
Ռուսաստանն «Իսկանդեր» համակարգերը Հեռավոր Արևելքից տեղափոխում է Ուկրաինայի հետ սահման
Conflict Intelligence Team (CIT) հետաքննական խումբը համացանցում հայտնաբերել է առնվազն երեք տեսանյութ, որից եզրակացություն է արել, որ Ռուսաստանը Արևելյան ռազմական օկրուգից «Իսկանդեր» հրթիռային համակարգերը տեղափոխում է արևմտյան ուղղություն։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է CIT-ն։
Տեսանյութերն արվել են Ուրալում և Հեռավոր Արևելքում։ Դրանք սոցիալական ցանցերում հրապարակվել են հունվարի 11-ին և 13-ին։ CIT վերլուծաբանները կարծում են, որ տեսանյութում երևում են արձակման համակարգեր, տրանսպորտային-լիցքավորման մեքենաներ և «Իսկանդեր» համալիրի հրթիռներ։
ржд pic.twitter.com/TKUDM1jcnE
— IgorGirkin (@GirkinGirkin) January 11, 2022
Ինչպես գրում է CIT-ն, հղում անելով «բաց տվյալներում առկա տեղեկատվության վրա», «Իսկանդեր» համալիրները տեղափոխող երկաթուղային փոխադրամիջոցները դուրս են եկել Ուլան-Ուդեից և Բիրոբիջանից, որոնցից ոչ շատ հեռու տեղակայված են 103-րդ և 107-րդ հրթիռային բրիգադները։ Դրանք իրենց կազմում ունեն «Իսկանդեր» համակարգեր և մտնում են ՌԴ զինված ուժերի 36-րդ և 35-րդ համազորային բանակների մեջ։
«Ավելի վաղ, մենք նկատել էինք արևմտյան ուղղությամբ այդ բանակային միավորումների շարժը։ «Ուկրաինա» 107-րդ հրթիռային բրիգադի տեղափոխումը նաև հիշատակվում է ռազմական տեխնիկայով տեսանյութերից մեկի մեկնաբանություններում»,- նշել են CIT-ից։
2021 թվականի գարնանը Ռուսաստանն ուկրաինական սահմանի մոտ սկսել էր զորքեր տեղակայել։ Այդ ժամանակ վերլուծաբանները նկատել էին Վորոնեժի մարզ «Իսկանդեր»-ների տեղափոխումը։ 2021 թվականի աշնանը դարձյալ սկսել էին տարածվել հաղորդագրություններ՝ ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորքերի տեղակայման վերաբերյալ։ Արևմուտքում կարծում են, որ Մոսկվան պատրաստվում է ներխուժել Ուկրաինա։ Վերջինս ռուսական կողմը հերքում է՝ պնդելով, թե ռուսական զորքերի տեղափոխումը պայմանավորված է զորավարժություններով։
2021 թվականի նոյեմբերից Conflict Intelligence Team-ը բազմիցս հայտնել է դեպի Ռուսաստանի արևմուտք ռազմական տեխնիկայի տեղափոխման մասին։
Լուսանկարը՝ արխիվային/ՌԴ պաշտպանության նախարարություն
Մեկնաբանել