HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Սահմանամերձ բնակավայրերին սուբվենցիոն ծրագրերով տրամադրվող համաֆինանսավորման չափը կավելանա

Սահմանամերձ բնակավայրերում պետական բյուջեի համաֆինանսավորման չափերն այսուհետ ավելի շատ կլինեն և կսահմանվեն առանձին կետով, իսկ մանկապարտեզների կառուցման և նորոգման համաֆինանասավորման չափաբաժինը կդառնա 80%։ Որոշումն ընդունվեց Կառավարության հունվարի 13-ի նիստում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով՝ հաշվի են առնվել այն ծրագրերը, որոնց համայնքներն ավելի շատ են դիմել։ Դրանցում Կառավարության աջակցության չափը կմեծանա, կավելանա ոռոգման և խմելու համակարգերի, ինչպես նաև ասֆալտապատման համաֆինանսավորման տոկոսադրույքը։

Անդրադառնալով մանկապարտեզների կառուցմանն ու նորոգմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մանկապարտեզների շինարարությունը Կառավարությունը կհամաֆինանսավորի 70-80%-ով, սահմանամերձում՝ 80%-ի, մյուս համայնքներում՝ 70%-ի չափով, սակայն շենքի պահպանման ծախսերը պետք է ֆինանսավորի համայնքը։

Որոշման նախագծով առաջարկվում է ներառել նաև «Հեռագնա արոտների ճանապարհների բարելավում» ուղությունը։

«Հայաստանում 1 մլն հեկտարից ավելի արոտավայրեր կան, որոնց 80 տոկոսը չի օգտագործվում, հիմանական պատճառը ճանապարհների կամ նորմալ ճանապարհների բացակայությունն է։ Խրախուսում ենք, որպեսզի այս ծրագրով ճանապարհային ցանց ձևավորվի»,- նախագծի քննարկման ժամանակ հայնտեց վարչապետը։

Ըստ որոշման՝ հիմնականում հեռավոր գյուղական բնակավայրերում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում գերարագ ինտերնետ ունենալու նպատակով Կառավարությունը կհամաֆինանսավորի օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը։

«Հաշվի առնելով, որ սուբվենցիայի ծրագրով որպես բացառություն դիտարկվում են բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության տարրերի վերանորոգման, այդ թվում՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ ծրագրերը, առաջարկվում է նշված ծրագրերի իրականացման համար պարտադիր պահանջ սահամանել բազմաբնակարան շենքերի բնակիչների մասնակցությունը ծրագրի ընդհանուր արժեքի 5-10% համաֆինանսավորման միջոցով։ Այսինքն, ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել պետության, համայնքի, բնակիչների և հնարավոր դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին»,- ասված է որոշման նախագծում։

Ըստ հիմնավորման՝ նշված մոտեցումը հնարավորություն կտա ավելի բարձրացնել բնակիչների պատասխանատվությունը բազմաբնակարան շենքերի պահպանման մասով։ 

Փոքր համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ապահովման նպատակով մինչև 25 մլն դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի համար պետբյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կավելանա 10%-ով, ինչպես նաև յուրաքանչյուր ծրագրի համար համայնքային բյուջեների ֆոնդային մասից համաֆինանսավորումը կնվազի մինչև 1,5 մլն դրամ։

Յուրաքանչյուր ծրագրի ավարտից հետո կիրականացվի մշտադիտարկում՝  ի հայտ եկած խնդիրների ու թերությունների բացահայտման և դրանց լուծման նպատակով և ծրագրի շրջանակներում կառուցված, նորոգված և ձեռքբերված գույքի նպատակային օգտագործման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter