31-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ գարեջրատանը խուլիգանություն կատարելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է, որ բացահայտվել է գարեջրատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիագանության դեպքը:
Նախնական տվյալներով 2022թ. հունվարի 11-ին` ժամը 23:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի ձեռք բերված և իր մոտ պահվող զենքով, իր անձի առավելությունն ընդգծելու և իր կամքը շրջապատին հակադրելու մոլուցքով տարված, Երևան քաղաքի Ա.Վշտունու փողոցում գործող գարեջրատանը կրակոց է արձակել նույն գարեջրատան աշխատակցուհու ուղղությամբ՝ վերջինիս ծնկի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք, խաթարելով գարեջրատան բնականոն աշխատանքը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Աշխատակցուհին ճանաչվել է տուժող:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են 7X62 մմ տրամաչափի պարկուճ, գնդակի պատյան, ինչպես նաև՝ արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ, նշանակվել են դատաբաժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արագածոտնի մարզի՝ 1990թ. ծնված բնակիչ է: Վերջինս ձերբակալվել է՝ զենքի գործադրմամբ խուլիագանություն կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել