HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավորների ընդհանուր ժողովը, նրանց մտահոգություններն ու Միության նախագահի ընտրությունը

Դատավորների ընդհանուր ժողովին ներկայացող դատավորները ժողովի սրահ մուտք գործելուց առաջ «բախվում են» լրագրողներին: Ոմանք բարեհաջող շրջանցում են լրագրողների հարցերն ու արագ ներս մտնում Մարզահամերգային համալիր, որտեղ ժողովն է, ոմանք՝ պատրաստակամորեն պատասխանում հարցերին: Լրագրողների հարցերը հունվարի 14-ի արտահերթ ժողովին ժամանած դատավորներին վերաբերում էին Դատավորների միության գործունեությանը, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներին, դատական գործերի՝ ձեռքով մակագրմանը:

Ալեքսանդր Ազարյան. «Եկել եմ ընտրվելու ակնկալիքով»

Ինչպես հայտնի է, հունվարի 14-ի արտահերթ ժողովից հետո Դատավորների միության ժողովն էր` նախագահի ընտրության հարցով: Միության նախագահի թեկնածուներից Ալեքսանդր Ազարյանը մինչ ժողովը լրագրողներին ասաց, որ ընտրվելու իր հնարավորությունը բարձր է գնահատում: «Ես եկել եմ ընտրվելու ակնկալիքով»,- ասաց Ազարյանը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ձայների զգալի առավելությամբ դատավոր Ազարյանն ընտրվել է Դատավորների միության նախագահ:

Նշենք, որ Դատավորների միությունը հասարակական կազմակերպություն է, որը ներկայացնում է դատավորների շահերը: 2017-2020 թվականներին միության նախագահը եղել է Երվանդ Խունդկարյանը, ով այժմ Սահմանադրական դատարանի դատավոր է: Միությունն արդեն մի քանի տարի է՝ նախագահ ու տեղեկալներ, այսինքն՝ ղեկավար մարմին չունի, կարելի է ասել՝ չի գործում: Լրագրողների դիտարկմանն ի պատասխան, թե շատ դատավորներ հիասթափվել ու դուրս են եկել Միությունից, Ազարյանն ասաց, որ երբ Միությունը սկսի նորմալ աշխատել, դատավորները կվերադառնան:

Մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ դատավորի գործավարը կանչվել է Հակակոռուպցիոն կոմիտե: Ազարյանն ասաց, որ տեղյակ է գործավարին կոմիտե հրավիրելու մասին, սակայն չգիտի՝ ինչ գործի շրջանակներում:

Դավիթ Հարությունյան. «Պետք է անկեղծ լինենք, չեն ցանկանում վերադարձնել համակարգիչները»

Դատավոր Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ դատավոր Ազարյանը կընտրվի Միության նախագահ, ու Միությունը վերջապես կսկսի գործել, կզբաղվի դատավորների շահերի պաշտպանությամբ: Հարցին, թե ինչո՞ւ մինչ այս պահը այն չի գործել, դատավորը պատասխանեց՝ միգուցե անգործության, միգուցե դիտավորյալ անգործության հետևանքով, և նշեց, որ իրենց նպատակն այժմ այն է, որ Ազարյանի գլխավորությամբ միությունը սկսի գործել:

Խոսելով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների մասին՝ Հարությունյանն ասաց, որ իր գործընկերներից որևէ մեկը դեմ չէ կարգապահական վարույթներին, իրենք բարձրաձայնում են այն խնդրի մասին, որ պետք է կոնկրետ, օրինական առիթ լինի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, ոչ թե թիրախային, անհարկի վարույթներ հարուցվեն: Անդրադառնալով այն հանգամանքին, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Երևանի մի քանի դատարաններից առգրավել են համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները, Դավիթ Հարությունյանն ասաց, որ, մեղմ ասած, իրավաչափ չէ համակարգիչներից ձերբազատումը։

Բարձրագույն դատական խորհրդի կողմից համակարգչային մակագրման գործընթացը վերականգնելու ուղղությամբ գործադրված ջանքերի առնչությամբ նա նշեց․ «Պետք է անկեղծ լինենք, իրենք էլ չեն թաքցնում, որ ցանկություն չունեն հետ բերելու: Ասում են՝ բանակցում են նոր ընկերությունների հետ, միջոցներ են ձեռնարկում, բայց երբրևէ լսե՞լ եք, որ որևէ միջոց ձեռնարկեն համակարգիչները հետ բերելու ուղղությամբ»,- հարցրեց Դավիթ Հարությունյանը:

Մխիթար Պապոյանը Կարեն Անդրեասյանին առաջարկում է ուսումնասիրել գործերի մակագրման գործընթացը

Դատավոր Մխիթար Պապոյանը խոսեց գործընկերոջ՝ Վազգեն Ռշտունու վերաբերյալ կարգապահական վարույթի մասին: Նշենք, որ Ռշտունու նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել արձակուրդ մեկնելու պատճառով իր վարույթում եղած գործերը վերամակագրման հանձնելու համար: Վարույթը հարուցել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեսայանը: Նախարարությունն, ըստ այս պահին առկա տեղեկատվության, սեփական նախաձեռնությամբ է ուսումնասիրել Ռշտունու գործերն ու հայտնաբերել այս հանգամանքը:

Կարեն Անդրեասյանը Մխիթար Պապոյանի համակուրսեցին է: Դատավորը նրա մասին ընդհանոր առմամբ դրական կարծիք ունի, համարում է արդարամիտ ու սկզբունքային, բայց վերջին շրջանում նրա գործունեությունը դժվարանում է գնահատել, լրագրողների հետ զրույցում ասաց՝ միգուցե մոլորության մեջ է:

«Վերջին ժամանակահատվածում կան կարգապահական վարույթներ, որոնք թեև իր կողմից չեն հարուցվել, բայց իր կողմից են ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ։ Նշված կարգապահական վարույթներից երկուսը Բարձրագույն դատական խորհրդի կողմից մերժվեցին՝ դատավոր Արման Հովյաննիսյանի և Սերգեյ Մարաբյանի վերաբերյալ: Ինձ համար անհասկանալի էին այդ վարույթները»,- ասաց Պապոյանն ու նշեց, որ բոլորովին վերջերս էլ Անդրեասյանի կողմից Ռշտունու վերաբերյալ է վարույթ հարուցվել: Այս վարույթից Պապոյանը տեղյալ է այնքանով, որքանով դա նաև իրեն է առնչվում: Թեև վարույթի շրջանակում դատավորը կարգավիճակ չունի, բայց Ռշտունու գործերն ինքն է հանձնել վերամակագրման՝ որպես Վերաքննիչ դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

«Ռշտունուն մեղադրում են, եթե չեմ սխալվում, թվով տասը գործ արձակուրդի մեկնելու պատճառով վերամակագրման հանձնելու մեջ: Ռշտունին երկու ամսով, ընդ որում՝ առողջական խնդրով պայմանավորված, մեկնել է երկարատև արձակուրդի, այդ ընթացքում չորս-հինգ օրով վերադարձել է, որպեսզի ավարտական փուլում գտնվող գործերը կարողանանք ավարտել: Ռշտունու՝ արձակուրդում գտնվելու ընթացքում դատարանի նախագահի պաշտոնակատարը եղել եմ ես, երբ նա արդեն գտնվելիս է եղել արձակուրդում, իր օգնականը դիմել է ինձ, իմ կողմից քննարկվել է նրա վարույթում գտնվող գործերի վերամակագրման հարցը, և ես որոշել եմ դրանք հանձնել վերամակագրման: Այսօր պարոն Ռշտունու նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցել՝ վարքագծի կանոնի խախտման համար, ինչքանո՞վ է  խախտվել վարքագծի կանոն, ինձ համար անհասկանալի է»,- ասաց Պապոյանը:

Դատավորը նաև նշեց, որ ըստ հայտնի դարձած տեղեկությունների՝ Ռշտունու գործերի վերամակագրման հանգամանքն արդարադատության նախարարության աշխատակցի կողմից «Դատալեքս» տեղեկատվական ծրագրի միջոցով ուսումնասիրության արդյունքում է պարզ դարձել: Պապոյանը նույն համակարգի միջոցով այդ տեղեկությունը փնտրել, բայց չի գտել ու առավել հակված է մտածել, որ այդ տեղեկությունը փոխանցվել է նախարարին: Ինչևէ, դատավորը շարունակում է Անդրեասյանի մասին դրական կարծիք ունենալ, բայց նախարարի նման գործելաոճի շարունակման դեպքում, ասում է՝ գուցե փոխի կարծիքը:

Պապոյանը համակարծիք է օրերս Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում դատավոր Արման Հովհաննիսյանի հայտնած այն տեսակետին, որ Ռշտունին թիրախավորված է եղել, հակառակ դեպքում ինչո՞ւ են հենց նրա գործերը վեր հանել, ըստ որում՝ ոչ թե դիմումի հիման վրա, այլ նախարարության նախաձեռնությամբ: Պապոյանն ասում է, որ Վերաքննիչ դատարանում այսօր էլ կա պրակտիկա, որ եթե դատավորները տևական ժամանակ բացակայում են, հատկապես այն գործերը, որոնցով կան կալանավորված անձինք, վերահանձնվում են, որովհետև դա ավելի արդարացի է, քան հակառակը:

Հարցին՝ ինչի՞ հիման վրա արդարադատության նախարարի վերաբերյալ դրական կարծիք ձևավորվել Պապոյանի մոտ, վերջինս պատասխանեց, որ իրենք համակուրսեցիներ են, բացի այդ՝ հիշում է Անդրեասյանի պաշտոնավարման ժամանակահատվածը որպես Մարդու իրավունքների պաշտպան:

«Նա բավականին արդարամիտ և համարձակ պաշտոնյա էր՝ իր գործունեությամբ, զեկույցներով. դրանք են ինձ բերել այդ համոզման: Թեև արդարադատության նախարար աշխատելու կարճ ժամանակահատվածում այլ պատկեր եմ տեսնում, բայց հուսով եմ, որ դա կարճ ժամանակահատվածում  կփոխվի, և ես կմնամ իմ նույն կարծիքին»,- ասաց Պապոյանը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դատական համակարգի վերաբերյալ արտահերթ զեկույց էր հրապարակել՝ մատնանաշելով առկա կոռուպցիան, անգամ նշելով դատարաններում կաշառքի գները, իսկ երբ  արդարադատության նախարար նշանակվեց, հայտարարեց, որ թեև ՄԻՊ պաշտոնում ստացած տեղեկությունները չի կարող օգտագործել, բայց օրենսդրական հնարավորություն կա դատավորների մինչև 8 տարվա գործունեությունն ուսումնասիրելու, կան դատավորներ, որոնց գործերը պետք է ուսումնասիրվեն:

Պապոյանն ասում է՝ եթե խոսքը վերաբերում է կաշառք վերցնող դատավորներին, թեև ինքը չի կարող այդպիսի անուն հնչեցնել, բայց բոլորին է հայտնի, որ Ռշտունին այդ ամենից շատ հեռու է, որ նա կոռուպցիայի դեմ պայքարի թիվ մեկ ջատագովն է, և դա ոչ միայն մամուլի, այլ ցանկացած անձի կարծիքն է: Ըստ Պապոյանի՝ Ռշտունին բացառիկ է նրանով, որ նրանից գոհ են դատավարության բոլոր կողմերը, թեև, որպես կանոն, դատարանում կողմերից մեկը դժգոհ է լինում:

Պապոյանը նույնպես դժգոհ է, որ ներկայում դատարանի նախագահն է մակագրում գործերը: Ըստ դատավորի՝ թեև այս պահին համակարգչային մակագրում չի իրականացվում, ԲԴԽ-ի կողմից հաստատված կարգով հստակ է, թե ինչպես պետք է ձեռքով մակագրվեն գործերը՝ պատահականության սկզբունքը, այբբենական հերթականությունը պահպանելով:

«Եթե դրանք պահպանվեն, խնդիր չի առաջանա, բայց իմ կողմից որոշակի ուսումնասիրման արդյունքում պարզել եմ, որ, մասնավորապես, ինձ մակագրված գործերն ավելի շատ են, քան օրենքով պետք է մակագրվեր»,- ասաց Մխիթար Պապոյանն ու իր համակուրսեցի Կարեն Անդրեասյանին հորդորեց ուսումնասիրել այժմ մակագրման գործընթացի հետ կապված խնդիրները, պարզել՝ արդյոք պահպանվո՞ւմ է կարգը։ Եթե չի պահպանվում, ապա դա, իր համոզմամբ, հեղինակազրկում է դատական իշխանությունը:

Սերժիկ Ավետիսյան. «Մակագրությունը գործերի բաշխման կարևորագույն ատրիբուտներից է»

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանն ասաց, որ գործերի մակագրման խնդիրը մտահոգում է բոլորին:

«Տարիներ շարունակ մենք կարողացանք համապատասխան համակարգը ներդնել, որպեսզի ձեռագիր մակագրություն չլինի այնպես, ինչպես ընդունված է շատ երկրներում, հիմա, հայտնի հանգամանքների բերումով, կարծես այս մակագրության համակարգը խաթարվել է և, ինչպես նշում է Բարձրագույն դատական խորհուրդը, միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի այդ համակարգը շարունակի գործել»,- ասաց Ավետիսյանը: Լրագրողի հարցին՝ ինչու՞ չեք միանում այդ խնդրով մտահոգված դատավորներին, արդյոք դատավորների զգալի մասը վախենում է, Ավետիսյանը պատասխանեց՝ այդպիսի բան չկա:

«Ես չգիտեմ, թե ի՞նչ է նշանակում՝ վախենում է: Մակագրությունը գործերի բաշխման կարևորագույն ատրիբուտներից է, դատական  իշխանության, դատավորների, բոլոր դատարանների անկախության երաշիք: Դա պետք է լինի հստակ, պարզ կանխատեսելի, այնպես, ինչպես ունեցել ենք տարիներ շարունակ»,- ասաց Ավետիսյանը:

Վազգեն Ռշտունի. «Մեր ասելիքը կասենք ԲԴԽ-ում, և անկողմնակալ դիտորդի մոտ կարծիք կձևավորվի, թե որն էր վարույթի նպատակը»

Վազգեն Ռշտունին առավելապես խոսեց Ազարյանի առաջադրման կարևորության, քան իր կարգապահական վարույթի մասին: Դատավորը նշեց, որ Ալեքսանդր Ազարյանն ինքնաառաջադրվելու որոշումը կայացնելիս խորհրդակցել է կոլեգաների հետ, ավելին, նրանցից շատերը հենց իրենք են առաջարկել, որ նա ինքնաառաջադրվի, որովհետև, ըստ Ռշտունու, Ալեքսանդր Ազարյանը դատական համակարգի առաջամարտիկներից մեկն է, հատկապես քրեական արդարադատության ոլորտում։ Հետևաբար տրամաբանական է, որ նրան առաջարկել են ինքնաառաջադրվել՝ հույս ունենալով, որ նա լավագույնս կներկայացնի դատավորի շահերը հանրային հարաբերություններում՝ որպես հասարակական կազմակերպության ղեկավար:

«Միությունն այս ժամանակահատվածում չի ունեցել նախագահ, տեղակալներ․ աշխատանք չի կատարել, մինչդեռ հասարակական կազմակերպությունը ստեղծվում է որոշակի խավի շահերը սպասարկելու, խախտված իրավունքները պաշտպանելու համար, այսինքն՝ հասարակական կազմակերպության ստեղծումը ինքնանպատակ չէ, որևէ ձևով արդարացված չէ, որ Դատավորների միությունը տարիներ շարունակ չունի ղեկավար մարմին»,- ասաց Ռշտունին:

Խոսելով իր վերաբերյալ կարգապահական վարույթի մասին՝ դատավորն ասաց, որ իր արտահայտած ցանկացած կարծիք կարող է սուբյեկտիվ հնչել, քանի որ պետք է իր մասին խոսի, ուստի զերծ կմնա գնահատականներ տալուց:

«Մեր ասելիքը մենք կներկայացնենք Բարձրագույն դատական խորհրդի նիստերի ընթացքում, և կարծում եմ, որ անկողմնակալ դիտորդի մոտ կարծիք կձևավորվի, թե որն էր վարույթի նպատակը։ Ես ծանոթ չեմ մեկ այլ վարույթի, որ իրենց նախաձեռնությամբ ուսումնասիրեն դատավորի գործերն ու վարույթ հարուցեն»,- ասաց Ռշտունին:

Անդրադառնալով գործերի՝ ձեռքով մակագրման խնդրին՝ Վերաքննիչ դատարանի նախկին նախագահն ասաց, որ տարիներ շարունակ մի շարք միջազգային կազմակերպություններ պայքարել են, որ այդ համակարգը ներդրվի, ըստ որում՝ Վերաքննիչ դատարանում ոչ միայն բուն գործերն, այլև մինչդատական վարույթի գործերն էին էլեկտրոնային մակագրման միջոցով իրականացվել: Ինչ վերաբերում է գործերի մակագրմանը ենթադրյալ միջամտությանը, Ռշռունին նշեց, որ այս խնդիրն առաջ է քաշվել նաեւ իր պաշտոնավարման ժամանակ որպես դատարանի նախագահ։ Իր հետ կապ է հաստատել ԱԱԾ պաշտոնյա Միքայել Համբարձումյանը, իրենք պայմանավորվել են, որ առգրավում հնարավոր չէ, քանի որ դատարանի գործունեությունը կխաթարվի, ինչից հետո ԱԱԾ-ն եկել տեղում՝ Վերաքննիչ դատարանում ուսումնասիրել է։ Նմանօրինակ լուծումը ցանկության դեպքում այժմ ևս հնարավոր էր:

Վերաքննիչ դատարանի ներկայիս նախագահ Տիգրան Սահակյանը խուսափեց լրագրողների հարցերին պատասխանել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter