկման առարկա էին դարձել համալսարանի ամբիոններում տեղակայված տետրերի ու դեկանատներում պահպանվող ուսանողների ամփոփիչ քննությունների ամփոփագրերում զետեղված գնահատականների համապատասխանության ուսումնասիրությունները: Ներհամալսարանական այդ գործընթացի արդյունքում թվով յոթ ուսանողներ կրկին անգամ հանձնեցին այն բոլոր առարկաների գրավոր աշխատանքները, որոնց գնահատականների փոփոխություններ «դառը» փորձը` ԵՊԼՀ ռեկտորատը 24.02.2012թ. N22 նիստի որոշմամբ հաստատեց «Ուսանողների գիտելիքների ստուգման ժամանակացույցի, արդյունքների ամրագրման և բողոքարկման կարգը», որը կաշառակերությունը բուհում մոտեցրեց զրոյական մակարդակին:
Բուհի շուրջ վերջին շաբաթներին ծավալվող իրադարձությունները և բարի համբավը վարկաբեկող գործընթացները անտեսում են բուհի ղեկավարության և համապատասխան ստորաբաժանումների կողմից վերջին տարիներին թափանցիկություն և անաչառություն ապահովելու նպատակով կատարած ահռելի աշխատանքը:
Ներկայացնելով այս ամենը, ցանկանում եմ նշել, որ կաշառակերության բացակայությունը բուհում ոչ թե բուհի ղեկավարի կողմից ստեղծված «վախի մթնոլորտի», այլ նույն ղեկավարի կողմից համակարգի կանոնակարգման և խստացման արդյունքն է: Բնավ էլ, այն դուր չի գալիս շատերին:
Հոդվածիս վերջին հատվածում կուզենայի որոշակի անդրադարձ կատարել տարբեր լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին, այդ թվում ս/թ մայիսի 4-ին Հայելի.am-ին տրված ԵՊԼՀ պրոֆեսոր Նատալյա Խաչատրյանի հարցազրույցին և նշել մի շատ կարևոր հանգամանք, որ տարիներ առաջ տիկին Խաչատրյանը ոչ պաշտոնական հավաքույթների և հանդիպումների ժամանակ, սակայն, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ «Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտը» «Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» վերանվանվելու կապակցությամբ և ընդհանուր առմամբ ասում էր, որ համալսարանի շենքի առջև տեղակայված Բրյուսովի արձանի փոխարեն Ս. Զոլյանի արձանը պետք է տեղադրել: Այդ լուրերն անգամ ուսանողների շրջանում էլ էին պտտվում, ինքս այդ ժամանակ դեռ ուսանող էի: Հարց է առաջանում, ինչն է դրդել հարցազրույց տված պրոֆեսորին այդպիսի կտրուկ փոփոխությունների գնալ, կարծես թե, երկու պարագայում տարբեր մարդիկ լինեն:
Կամ ս/թ մայիսի 3-ին Aravot.am-ին տված գերմանացի պրոֆեսոր Մաթիաս Ֆրիցի գնահատականի կապակցությամբ կարող եմ ասել, որ որպես պրոֆեսոր կամ ամբիոնի վարիչ, ով աշխատում էր ԵՊԼՀ-ում շուրջ 4 տարի, ընդհանուր առմամբ աչքի չէր ընկնում նախաձեռնողականությամբ: Ի վերջո, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության դեսպանատունը ՀՀ-ում առաջարկեց նոր պրոֆեսորի թեկնածությունը, ով դասավանդելու է ԵՊԼՀ-ում 2012-2013 ուսումնական տարվանից:
Եվ վերջապես, ս/թ մայիսի 3-ին ԵՊԼՀ 178 դասախոսների և ուսանողների նամակը, ուղղված ՀՀ նախագահին, վարչապետին, ԿԳ նախարարին, վկայում է, որ մարդիկ ուզում են արտահայտել իրենց մտքերը բուհում տիրող իրավիճակի և Սուրեն Զոլյանի, որպես ռեկտոր, գործունեության մասին: Սակայն հատկանշական են այն դեպքերը, թե ինչպես են 11 էջ զբաղեցնող ստորագրությունները հավաքագրվել. երբ բուհից վաղուց ազատված մարդկանց զանգահարել և հրավիրել են ստորագրելու (այդ պարագայում նամակի վերջում հարկ էր նշել ԵՊԼՀ նախկին և ներկա դասախոսներ) կամ սպիտակ А4 ձևաչափի թղթերի վրա առանց ստորագրահավաքի տեքստը ամրագրելու դասախոսներին առաջարկել են գրել իրենց անուն-ազգանունները և ստորագրել (իհարկե, հարց է ծագում ինչպիսի տեքստ են բանավոր ներկայացրել դասախոսներից յուրաքանչյուրին, ով ստորագրել է):
Որպես գրածիս վերջաբան հավելեմ. իհարկե, բուհում տիրող ներկայիս իրավիճակը և դրա շուրջ զարգացումները կարելի է ներկայացնել տարբեր տեսանկյուններից, սակայն, ցանկացած քայլ ձեռնարկելիս, յուրաքանչյուրին հարկ է կանգ առնել ու մտածել դրա հետևանքների մասին:
Գոհար Ավետիսյան,
ԵՊԼՀ ուսումնական գծով պրոռեկտորի ժ/պ,
ԵՊԼՀ դասախոս և շրջանավարտ
Մեկնաբանություններ (31)
Մեկնաբանել