HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Գազպրոմ Արմենիա»-ն մտադիր է գազի գինը հաշվել ըստ կալորիականության՝ թանկացնելով այն սպառողների համար

Հայաստանում գազը, հնարավոր է, այս տարվա ապրիլից թանկանա։  Երեկ՝ հունվարի 12-ին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որ մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով: Գազամատակարարն առաջարկում է գազի գինը հաշվարկել ըստ կալորիականության։ Առաջարկվող սակագներն ու բնակիչներին հասնող ներկա գազի կալորիականության ցուցանիշները փաստում են, որ գինը կբարձրանա բոլոր խավերի համար՝ անապահովների, ջերմոցների ու բիզնեսի։ Փոքր-ինչ նվազում է սպասվում բնակիչ-բաժանորդների համար։ 

Որքան գազի որակը բարձր լինի, այնքան շատ կվճարենք

Այսօր Հայաստանի սահմանին ստացվող հազար խորանարդ մետր գազի արժեքը 165 դոլար է։ «Գազպրոմ Արմենիա»-ն այդ գազը սպառողներին հասցնելու համար իր, այպես կոչված, մարժան է ավելացնում։ Դրանք են աշխատակազմի պահպանման ծախսերը, շահույթը, մաշվածությունը, ԱԱՀ-ն, կորուստներն ու սեփական կարիքները։

Այդ ամենի արդյունքում սպառողներին գազը հասնում է միջինը 266.71 դոլարով։

Ստացվող գազը հաշվարկվում է կայուն, ֆիքսված սակագներով։ Եվ հիմա «Գազպրոմ Արմենիա»-ն  առաջարկում է սահմանին ստացվող գինը հաշվարկել ըստ կալորիականության, որի հետևանքով գազը կթանկանա։

 Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանի հաշվարկներով՝ եթե այսօր բաժանորդներին հասնող գազի միջին կշռված արժեքը հազար խմ-ի դիմաց 266.7  դոլար է, ապա «Գազպրոմ Արմենիա»-ի նոր առաջարկով այն կդառնա 282.6 դոլար: Այսինքն՝ կթանկանա 6%-ով։ Հաշվարկները կատարվել են՝ հիմք ընդունելով մեկ խորանարդ մետր գազի 8500 կկալ ջերմատվությունը։

Ապրիլի 1-ից, ջերմատվությունից կախված, պետք է ճշգրտումներ իրականացվեն։ Բանաձևով հաշվարկվում է գազի գինը՝ ըստ ջերմատվության։  Գինը երկու բաղադրիչից է կախված լինելու։ Առաջինը հաստատուն բաղադրիչն է՝ ընկերության, այսպես կոչված, մարժան է՝ իր շահագործման, պահպանման ծախսերը, շահույթը։ Իսկ մյուս բաղադրիչը ներկրվող գազի արժեքն է։ Եվ այդ երկրորդ բաղադրիչը ամեն ամիս փոփոխվելու է՝ ըստ գազի կալորիականության։ Եվ այն ճշգրտումը, որ պետք է արվի սահմանին, արտացոլվելու է նաև սպառողների սակագներում»,- «Հետքի» հետ զրույցում նշեց Աշոտ Ուլիխանյանը։

«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է 2022 թվականի ապրիլի 1-ից Հայաստան առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանին սահմանել հավասար 165 ԱՄՆ դոլար` հազար խորանարդ մետրի դիմաց 7900 կկալ/խմ  պարագայում:

Իսկ եթե կալորիականությունը բարձր է և ստորին ջերմատվությունը ամենաքիչը 8500 կկալ/խմ է, ապա հազար խորանարդ մետրի դիմաց գինը կազմելու է 177.53 ԱՄՆ դոլար:

Փաստն այն է, որ այսօր ստացվող գազի կալորիականությունը գերազանցում է 7900 կկալ/խմ-ն, ինչը ուղղակիորեն վկայում է, որ այն կթանկանա։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած հաշվետվությունները վկայում են, որ այս տարվա առաջին երեք եռամսյակում (չորրորդ եռամսյակի տվյալները դեռևս չկան) հայ սպառողներին մատակարարվող գազի կալորիականությունը մշտապես 8000 կկալ/խմ-ից բարձր է եղել և տարբեր ամիսների մոտեցել է 8700 կկալ/խմ-ի մակարդակին։ Օրինակ՝ 2021 թվականի սեպտեմբերին ամսական միջին ջերմատվությունը 8156-8662 կկալ/խմ է եղել։

Գազի որակը բնութագրվում է կալորիականությամբ։ Երբ կալորիականությունը ցածր է լինում, սպառողները ավելի մեծ ծավալի գազ են օգտագործում տան ջեռուցման համար, խոհանոցում, արտադրամասերում և այլն։ Այսինքն՝ եթե նույնիսկ իջեցվում է գազի կալորիականությունը, դա ևս խնդրին լուծում չի տալիս։ Հետևաբար, նշված սակագների պարագայում սպառողների համար գազը թանկանում թե՛ ցածր, թե՛ բարձր կալորիականության դեպքում։

«Նախկինում, երբ գազը գալիս էր, օրինակ 8300-8400 կկալ/խմ կալորիականությամբ, մենք կրկին վճարում էինք 165 ԱՄՆ դոլար, այսինքն՝ նույնը, ինչ 7900-ի դեպքում, հիմա ապրիլի 1-ից արդեն ռուսական կողմը վաճառում է այն պայմանով, որ պետք է ճշգրտում իրականացվի։ Հաշվարկների համար հիմք է ընդունվում 8500 կկալ/խմ-ի դեպքում 177.53 ԱՄՆ դոլարը, բայց եթե օրինակ 8300 կկալ/խմ լինի, այդ 177.53-ը ավելի պակաս կլինի։ Ամեն ամիս ճշգրտում պետք է իրականացվի, ու այդ գինը կամ կիջնի, կամ կբարձրանա»,- շեշտում է Աշոտ Ուլիխանյանը։

Ընդ որում՝ այստեղ կարևոր է շեշտել, որ «Գազպրոմ Արմենիա»-ն այս առաջարկները ներկայացրել է՝ հիմք ընդունելով նախորդ տարվա նոյեմբերի վերջին (29.10.2021թ.) «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի դրույթները:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը շեշտում է, որ սա գաղտնի համաձայնագիր է, որը թույլ է տվել «Գազպրոմ էքսպորտ»-ին նման առաջարկով հանդես գալ:

«Այսինքն՝ 2 ամիս առաջ հանրությունից, քաղաքական և մասնագիտական շրջանակներից գաղտնի կնքվել է հերթական գազային համաձայնագիրը, ըստ որի՝ 2022 թվականի ապրիլի 1-ից բնական գազի գինը սահմանի վրա և երկրի ներսում բարձրանալու է»,- իր վերլուծության մեջ նշել է տնտեսագետը։ 

Սակագին՝ բոլորի համար. գազ սպառողներն այլևս չեն տարբերակվի ըստ խմբերի

Ներկայում գործող 266.71 դոլար/1000 խմ գազի սակագինը միջին կշռված գին է։ Սակայն, Հայաստանում գազի սպառողների հինգ խումբ է տարբերակված, որոնց հասնող գազի գները տարբեր են: Նոր հայտով «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է բոլոր խմբերի համար մեկ միասնական սակագին սահմանել։

Դրա արդյունքում գազի գնի առավել էական բարձրացում կլինի հատկապես սոցիալապես անապահով խմբերի, ջերմոցային տնտեսությունների և խոշոր սպառողների՝ բիզնեսների համար։

Եթե սոցիալապես անապահով խմբերը, որոնք տարեկան սպառում են մինչև 600 խմ գազ, այսօր վճարում են 100 դրամ՝ մեկ խմ-ի համար, ապա ապրիլից  գազի 8500 կկալ կալորիականության պարագայում նրանք կվճարեն 135.65 դրամ (282.6 մլն դոլար)։  Այդպիսով, նրանց համար գազի գինը կթանկանա մոտ 36%-ով։

Գազի խոշոր սպառողների համար, որոնք հիմնականում արտադրամասերն են և այն տնտեսությունները, որոնց ինքնարժեքում գազի կշիռը մեծ է, հազար խմ-ի դիմաց 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում գազի գինը 255.9 դոլարից դառնում է 282.6 դոլար, աճը՝ 10%:

Բնակիչ-սպառողների համար 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության դեպքում գազի գնի փոքր-ինչ նվազում է սպասվում։ Եթե այսօր 1 խմ-ի դիմաց վճարվում է 139 դրամ, առաջարկվող սակագնով այն կդառնա 135.65 դրամ։ Նվազումը՝ 2.4%:

Ու թեև բնակիչ-բաժանորդների համար փոքր-ինչ նվազում կարող է գրանցվել, սակայն նույն բաժանորդները կարող են էապես տուժել տնտեսվարողների համար գազի թանկացման հետևանքով։ Վերջիններս կփորձեն իրենց ծախսերի աճը փակել ապրանքների թանկացմամբ, որի գնորդները նույն բնակիչ-բաժանորդներն են։

Ներկայացված առաջարկները քննարկելու համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օրենքով 80 օր ժամանակ ունի հաստատելու կամ չընդունելու համար։ Սակայն, ենթադրվում է, որ գործընթացն ավելի քիչ կտևի, քանի որ սակագնային փոփոխությունները նախատեսված են ապրիլի 1-ից, և որոշումը պետք է մինչև այդ լինի։

Մաքսային ծառայության կայքում հրապարակված վերջին տվյալներով՝ 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը ներկրել է մոտ 1.328 մլրդ խմ գազ, որի մաքսային արժեքը մոտ 219.1 մլն դոլար է: Այդպիսով՝ 1000 խմ գազի գինը կազմել է 165 դոլար:

2020 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ գազի ներկրման և՛ քանակը, և՛ արժեքը մնացել են գրեթե նույն մակարդակում՝ նվազելով 0.2%-ով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter