HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թիմը» վարկային միջոցներ է ներգրավում միջազգային ֆինանսական կառույցներից

«Բիլայն» ապրանքանիշի հեռահաղորդակցության օպերատոր «Թիմ» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է դիմել, որպեսզի ստանա բաժնետոմսերը գրավադրելու թույլտվություն։

 «Թիմը» գրություններով դիմել է հանձնաժողովին և հայտնել, որ վարկի վերաֆինանսավորման և «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի («Թիմը» «Տելեկոմ Արմենիա»-ի բաժնետերն է) կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով վերջինիս հետ համատեղ նախաձեռնել են միջազգային ֆինանսական հաստատություններից՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայից (IFC), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (EBRD) և «Ամերիաբանկից» վարկային միջոցների ներգրավման գործընթաց։ Այդ կապակցությամբ ընկերությունը խնդրել է համաձայնություն տալ կանոնադրական կապիտալը կազմող 100 տոկոս բաժնեմասերն ամբողջությամբ կամ մասամբ, որպես առաջնային կամ հաջորդող գրավ՝ ցանկացած համամասնություններով ու համադրություններով գրավադրելուն։ Հունվարի 12-ին կայացած նիստում հանձնաժողովը տվել է համաձայնությունը։ Իսկ ավելի վաղ՝ գործարքին համաձայնություն է տվել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Նախ՝ «Թիմ» ՍՊԸ-ն փոխել է իրավական ձևը՝ դառնալով փակ բաժնետիրական ընկերություն։ Այդ փոփոխությունը գրանցել է 2021թ․ վերջին աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 30-ին։ Ընկերության կանոնադրությունից տեղեկանում ենք, որ «Թիմ» ՓԲԸ-ն երկու բաժնետեր ունի՝ եղբայրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները, որոնք ընկերության բաժնետոմսերը հավասարապես են կիսում՝ 50/50։ ՓԲԸ-ն կանոնադրության մեջ արձանագրել է, որ «ԹԻՄ» ՍՊԸ-ի լիարժեք իրավահաջորդն է։

Նշենք նաև, որ 2020թ․ սեպտեմբերին ՀԾԿ հանձնաժողովը համաձայնություն էր տվել, որ ընկերությունն իր բաժնեմասը գրավադրեր «Ամերիաբանկի» և/կամ «Արդշինբանկի» օգտին։ Ավելի ուշ, 2021թ․ սեպտեմբերին «Թիմ»-ը մեկ այլ գործարքի համար էր դիմել, մասնավորապես՝ «Վիմպել-կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության և «Թիմ»-ի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի գնման գնի տարաժամկետ վճարման մասին։ Դրա արդյունքում «Թիմ»-ի մոտ «Վիմպել-կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության նկատմամբ պետք է ծագեր հետաձգված վճարային պարտավորություն, և վերջիններս համաձայնել են նշված պարտավորության կատարումն ապահովել ընկերության բաժնեմասերի գրավով։ Այսինքն՝ «Թիմ»-ը խնդրել էր համաձայնություն տալ «Վեոն Արմենիա»-ի և իր 100 տոկոս բաժնեմասերը «Վիմպել-կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության օգտին գրավադրելուն։ Թիմի» սեփականատեր և ընկերության տնօրեն Հայկ Եսայանը այս տարբեր գործարքների մասին մեզ հետ հարցազրույցում ասել էր, որ տարբեր մոդելներ են քննարկում, դրա համար դիմում են հանձնաժողովին՝ համաձայնություն ստանալու համար։ Իսկ բաժնետոմսերը գրավադրված էին «Ամերիաբանկում»։

«Քանի որ դա բանակցային փուլ էր բոլոր բանկերի հետ, այդ թվում՝ դրսի, մենք բոլոր հնարավոր տարբերակներով թույլտվությունների դիմում էինք՝ որ պահին որ բանակցում էինք որևէ բանկի հետ։ Մենք բանակցում էինք, ու մեզ թույլտվություն էր պետք; Բանակցության հետ թույլտվության համար դիմում էինք, որովհետև դա բանակցային պրոցես էր, 15-20 օր էր տևում, և որպեսզի ամեն փոփոխություն երկար չտևեր, մենք մոդելավորեցինք այնպես, որ ստացվի՝ եթե մենք հնարավորություն ունենք 1, 2 կամ 3 բանկերի միջոցով ֆինանսավորում ստանալ, այդպես էլ իրականացնենք։ Այսօր այդպես էլ կա, ընդհանուր գործարքին մեկ բանկից ավելի ֆինանսավորում է տեղի ունենում, և այսօր էլ բանակցում ենք նոր միջոցների ներգրավման համար»,- պարզաբանել էր Հայկ Եսայանը։

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter