HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատավորներին գործուղելը միշտ չէ, որ դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակ ունի

Բարձրագույն դատական խորհուրդը պարբերաբար դատավորներ է գործուղում մարզեր դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով: Այդ դատավորները տարիներով մնում են գործուղված դատարաններում, քանի որ նրանց գործուղման ժամկետները շարունակաբար երկարացվում են:

Հիմնականում գործուղում են նորանշանակ դատավորներին: Գործուղված դատավորները թե քանի գործ են անավարտ թողնում, եւ արդյոք չի խախտվում նրանց վարույթում գտնվող գործերի քննության ողջամիտ ժամկետը, ո’չ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ), ո’չ էլ դատարանների նախագահների գերակշիռ մասը պատասխան չունի: «Վիճակագրություն չենք վարում»,- նախադասությունը դարձել է ԲԴԽ-ի համար շաբլոնային պատասխան գրեթե բոլոր իրավիճակներում:

Որոշ դատարանների ղեկավարներ «Հետք»-ին խորհուրդ են տվել տեղեկատվությունը փնտրել «Դատալեքս» տեղեկատվական համակարգում: Մյուսներն ընդհանրապես չեն պատասխանել գրությանը (օրինակ՝ Արմավիրի մարզի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանները): Մինչդեռ, «Դատալեքս»-ը դատավորների ծանրաբեռնվածության մասին մոտավոր պատկերացում կարող է տալ, քանի որ համակարգը կանոնավոր չի աշխատում և շաբաթներով թարմացումներ չեն արվում:

Դատարանները երբեմն այնքան են շտապում մերժել տեղեկատվության տրամադրումը, որ պատասխանը վերածվում է զավեշտի:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին հարցրել ենք, թե դատավոր Հասմիկ Ջալալյանն իր վարույթում քանի՞ գործ է ունեցել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան գործուղվելուց առաջ և այլն: Դատարանի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է, թե «հայցվող տեղեկատվությունը բավականին ծավալուն է և աշխատատար, ու երկար ժամանակ կպահանջվի դրա ամբողջական վերանայման համար»: Խորհուրդ են տվել տեղեկատվությունը ստանալ «Դատալեքս»-ից:

Նշենք, որ Հասմիկ Ջալալյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր նշանակվելու օրից մինչ այժմ իր հիմնական աշխատավայրում չի գործել: Արդեն երկու տարի է, ինչ նա գործուղվել է Կոտայքի մարզի դատարան: Հետևաբար, Շիրակի մարզի դատարանում 0 գործ ունեցող դատավորի գործերի վերաբերյալ տեղեկատվությունը չէր կարող լինել «բավականին ծավալուն և աշխատատար»:

«Հետքն» ուսումնասիրել է, թե 2019-2021թթ.-ի ընթացքում որ դատարաններից են դատավորներ գործուղվել այլ դատարաններ: Պարզվում է՝ դատավորներ կան, որոնք ընդհանրապես հիմնական աշխատավայրում գործունեություն չեն իրականացրել: Նշանակվել են, ձևական լրացրել թափուր տեղը, սակայն գործունեություն իրականացրել են այլ մարզի դատարանում:

Ռուբինա Աթոյանը հանրապետության նախագահի 2018թ. դեկտեմբերի 26-ի հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և ԲԴԽ-ի որոշումով 2019թ. մարտի 13-ից 6 ամիս ժամկետով  գործուղվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: Գործուղման ժամկետը լրանալուց հետո ՀՀ նախագահի մեկ այլ հրամանով 2019թ. սեպտեմբերի 18-ին նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Սյունիքում պաշտոնավարման 9 ամիսներից 6-ի ընթացքում եղել է գործուղման մեջ, իսկ մնացած 3 ամիսներին Ռուբինա Աթոյանը գեթ մեկ օր գործունեություն չի իրականացրել Սյունիքի մարզում՝ ծանրաբեռնվածությունը թողնելով մյուս դատավորներին:

«Անհնար է գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում գործերն ամբողջությամբ ավարտին հասցնել»

Ջոն Հայրապետյանը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել 2019թ. նոյեմբերի 22-ին: Պաշտոնավարումից 11 ամիս անց՝ 2020թ. հոկտեմբերի 20-ին, Ջ. Հայրապետյանը նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, սակայն մինչ օրս ոչ մի անգամ Երևանում գործունեություն չի իրականացրել:

Նշանակումից երկու օր հետո ԲԴԽ-ն նոր որոշում է կայացրել, որով Ջոն Հայրապետյանը, հոկտեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, գործուղվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` շարունակելով քննել այդ դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը: Այս ընթացքում չորս անգամ երկարացվել է դատավորի գործուղման ժամկետը և ԲԴԽ-ի վերջին որոշումով Երևանի դատավորը Շիրակի մարզում կմնա մինչև 2022թ. հունվարի 22-ը:

«Դատալեքս»-ում առկա տեղեկատվության համաձայն, 2020թ. հոկտեմբերի 20-ից մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 24-ը, այսինքն՝ գործուղման ժամկետի սկզբից Ջոն Հայրապետյանին մակագրվել է 97 քրեական գործ:

Դատավորը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իր գործուղման ժամկետը երկարացվում է, որպեսզի հնարավորինս շատ գործ հասցնի ավարտել:

«Պատճառն այն է, որ Շիրակի մարզում փաստացի հիմնական դատավոր չկա: Նոյեմբեր ամսին նշանակվել է մինչդատականի դատավորը, որը քրեական գործեր չի քննում, և ունենք 4 դատավորի թափուր հաստիք: Ես և Նարեկ Բեգլարյանը գործուղված դատավորներ ենք: Մեզ այստեղ պահում են այնքան ժամանակ, մինչև նոր դատավոր նշանակվի: Իմ գործուղման ժամկետը մինչև հունվար երկարացնելու նպատակն այն է, որ արդեն երկու դատավորի հաստիք հաստատվել է: Ենթադրվում է, որ մեկը նշանակվելու է Շիրակի մարզում և ես արդեն կվերադառնամ Երևան՝ հիմնական աշխատավայր»,-ասում է Ջոն Հայրապետյանը:

Անդրադառնալով գործուղման ժամկետում իր վարույթում եղած գործերը «զրոյացնելուն», դատավորը նշեց, որ դա անհնար է: Ըստ նրա՝ օրենքի ուժով գործուղված դատավորին նոր գործեր մակագրելու համակարգը փակվում է գործուղման ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ:

«Դա շատ կարճ ժամկետ է: Իմ կարծիքով, երբ անձն աշխատում է, հետո գործուղում են այլ դատարան, գործուղման ժամանակ պետք է փակվի նոր գործեր մակագրելու համակարգը, որպեսզի նորերը չստանա և կարողանա եղած գործերն ավարտել»,- ավելացնում է Ջ. Հայրապետյանը:

Դատավորը նշեց, որ որոշ գործեր «համաձայնեցման» վարույթով են քննվում և 1-2 նիստով վերջնական դատական ակտ է կայացվում, սակայն եթե նորմալ գործընթացով քննի գործերը, նույնիսկ երեք ամիսը բավարար չէ գործն ավարտին հասցնելու համար:

Ջոն Հայրապետյանն անխուսափելի է համարում որոշ գործեր կիսատ թողնելը և Երևան վերադառնալու դեպքում դրանք այլ դատավորներին մակագրելը: Դատավորի խոսքերով՝ 2019 թ.-ին, երբ գործուղվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, իրեն են փոխանցվել այլ դատավորի գործուղման ժամկետի ավարտով պայմանավորված և կիսատ մնացած՝ 2015-2018 թվականների գործեր:

Ջոն Հայրապետյանն ասաց, որ այս պահին իր վարույթում կա մոտ 40 քրեական գործ, որոնց կեսից ավելին չի կարողանա ավարտել մինչև գործուղման ժամկետի ավարտը՝ 2022թ. հունվարի 22-ը:

Ադրինե Ղուկասյան՝ արտոնյալ դատավորը

Ադրինե Ղուկասյանը հանրապետության նախագահի 2018թ. հոկտեմբերի 4-ի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Օրեր անց, հոկտեմբերի 29-ին ԲԴԽ-ի որոշումով դատավոր Ղուկասյանը 4 ամիս ժամկետով գործուղվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այնուհետև, հաշվի առնելով չավարտած գործերը, գործուղման ժամկետը երկարացվել է մինչև մարտի 28-ը:

Մինչև գործուղվելը դատավոր Ղուկասյանին որևէ գործ չի մակագրվել: Այսինքն, նշանակման պահին հստակ գիտեին, որ նորանշանակ դատավորն այլ մարզ է գործուղվելու: Իսկ 2018թ. հոկտեմբերի 29-ից մինչև 2019թ. մարտի 28-ը ընկած ժամանակահատվածում (5 ամիս) Ադրինե Ղուկասյանին, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հասանելի տեղեկատվության, մակագրվել է ընդամենը 8 գործ: Դրանք բարդ գործեր չեն եղել, որոնցից 5-ով դատարանը կայացրել է վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում, 2 գործով կայացրել է մեղադրական դատավճիռ, իսկ մեկ գործի (ԱՎԴ1/0083/01/18) քննությունը չի ավարտել, քանի որ լրացել է գործուղման ժամկետը:

Ստացվում է, որ դատավորը գործուղվել է մարզ՝ ամսվա ընթացքում մեկուկես գործ քննելու համար, որով էլ պետք է «թեթևացներ» դատարանի ծանրաբեռնվածությունը:

Ադրինե Ղուկասյանը ԲԴԽ-ի առաջարկությամբ 2020թ. հոկտեմբերի 28-ին նշանակվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Սակայն, նշանակման հաջորդ օրը, ԲԴԽ-ի որոշմամբ, 2020թ. հոկտեմբերի 30-ից 2021թ. ապրիլի 30-ը ներառյալ, գործուղվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

ԲԴԽ-ի մեկ այլ որոշումով Ա. Ղուկասյանի գործուղման ժամկետը երկարացվել է 2021թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 30-ը ներառյալ: Այդ ընթացքում դատավոր Ղուկասյանի անունը հանվել է գործերի բաշխման ցանկից՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել վարույթում գտնվող գործերի քննությունը:

Շիրակի մարզում գտնվելու 2 տարի 5 ամսվա ընթացքում, որը հավասարազոր է 584 աշխատանքային օրվան, ըստ «Դատալեքս» տեղեկատվական պորտալի, Ադրինե Ղուկասյանին մակագրվել է 118 քրեական գործ: Այլ կերպ ասած, դատավոր Ա. Ղուկասյանին 5 աշխատանքային օրվա համար բաժին է հասել ընդամենը 1 քրեական գործ:

Ստացվում է, որ Ադրինե Ղուկասյանը ԲԴԽ-ի համար եղել է «արտոնյալ» դատավորներից: Դրա պատճառներից մեկն էլ կարող է լինել այն, որ դատավոր Ղուկասյանը Վարչական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Մելքոնյանի կինն է:

Գործուղվածի կարգավիճակը «հարմարավետ» է դատավոր Հասմիկ Ջալալյանի համար  

Հասմիկ Ջալալյանը նախագահ Արմեն Սարգսյանի 2019թ. դեկտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Հ. Ջալալյանը քաղաքացիական գործեր է քննում: Դատավոր նշանակվելու հաջորդ օրը, դեկտեմբերի 26-ին, ԲԴԽ-ն որոշել է Հասմիկ Ջալալյանին 6 ամիս ժամկետով գործուղել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դրանից հետո ԲԴԽ-ն ևս երեք (ԲԴԽ-41-Ո-98, ԲԴԽ-83-Ո-187ԲԴԽ-46-Ո-97) որոշումներով դատավոր Հասմիկ Ջալալյանի գործուղման ժամկետը երկարացրել է մինչև 2022թ. հունվարի 13-ը:

Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ գործուղվածի կարգավիճակը «հարմարավետ» է դատավոր Հասմիկ Ջալալյանի համար:

2019թ. դեկտեմբերի 26-ից մինչև այս տարվա դեկտեմբերի 20-ը, ինչը հավասար է 727 աշխատանքային օրվա, Հ. Ջալալյանը գործուղված է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այդ ընթացքում, ըստ «Դատալեքս»-ի, նրան մակագրվել է 4962 գործ և 3648 վճարման կարգադրություն: Փաստացի՝ օրական միջինը 12 գործ:

Մակագրված քաղաքացիական գործերի մեծ մասը պարզեցված վարույթի գործեր են, որոնք լուծվում են առանց դատական նիստ հրավիրելու: Այլ կերպ ասած, գրավոր փաստաթղթերի հիման վրա դատավոր Հ. Ջալալյանը դատական ակտեր է կայացնում աշխատասենյակում՝ առանց դահլիճ մտնելու: Նմանատիպ հայցադիմումների ճնշող մեծամասնությունը, եթե ոչ ամբողջությամբ, բավարարվում են: Փաստացի, դատավորը կայացնում է «շաբլոնային» վճիռներ՝ փոխելով միայն կողմերի անուններն ու պայմանագրային տվյալները:

Նույն կերպ վճիռներ կայացվում են վճարման կարգադրությունների դեպքում:

Այսպես, Հասմիկ Ջալալյանի վարույթում գտնվող 4962 գործից 4450-ը քննվել կամ ներկայումս քննվում է պարզեցված վարույթով, որից 3273-ով հայցվորը եղել է բանկը, 510-ով՝ վարկային կազմակերպությունը: 496 գործով դատարան դիմել են հեռախոսային կապի օպերատորները: Դատավորի վարույթում 82 գործ քննվել կամ ներկայումս էլ քննվում է կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների հայցապահանջով, իսկ 85-ը՝ ապահովագրական ընկերությունների:

Մնացած 512 գործերը ևս առանձնակի բարդություն չեն ներկայացնում: Դրանք վերաբերում են ամուսնալուծությանը, ալիմենտի բռնագանձմանը կամ երեխաների տեսակցությանը, ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչմանը և այլն:

Նշենք, որ 2020թ.  դեկտեմբերի 9-ին, ԲԴԽ-ն որոշել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ  Աննա Արզումանյանի, Արման Օհանյանի, Ազատ Դունամալյանի և Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հասմիկ Ջալալյանի անունները, 2021թ. դեկտեմբերի 10-13-ը ներառյալ, հանել է գործերի բաշխման ցանկից:

Ինչպես այլ դեպքերում, ԲԴԽ-ն այս անգամ ևս չհիմնավորված որոշում է կայացրել՝ նշելով. «...դատավորների վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը»: Ստացվում է, որ վեճ չառաջացնող և պարզեցված վարույթով նիստերը Հասմիկ Ջալալյանի համար «առանձնակի բարդ» գործեր են:

Նշենք, որ Հասմիկ Ջալալյանի ամուսինը Հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ է եղել:

Ինֆոգրաֆիկաները՝ Սամսոն Մարտիրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter