HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը Ադրբեջանին կփոխանցի սահմանազատման վերաբերյալ Հայաստանի առաջարկները

Ռուսաստանը Ադրբեջանին կփոխանցի երկու երկրների սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ Հայաստանի առաջարկները, որին կհաջորդի սահմանագծումը։ Այդ մասին ուրբաթ՝ հունվարի 14-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Բառացիորեն երեկ ես շփվել եմ հայ գործընկերոջս հետ, որի մոտ նոր առաջարկներ են ի հայտ եկել։ Մենք դրանք փոխանցում ենք Բաքվին։ Կտեսնենք, թե ինչպես անենք, որ հանձնաժողովը որքան հնարավոր է շուտ գործի»,- նշել է նա։

Լավրովի խոսքով՝ օպտիմալ է ստեղծել հանձնաժողովն այնպես, որ դրա օրակարգում լինեն հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել առաջնահերթ կարգով։ Ինչպես նշել է ՌԴ ԱԳ նախարարը, Երևանը և Բաքուն իրենց առաջարկություններն են ներկայացնում հանձնաժողովի ստեղծման մասով, բայց հարցի հետ կապված տարաձայնությունները մնում են։ 

«Որպեսզի ստեղծվի հանձնաժողովը, անհրաժեշտ է, նախևառաջ, պայմանավորվել, թե ինչ պայմաններով։ Այդ պայմանները հիմա քննարկվում են։ Այնտեղ կան տարակարծություններ։ Մեր դիրքորոշումը պարզ է. պետք է նստել և արդեն պաշտոնապես ստեղծված հանձնաժողովի շրջանակում որոշել բոլոր այն հարցերը, որոնք հիմա դեռևս մնում են չհամաձայնեցված»,- նշել է նա։

Լավրովը նաև հայտարարել է, որ սահմանազատման հարցը չի վերաբերվում Լեռնային Ղարաբաղին։

«Դա չի վերաբերում Ղարաբաղյան տարածաշրջանին և կարգավորման հարցերին։ Դա զուտ երկկողմ հարց է, որն արդեն գրեթե մեկ տարի է մենք առաջարկում ենք սկսել մշակել՝ ստեղծելով սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով։ Մեզ էլ այդ հանձնաժողովում առաջարկում ենք որպես խորհրդատու՝ հաշվի առնելով այն, որ ռուսական Գլխավոր շտաբը և մյուս կառույցներն ունեն քարտեզներ, որոնք արտացոլում են Խորհրդային միության ձևավորման տարբեր փուլերը և դրա վարչական սահմանների ու դրա կազմում գտնվող միութենական հանրապետությունների քարտեզների փոփոխությունները»,- եզրափակել է Լավրովը։

2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում կայացել էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ բանակցությունները, որը նվիրված էր նոյեմբերի 9-ի հայտարարության տարելիցին։ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հայտարարել էին, որ պատրաստ են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Նրանք նաև հայտարարել էին, որ մտադիր են ստեղծել պետական սահմանի սահմանազատման հանձնաժողով, որին պետք է հաջորդեր սահմանագծման գործընթացը։ Ռուսական կողմը խորհրդատվական գործառույթ էր իրականացնելու այդտեղ։

Լուսանկարը՝ ՀՀ Նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter