HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դարբինյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը. դատախազություն

Դատախազությունը պատասխանել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի գրառմանն իր նկատմամբ հարուցված գործի մասին։ Այն ներկայացնում ենք ստորեւ։

Նկատի ունենալով, որ ՌԴ դատախազության դիմումի համաձայն ՀՀ դատախազության կողմից համալսարանի գործունեության հետ կապված քրեական գործի հարուցման վերաբերյալ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի կողմից այսօր արված ֆեյսբուքյան գրառումը որոշակի տարընթերցումների տեղիք կարող է տալ, հարկ եմ համարում սույնով արձագանքել դրան:

Նախ՝ ինչ վերաբերում է քրեական գործի հարուցման անհիմն լինելու հանգամանքին, ապա պետք է նշեմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազության միջոցով ստացել է ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության՝ 2021թ. կատարված ստուգման և Հայ-ռուսատան համալսարանի գորունեության առանձին ոլորտների պլանային, համալիր, խառը ստուգման վերաբերյալ նյութեր, որոնցում առկա են տվյալներ նշված համալսարանում 2020-2021թթ. ընթացքում թույլ տրված ենթադրյալ բյուջետային և գնումների մասին օրենսդրության խախտումների, բյուջետային միջոցների առերևույթ ոչ արդյունավետ օգտագործման, աշխատավարձերի չհիմնավորված վճարման (վատնման կամ յուրացման), հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների ենթադրյալ խեղաթյուրման հանգամանքներին:

Նկատի ունենալով, որ նյութերը պարունակել են ենթադրյալ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ, որոնք հնարավոր է պարզել միայն քրեական գործի շրջանակներում իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ,  2022թ. հունվարի 7-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, ընդունվել վարույթ և սկսվել է նախաքննություն:

Այս իմաստով առկա է եղել քրեական գործ հարուցելու ինչպես օրինական առիթը, այնպես էլ հիմքերը, հետևաբար հարուցման անհիմն լինելու վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Իրականացվելու է, բնականաբար, լիարժեք օբյեկտիվ քննություն, որոնց արդյունքներից, ձեռք բերվելիք ինչպես արդարացնող, այնպես էլ հանցավոր արարքները հաստատող ապացույցների գնահատման արդյունքում միայն կարող է կայացվել կամ քրեական հետապնդում հարուցելու, կամ էլ արդարացնող հիմքով քրեական գործի վարույթը կարճելու որոշում:

Այսինքն Դատախազությունը, վստահ եմ՝ նաև վարույթն իրականացնող մարմինը, առաջնորդվելու են բացառապես ձեռք բերվելիք ապացույցներով, այլ ոչ թե մեղադրելու կանխավարկածով կամ ինչպես գրառման մեջ է ձևակերպվել՝ «կոռուպցիա կարելու» կանխատրամադրվածությամբ: Առավելևս, երբ խոսքը վերաբերում է հանրապետությունում բավականին բարձր հեղինակություն ունեցող և բարձրագույն կրթական համակարգում իր ծանրակշիռ տեղն ունեցող ԲՈՒՀ-ին և նրա հեղինակությանը:

Հենց նշածս իրողությունները, համալսարանի հեղինակությանը չհարվածելու հանգամանքն է պատճառը, որ դատախազությունը քրեական գործի հարուցման վերաբերյալ հատուկ հաղորդագրությամբ հանդես չի եկել: Եվ ինչպես նախորդ բոլոր դեպքերում, մեր կողմից դրա մասին հրապարակավ տեղեկատվություն ներկայացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է բացառապես արդեն իսկ հանրայնացված և որոշակի լույսի ներքո մատուցվող տեղեկություններին ու մեկնաբանություններին արձագանքելու անհրաժեշտությամբ:

Հայ-ռուսական համալսարանը միակ ուսումնական հաստատությունը չէ, որի գործունեության հետ կապված խնդիրների բերումով քրեական գործեր են հարուցվում և քննվում: Դրանց արդյունքում եղել են ինչպես արդարացնող հիմքերով քրեական գործերի վարույթները կարճելու որոշումներ, այնպես էլ՝ քրեական հետապնդումներ:

Այսինքն որևէ հիմք չկա և չի կարող լինել իրականացվող քննության օբյեկտիվությանը չվստահելու համար:

Ավելին. հենց քրեական գործի շրջանակներում է, որ Հայ-ռուսական համալսարանի հարգարժան ռեկտորը կարող է վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցությամբ համապատասխան փաստարկներ ներկայացնելով հիմնավորել, որ ՀՀ իրավասու մարմիններին ուղարկված նյութերում արձանագրված խախտումներն անհիմն են:

Իսկ քրեական գործով վարույթը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն է իրականացնում ոչ թե  «իրավիճակին առավել սարսափ հաղորդելու նպատակով», ինչպես ձևակերպել է պարոն Դարբինյանը, այլ այն պատճառով, որ կոռուպցիոն հոդվածներով քրեական գործերը քննող իրավասու նախաքննական մարմինը մեր օրենսդրությամբ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն է:  

Հետևաբար հորդորում եմ ձեռնպահ մնալ քրեական գործի շուրջ ավելորդ կրքեր բորբոքելուն ուղղված  գործողություններից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter