Սերժ Սարգսյանի նախընտրական նվերը՝ Օձունի երեխաներին
Այսօր Օձունում տեղի ունեցավ Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչության վերջին ակորդը: Ապրիլի 21 –ին Օձուն կատարած նախընտրական իր այցի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը Օձունի երեխաներին խոստացել էր մանկական խաղերի համալիր, որն էլ նախագահի հանձնարարությամբ Օձուն էր ուղարկվել մեկ շաբաթ առաջ:
Օձունի գյուղապետ և Հանրապետական կուսակցության Օձունի կառույցի ղեկավար Արսեն Տիտանյանը շտապել էր նախագահի կողմից գյուղի երեխաների համար ուղարկված մանկական խաղերը արդյունավետ օգտագործել նախընտրական քարոզչության նպատակով:
Մանկական խաղերի համալիրը գյուղապետը տեղադրել էր բավականին անհարմար տեղում` Օձունի մշակույթի պալատի բակում, որտեղ տեղակայված էր թիվ 32/64 ` Օձունի ամենամեծ ընտրատեղամասը:
Խաղահրապարակում՝ նախագահի կողմից ուղարկված խաղալիքների կողքին գյուղապետի հրահանգով տեղադրված և փուչիկներով զարդարված էր ընտրություններին հանրապետականների «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը: Իր բացման խոսքում Արսեն Տիտանյանը հավաքված օձունցիներին մեկ անգամ ևս ազդարարեց, որ խաղահրապարակը երեխաներին նվիրել է նախագահ Սերժ Սարգսյանը:
«Չնայած մի քիչ խնդիրներ ունենք, խաղալիքների տակի նախապատրաստական աշխատանքները թերի է արված, բետոնը դեռ ամբողջովին չորացած չէ, բայց մեկ շաբաթից հետո արդեն ամբողջովին խաղահրապարակը կարող է ծառայել մեր երեխաներին»,- ասաց Արսեն Տիտանյանը:
Խաղահրապարակի համար ընտրված ոչ հարմար տեղն էլ նա այսպես բացատրեց. «Դե գյուղական համայնքներում տարածքները էդ տեսակ դժվար է գտնել, սրա համար ժամանակ է պետք, երևի ֆինանսական միջոցներ են պետք, որ կարողանանք էդ ամեն ինչը լուծել: էսօրվա պայմաններով այստեղ կշահագործենք, հետո համապատասխան տարածք կտրամադրվի և խաղահրապարակը կտեղափոխվի»:
Խաղահրապարակը ընտրություններին նախաշեմին գյուղացիներին նվիրելու հետ կապված «Հետքի» հարցին Արսեն Տիտանյանը պատասխանեց. «Չէր կարելի խաղալիքները չօգտագործել մինչև ունենայինք համապատասխան տարածք: Երեխեքը թող շահագործեն, երբ համապատասխան տարածքը պատրաստ կլինի, այն կտեղափոխենք»:
Օձունի գյուղապետի կարծիքով, մայիսի 6-ին Օձունում ընտրողների ամենաշատ քվեները կստանա Հանրապետական կուսակցությունը. «Հանրապետական կուսակցությունը շատ ձայներ կունենա, բայց բոլոր կուսակցություներն էլ ընտրողների հետ աշխատում են և նրանց աշխատանքի արդյունքը կերևա մայիսի 7-ին»:

Արսեն Տիտանյանը հայտնեց, որ Հանրապետական կուսակցության իր ղեկավարած կառույցը ունի 200-ից ավելի անդամներ. «Կազմակերպության գերակշռող կազմը աշխատողներ են»,- ասաց նա: Հարցին, թե ճիշտ է, որ հանրապետական կուսակցության բոլոր կառույցների ղեկավարների և գյուղապետերի առջև պլան է դրված համապատասխան ընտրողների քանակ ապահովելը ՀՀԿ-ի օգտին` Արսեն Տիտանյանը ասաց. «Չէ, մենք պարտավորություն չունենք, մեր աշխատանքի արդյունքը կերևա մայիսի 7-ին: Մեր ակնկալիքները ձայների 50 տոկոս և ավելին է»:
Օձունը Լոռու մարզի ամենամոռացված գյուղերից մեկն է: Այստեղ 1400 հա վարելահողերից գյուղացիները այս տարի մշակել են հազիվ 200-250 հա վարելահողը: Մոտ 5,5 հազար բնակիչ ունեցող հանրապետության խոշորագույն գյուղի բնակիչների ստվար մասը չի կարողանում մշակել իր վարելահողերը և գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ: Անբարեկարգ վիճակում են գյուղ մտնող և գյուղամիջյան ճանապարհները: «Ուրեմն ասեմ, հողերի մշակությունը այս տարի ավելացել է մոտ 10 տոկոսով: Ներհամայնքային 2 ճանապարհ ասֆալտապատվել է, մեկը` Օձունի եկեղեցի գնացող ճանապարհը, մյուսը` դեպի գյուղի գերեզմաններ գնացող ճանապարհի մի մասը: Օձունում ասֆալտապատման աշխատանքներ կատարվել է մոտ 40 տարի տարի առաջ: Վերանորոգել ենք գյուղապետարանի տանիքը և թիվ 1 մանկապարտեզի տանիքը: Գյուղում կոյուղու գծեր է անցկացվել»: Արսեն Տիտայանը ակնկալում է, որ 2013 թ.-ին Օձունի վարելահողերի 50 տոկոսը կմշակվի: Իսկ մեծ քանակության աղքատ օձունցիների առկայությունը գյուղապետը պատճառաբանեց. «Դե, գիտեք ինչ կա, դա ամբողջ հանրապետությունում ամեն տեղ ա»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել