ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում գնահատվել է Թոլորսի, Սպանդարյանի և Տաթևի ջրամբարների պատվարների սեյսմիկ վտանգն ու ռիսկը
Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատողները իրականացրել են հետազոտություններ՝ գնահատելու համար Սյունիքի մարզի Որոտան գետի վրա կառուցված Որոտան հիդրոկասկադի՝ Սպանդարյանի, Տաթևի և Թոլորսի ջրամբարների պատվարների սեյսմիկ վտանգն ու ռիսկը։
ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայության հաղորդագրության համաձայն՝ աշխատանքներն իրականացվել են «Որոտան կասկադի տարածքի բեկվածքների բնութագրում և սեյսմիկ վտանգների գնահատում» ծրագրի շրջանակներում՝ «Գեոռիսկ գիտահետազոտական ընկերություն» ՓԲԸ-ի և «Հայկական սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի ասոցիացիա»-ի հետ համատեղ, «Քոնթուր Գլոբալ» ՓԲԸ-ի պատվերով: Հետազոտական աշխատանքները ղեկավարել է երկրաբանական գիտությունների թեկնածու Միքայել Գևորգյանը:
Առանձնացվել և ուսումնասիրվել են Որոտան կասկադի տարածքի տեկտոնական կառուցվածքը, խզվածքները, կառուցվել է ուսումնասիրվող գոտու սեյսմոտեկտոնական մոդելը, գնահատվել է խզվածքների հարուցած երկրաշարժի առավելագույն մագնիտուդը։ Այստեղ է հատում Հայաստանի ամենաակտիվ՝ Փամբակ-Սևան-Սյունիք խզվածքի հարավային սեգմենտը, որը ենթադրում է սեյսմիկ վտանգի բարձր մակարդակ, և որի գնահատումն ու դրանից բխող սեյսմիկ ռիսկի նվազեցումը համարվում է խիստ կարևոր և արդիական։
«Իրականացված աշխատանքն ամբողջությամբ կրում է կիրառական և հիմնարար նշանակություն։ Հայաստանի և հարակից տարածքներն ամբողջությամբ գտնվում են սեյսմիկ ակտիվ գոտում, ինչը ենթադրում է սեյսմիկ վտանգի բարձր մակարդակ։ Իսկ երբ դա վերաբերում է ջրամբարների պատվարների սեյսմիկ կայունությանը, վտանգի մակարդակի գնահատումն առավել կարևոր և անհրաժեշտ է դառնում։
Վտանգով պայմանավորված՝ սեյսմիկ ռիսկի գնահատումն ու նվազեցումն արդիական և հեռանկարային են համարվում ամբողջ Հանրապետության տարածքում ջրամբարների պատվարների կայունությունը պահպանելու տեսանկյունից»,- ասաց Միքայել Գևորգյանը։
Հետազոտական աշխատանքների ընթացքին ներգրավված են եղել երիտասարդ գիտնականներ, ովքեր մասնակցել են դաշտային հետազոտություններին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել