HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Պառավաքարում կյանքը «պառավել է»

Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը բնակավայրի անվանումը ստուգաբանում է այսպես. հնում թուրքերը հարձակվել են գյուղի վրա, տեղացի մի պառավ համագյուղացիներին իմաց է տվել այդ հարձակման մասին, թուրքերն էլ խիզախ պառավին ցած են նետել գյուղի տարածքում գտնվող սարից, որն այդ ժամանակից կոչվում է Պառավաքար:

Պառավաքարում կյանքը «պառավել է». վիճակը մտահոգիչ է, երիտասարդները գաղթում են Ռուսաստան եւ եվրոպական երկրներ: Այս տարի սեփականաշորհված 3 հա հողերից դրանց տերերը հրաժարվել են: Խորհրդային տարիներին տեղի միջնակարգ դպրոցն ուներ 730 աշակերտ, հիմա կրթօջախում եռակի պակաս` 250 երեխա կա: Պառավաքարցիներն ասում են, որ արտագաղթն ավելի մեծ կլիներ, եթե գյուղացիները հեռանալու հնարավորություն ունենային: Գյուղը սահմանակցում է Ադրբեջանի Ղազախի, Աղստաֆայի եւ Թովուզի շրջաններին: Պառավաքարի լավագույն հողերը աղեղի նման ձգված են սահմանի երկայնքով: Ադրբեջանցիները մտել են հայկական տարածք եւ մշակում են պառավաքարցիների 1300 հա հողերը: Դրանց մի մասը` ավելի քան 300 հա, խորհրդային տարիներին խաղողի այգիներ են եղել: Ադրբեջանցիները պառավաքարցիների խաղողի այգիները քանդել եւ այդտեղ ցորեն են մշակում:

Պառավաքարը ոռոգման եւ խմելու ջրի խնդիրներ ունի: Հախում գետից ոռոգման ջրանցքով ջուր է տրվում 3 համայնքի` Պառավաքարին, Վերին Ծաղկավանին եւՎարգավանին: Ամռանը, երբ դրա խիստ կարիքը կա, ոռոգման ջուրը չի հերիքում: «Ընդամենը 4 հա ծխախոտ ենք մշակում, 15 հա աշնանացան, մնացած 300 հա վարելահողն անմշակ է մնացել»,- ասում է համայնքը 2002-ից ղեկավարող Ռոլանդ Մարգարյանը: Գյուղի եկամտի հիմնական աղբյուրը 97 հա խաղողի այգին է:

«Սերմացու չկա, վառելանյութը թանկ է, գյուղտեխնիկան` հին ու մաշված»,- գյուղատնտեսության խնդիրներն է ներկայացնում գյուղապետարանի հաշվապահ Գագիկ Ղարաբաղցյանը: 1930 բնակիչ ունեցող Պառավաքարում ընդամենը 360 կով կա, խոզ պահողները քիչ են: «Մի պարկ, 50 կգ ցորենի թեփը (ցորենն աղալուց հետո պոկված կճեպը) 4000 դրամ է, խոզի մսի կգ-ը` 2000: Խոզ պահելը ձեռնտու չէ»,-ասում է սահմանամերձ համայնքի ավագանու անդամ Արմեն Մարդանյանը: Պառավաքարում թերահավատորեն են վերաբերվում գյուղացիական կոոպերատիվների ստեղծմանը, դրանց միջոցով կաթի ընդունման կետերի գործարկմանը` նշելով, որ մի քանի տարի առաջ Վարագավան, Թովուզ (Տավուշ), Նավուր եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում բացված կաթի ընդունման կետերն անգործության են մատնված:

Համայնքի այս տարվա բյուջեն 32 մլն 928 հազար դրամ է, որից 600 հազար դրամը անասնաբույժի աշխատավարձն է: Այդ 32 մլն-ից 18 մլն 856 հազարը պետբյուջեից լրավճարն է: Պառավաքարում քիչ գործ չի արվել խմելու ջրի մատակարարման բարելավման համար: «Վերջին տարիներին «Վորլդ վիժն», «Շեն», GTZ (Գերմանական տեխնիկական աջակցություն) կազմակերպությունների միջոցով խմելու ջրագծեր ենք անցկացրել»,- ասում է համայնքի ղեկավար Ռ. Մարգարյանը: Սակայն գյուղի խմելու ջրի մատակարարումն էապես չի բարելավվել. համայնքն օրումեջ, ժամ-ժամուկես ջուր է ստանում:

Հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին եւ դրանից հետո 21 զոհ տված սահմանամերձ համայնքի ղեկավարը գնահատում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աշխատանքը. «9 տարի գյուղապետ եմ աշխատում, 5 անգամ մեր գյուղ է եկել, գյուղում տեղակայված զինվորական ստորաբաժանման համար բնական գազ են անցկացրել, որից Պառավաքարի մի թաղն է օգտվում եւ զինվորականները: Գյուղի տարածքում 800 մ ասֆալտապատում են արել, նախարարը մեր դպրոցին համակարգիչ է նվիրել, զոհված ազատամարտիկներից մեկի ընտանիքին տուն գնելու համար պաշտպանության նախարարությունը գումար է հատկացրել, ամեն տարի զոհված ազատամարտիկների ընտանիքներին 70-100 հազար դրամ աջակցություն է ցուցաբերում»:

Պետբյուջեի ֆինանսավորմամբ համայնքի ճանապարհներն ասֆալտապատվել են, անցյալ տարի ավարտվել է միջնակարգ դպրոցի վերանորոգման եւ մարզադահլիճի կառուցման ծրագիրը: Այս ծրագրերի հաստատմանը եւ ֆինանսավորմանը մասնակցություն ունի ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, ով գյուղապետ Ռ. Մարգարյանի քենակալն է:

«Նա ոչ միայն իմ, այլեւ ողջ Պառավաքարի բաջանաղն է»,- կատակով ասում է Ռոլանդ Մարգարյանը` նկատի ունենալով Գագիկ Մելիքյանի աջակցությունը սահմանամերձ գյուղի հիմնահարցերի լուծմանը: Պառավաքարի գյուղապետարանի առաջ ադրբեջանական արկեր են ընկել, վնասված շենքը կարիք ունի նորոգման: Հիմնանորոգման կարիք ունի նաեւ գյուղի մշակույթի կենտրոնը, որը եւս ռմբակոծվել է ադրբեջանական զինուժի կողմից: Այդ հսկա շինության տանիքից անձրեւները եւ ձյունը ներթափանցում են ներս` քայքայելով պատերի որմնանկարները: Մշակույթի կենտրոնի վերանորոգման համար նախատեսված էր 2009 թ. պետբյուջեից 40 մլն դրամ հատկացնել, սակայն ֆինանսական ճգնաժամի պատճառով գումարը չտրամադրվեց: Մշակութային օջախի երկրորդ հարկում պատսպարվել է 44-ամյա Լաուրա Բաղդասարյանի ընտանիքը: Լաուրան 7 երեխայի մայր է, երեք աղջիկներն ամուսնացած են, իսկ 4 երեխաներն (ամենափոքրը` 5 տարեկան տղա) ապրում են վթարային շենքում: Լաուրայի ամուսինը պայմանագրային հիմունքներով զինծառայող է: Բազմանդամ ընտանիքը հնարավորություն չունի գյուղում տուն վարձելու համար 15 հազար դրամ վճարել: Գյուղապետ Ռ. Մարգարյանը մտադիր է պետբյուջեի կամ այլ կազմակերպության ֆինանսավորմամբ առաջիկայում մշակույթի տունը վերանորոգել: Շենքի վերանորոգումից հետո Լաուրայի ընտանիքը պետք է լքի այն: Պառավաքարցիները տագնապով են սպասում գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին, որովհետեւ ամեն գարուն ադրբեջանցի զինյալները կրակում են դաշտում աշխատող գյուղացիների վրա: «Թե նյութ ես գրելու Պառավաքարի մասին, վերեւներին ասա, որ էժան կարտոշկի սերմացու ուղարկեն սահմանագոտու բնակիչներին»,- ասում է ավագանու անդամ Ա. Մարդանյանը: Մի քանի օր անց գուղնախարարության կողմից 1 կգ-ը 420 դրամով կարտոֆիլ ներկրվեց մարզ: Քանի՞ պառավաքարցի կգնի այդ սերմացուն…

Մեկնաբանություններ (1)

ԱՐՄԵՆ ՀԱՐՈԻԹՅՈԻՆՅԱՆ
ԱՄԵՆ ԻՆՉ ՃԻՇՏ Է ԱՍՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ԴԱ ԱՄԵՆԸ ՉԷ. ՊԱՌԱՎԱՔԱՐԻՆ ՀԱՏՈՒԿ ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈԻՆ Է ՊԵՏՔ ԴԱՐՁՆԵԼ:ԴԱ Է ՎԿԱՅՈԻՄ ՊՆ-Ի ՀԱՃԱԽԱԿԻ ԱՅՑԵԼՈԻԹՅՈԻՆԸ: Ռոլանդ Մարգարյանի նախկին զինակից, և Գագիկ Մելիքյանի /բաջանաղներից/ ԱՐՄԵՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter