HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր հայտ է ներկայացվել Արջիձորում ոսկի և գունագեղ քարեր որոնելու համար

«ԱՎ մայնինգ» ՍՊԸ-ն հայտ է ներկայացրել Լոռու մարզի Արջիձորի հանքային դաշտում՝ Սնկաձորի գունագեղ քարերի և ոսկու երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար։ Գլխավոր նպատակը ոսկու պարունակությունը պարզելն է։ Սակայն ընկերության համար տարածքը, բացի ոսկուց, հետաքրքիր է նաև երկաթի, նիկելի, կոբալտի, պլատինի խմբի մետաղների, մարմարների և քրիզոթիլ ազբեստի հանքայնացումների տեսանկյունից: Որոնողական աշխատանքների ընթացքում Արջաձորի միջին հոսանքներում հայտնաբերվել է նաև քվարց։

«ԱՎ մայնինգ» ՍՊԸ-ն գրանցվել է 20214թ․ փետրվարի 17-ին։ Ըստ ներկայացված հայտարարագրի՝ միակ բաժնետերն ու տնօրենը Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում հաշվառված Արթուր Գագիկի Գևորգյանն է։ Արջիձորի հանքային դաշտը գտնվում է Ստեփանավան քաղաքից 23 կմ, իսկ Կաթնաղբյուր գյուղից` 8 կմ դեպի արևմուտք, Արջիձոր և Սնկաձոր գետակների ավազանում, Բազումի լեռնաշղթայի հյուսիսային լանջին: Հայցվող ընդերքի տեղամասը զբաղեցնում է 407.5 հա մակերես: Տեղամասը 13 կմ երկարությամբ գրունտային ճանապարհով կապված է Կաթնաղբյուր գյուղի հետ: Հանքային դաշտի ռելիեֆը լեռնային է, խիստ կտրատված: Տարածքն անտառազուրկ է:

Հիմնական ջրային զարկերակը համարվում է Ձորագետն իր Արջիձոր, Սնկաձոր, Չքնաղ և այլ վտակներով: Արջիձորի ոսկու հանքերևակման աջափնյա մասը տեղադրված է Ձորագետի երկու աջ վտակների` Արջիձորի և Սնկաձորի ակունքներում և տարածվում է մինչև նշված վտակների ստորին հոսանքները` զբաղեցնելով նաև հարակից և շրջափակող ջրբաժանները, իսկ ձախափնյա մասը՝ Ձորագետի ձախ ափում, Սնկաձոր գետակի դիմաց:

Տարածքում կան քաղցրահամ և հանքային ջրերի բազմաթիվ աղբյուրներ, ինչպես նաև՝ Լոռու սարավանդի ստորերկրյա ջրերի ավազանը, որը ծագումնաբանորեն կապված է բազալտային ծածկոցի հետ: Տեղամասի տարածքում Կարմիր գրքերում գրանցված բուսական և կենդանական տեսակներ չկան, սակայն հանքային շրջանում ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակներից հայտնի են վտանգված տեսակներից Ջավախքի թրաշուշանը, սպիտակ ջրաշուշանը, երկարատերև գորտնուկը։

Կաթնաղբյուրի (խոշորացած Ստեփանավան համայնքի կազմում է) վարչական ղեկավար Արթուր Սավթալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս հայտի վերաբերյալ հանրային լսումներ տեղի են ունեցել շուրջ մեկ տարի առաջ, և գյուղացիները չեն առարկել, որ ուսումնասիրություններ կատարվեն, քանի որ աշխատատեղեր են խոստացել։

Արթուր Սավթալյանի տեղեկությունների համաձայն՝ երկրաբանական հետազոտությունների տարածքը պետական սեփականության հողեր են՝ արոտավայրեր և այլ հողատարածքներ։ «Փոքր տարիքից եմ հիշում, որ տարածքում երկրաբաններ էին գալիս-գնում, դրանք Ալավերդու հեռագնա արոտներ էին, մենք չենք օգտագործել»,-պատմեց Արթուր Սավթալյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter