
Ազգերի լիգայից առաջ մեր ընտրանին կհանդիպի Նորվեգիային ու Մոնտենեգրոյին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ մարտի 24-ին՝ 20:00-ին, Երեւանում կկայանա Հայաստան-Մոնտենեգրո ընկերական հանդիպումը: Նախապես հայտարարվել էր, որ խաղը տեղի կունենա մարտի 25-ին, սակայն կողմերի համաձայնությամբ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ամսի 24-ի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ թիմերը նախկինում հանդիպել են երկու անգամ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում: 2016-ի նոյեմբերի 11-ին Երեւանում մերոնք, խաղի ընթացքում պարտվելով 0-2 հաշվով, կամային հաղթանակ տարան 3-2. գոլերի հեղինակ դարձան Արտակ Գրիգորյանը, Վարազդատ Հարոյանը, Գեւորգ Ղազարյանը: Պատասխան հանդիպումը կայացավ 2017-ի հունիսի 10-ին Պոդգորիցայում: Տանտերերը ռեւանշի հասան 4-1 հաշվով: Մեր թիմից միակ գոլը խփեց Ռուսլան Կորյանը:
Դեկտեմբերին էլ ՀՖՖ-ն հայտարարել էր, որ մարտի 29-ին Օսլոյում կկայանա Նորվեգիա-Հայաստան ընկերական մրցավեճը: Այս պարագայում եւս թիմերը երկու խաղ են անցկացրել ԱԱ-2002-ի ընտրական փուլում: 2000 թ. սեպտեմբերի 2-ին Օսլոյում գրանցվեց 0-0, իսկ 2001-ի հոկտեմբերի 6-ին սկանդինավցիները Երեւանում առավելության հասան 4-1 հաշվով: Մերոնցից միակ գոլը խփեց Հայկ Հակոբյանը:
ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում այս պահին Հայաստանի ընտրանին զբաղեցնում է 92-րդ հորիզոնականը, Մոնտենեգրոն՝ 72-րդ, իսկ Նորվեգիան՝ 41-րդ:
Այս ընկերական խաղերը նախապատրաստական են լինելու հունիսին մեկնարկելիք Ազգերի լիգայի խաղարկությունից առաջ: Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին հանդիպելու է Ուկրաինայի, Շոտլանդիայի եւ Իռլանդիայի հավաքականներին:
Լուսանկարը՝ Հայաստան-Մոնտենեգրո առաջին հանդիպումից, ՀՖՖ
Մեկնաբանել