HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-ռուսական համալսարանն արձագանքել է Արմեն Դարբինյանի վերաբերյալ դատախազության հայտարարությանը

Հայ-ռուսական համալսարանի իրավաբանական վարչության պետ Սասուն Բաղդասարյանն արձագանքել է բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանի վերաբերյալ դատախազության հայտարարությանը։

Հիշեցնենք՝ Հայ-ռուսական համալասարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հունվարի 13-ին հայտարարել էր, թե իրեն առնչվող շինծու քրեական գործ է հարուցվել կամ ապագայում հարուցվելու է։ Ի պատասխան Դարբինյանին՝ դատախազությունը նշել էր, որ բուհի ռեկտորի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։ 

Արդեն այսօր Հայ-ռուսական համալսարանի իրավաբանական վարչության պետը պատասխանել է դատախազության հայտարաությանը․

«Ի պատասխան ՀՀ Դատախազության 13.01.2022թ. հայտարարությանը`

Անդրադառնալով Ձեր կողմից կատարված Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի գրառման հրապարակային արձագանքին` անհրաժեշտ եմ համարում նշել հետևյալը.

- Քրեական գործ հարուցելու փաստը՝ Ձեր կողմից հիշատակված ՛՛նյութերի՛՛ հիման վրա զուրկ է որևէ տրամաբանությունից, քանզի այդ պաշտոնական նյութերում չկա որևէ անդրադարձ՝ Ձեր հիշատակած ՛՛առերևույթ՛՛ խախտումների կամ հանցանքի մասին:

- Ձեր հաղորդագրությունում նշված ՌԴ Դատախազության կողմից ստացված “նյութերը՛՛ վերաբերում են Հայ-Ռուսական համալսարանում մեկ տարի առաջ կատարված երկու ստուգումներին. ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության կողմից, որի ընթացքում չի արձանագրվել որևէ էական խախտում և արձանագրված աննշան թերությունները Համալսարանի կողմից վերացվել են: Վերջինիս մասին վկայում է ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության համապատասխան վարչության պետ Օ. Մ. Յակիմչուկի 28.09.2021թ. N 07-1710 գրությունը առ այն, որ Համալսարանի կողմից թույլ տրված ոչ էական, աննշան խախտումները ամբողջությամբ վերացված են: Ավելին, որ ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը լիազորված չէ ստուգելու համալսարանների բյուջետային հարաբերությունները, գնումների գործընթացը, հաշվապահական հաշվառման և այլ ածանցյալ ոլորտները: Տվյալ պարագայում մեր համար զարմանալի է թե բարեհաջող ավարտված ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության կողմից դրական եզրակացություն ստացած և ենթադրյալ խախտումներին վերաբերելիություն չունեցող ստուգման նյութերը ինչպես կարող էին հանդիսանալ քրեական գործի հարուցման առիթ:

- Ոչ պակաս զարմանալի է այն հանգամանքը, որ ՌԴ Դատախազությունը նման փաստաթուղթ է ուղարկել ՀՀ Դատախազություն, ինչը առանձին քննության կարիք ունի և հաստատում է ռեկտորի գնահատականը՝ ՛՛գործի՛՛ պատվիրված և հորինված լինելու վերաբերյալ:

- Շատ ավելի հետաքրքիր և երկարատև պատմություն ունի Ձեր կողմից նշված երկրորդ ստուգումը, մասնավորապես ՌԴ գիտության և կրթության նախարարության վերահսկողության և ստուգման դեպարտամենտի կողմից իրականացված պլանային, համալիր, խառը ստուգումը: Տվյալ ստուգումը իրականացվել է նույնպես 2021 թվականին, որի վերջնական ակտը կազմվել  և ուղարկվել է Համալսարանին 12.03.2021թ.: Պետք է նշեմ, որ տվյալ ակտում ևս արձանագրված չէ որևէ լուրջ, էական խախտում, առավել ևս դրանցում չեն կարող լինել քրեորեն հետապնդելի խախտումներ: Ավելին, 29.03.2021 թվականին Համալսարանին է ուղարկվել եզրակացություն, որում ռուսական կողմը կետ առ կետ անդրադարձել է ակտում արձանագրված բոլոր կետերին` գրեթե բոլոր կետերում նշելով խախտումների բացակայության վերաբերյալ: Արդյունքում Համալսարանի և ՌԴ գիտության և կրթության նախարարության վերահսկողության և ստուգման դեպարտամենտի միջև հաստատվել է միջոցառումների պլան, և, պարբերաբար, Համալսարանը նախարարության հետ համաձայնեցված շտկում է նշված պլանում առկա ոչ էական խախտումները: Տվյալ գործընթացը կրում է շարունակական բնույթ, և իրադարձությունների նման զարգացումը անտրամաբանական և անհասկանալի է:

- Հաշվի առնելով վերոշարադրյալը` մեզ համար տարակուսելի են Ձեր գրության մեջ տեղ գտած խախտումների որակումները: Պետք է նշեմ, որ նման, քրեական գործի հարուցման հիմքում հայտնված, իրականության հետ աղերս չունեցող որակումներ և խախտումներ փորձում էին ստուգման ընթացքում հրամցնել և զետեղել վերջնական ակտում հանձնաժողովի որոշ անդամներ, որոնցից մեկը, ի դեպ, կաշառակերության մեղադրանքով կալանավորված է Ռուսաստանի Դաշնությունում:

Ամփոփելով` ևս մեկ անգամ ուզում եմ հրավիրել Ձեր ուշադրությունը այն հանգամանքին, որ գրեթե մեկ տարի առաջ հաջողությամբ ավարտված ստուգումների նյութերի հիման վրա մեկ տարի անց քրեական գործի հարուցումը անիրավաչափ է, և մեր կողմից միանշանակորեն կբողոքարկվի դատական կարգով:

Հարգանքով`

Հայ-Ռուսական համալսարանի Իրավաբանական վարչության պետ,
Իրավաբանական գիտությունների թեկնածու Սասուն Բաղդասարյան»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter