HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ Թուրքիայի ներկայացուցչի հետ բանակցություններին

Խորհրդարանի հերթական նիստը շարունակվում է Հայաստան-Թուրքիա հատուկ ներկայացուցիչների` Մոսկվայում կայացած հանդիպման քննարկմամբ: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ԱԺ պատգամավորը, փոխխոսնակն ունի Սահմանադրությամբ ու օրենքով սահմանված կոնկրետ լիազորություններ և չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն` բացի օրենքով թվարկված պաշտոններից:

«Պարոն Ռուբինյան, էստեղ բարձրացվում է հարց, որ ներկայացնեք այն իրավական հիմքերը, որով նշանակվել եք այդ պաշտոնում»,- ասաց նա:

Նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ իր ելույթում նշեց, որ չկա որևէ հրամանագիր, որի համաձայն՝ Ռուբեն Ռուբինյանը հատուկ բանագնաց է նշանակվել ՀՀ-ի կողմից:

«Հերթական անգամ փաստվում է, որ Հայաստանի իշխանությունները գաղտագողի գործողություններ են իրականացնում: Ռուբինյանն ու Արշակյանն ասացին` Չավուշօղլուն առաջարկեց, մենք էլ արձագանքեցինք: Ո՛չ, դեկտեմբերի 13-ին Թուրքիայի խորհրդարանի լիագումար նիստում Չավուշօղլուն ասել է` մենք շուտով հատուկ ներկայացուցիչներ կնշանակենք փոխադարձության սկզբունքով»,- ասաց Մանուկյանը:

Պատգամավորի համոզմամբ` այս գործընթացում Թուրքիան եղել է թելադրողը, Չավուշօղլուն ասում է, ՀՀ ներկայացուցիչները՝ արձագանքում:

«ԱԺ փոխնախագահը ԱԺ բյուջեով Մոսկվա է գործուղվում, որովհետև գործընթացը փնթի է կատարվում, պրոտոկոլ չի պահպանվում, Մոսկվայում Թուրքիայի բանագնացը դրոշով մեքենայով է գալիս, մերոնք` չէ»,- ասաց Մանուկյանը:

Այնուհետև արտահերթ ելույթով հանդես եկավ Ռուբեն Ռուբինյանը` ասելով, որ չի զլանա ու կպատասխանի հարցադրումներին: Նախ նա հայտարարեց` ոչ թե հատուկ բանագնաց, այլ հատուկ ներկայացուցիչ:

«Հատուկ ներկայացուցիչը պաշտոն չէ, գործառույթ է, ես չեմ նշանակվել որևէ պաշտոնի, ինչպես ԱԺ փոխնախագահ հանդիսանում էի, այդպես էլ շարունակում եմ հանդիսանալ, բայց իրականացնում եմ հատուկ ներկայացուցչի գործառույթը, որը պատվիրակվել է հրապարակայնորեն: Ասում եք` ինչու է բյուջեով մեկնել, բա ինչո՞վ պետք է մեկնեի, պետք է ծրարով փող ստանայի, գնայի տոմս առնե՞ի, ի՞նչ է, ԱԺ-ն առանձին կառո՞ւյց է, որը պետության հետ կապ չունի»,- նշեց նա:

Ռուբինյանն անդրադարձավ այն հարցին, որ Թուրքիայի ներկայացուցչի մեքենան դրոշով է եղել։ Նրա խոսքով` մինչ հատուկ ներկայացուցիչների հանդիպումը վերջիններս երկկողմ հանդիպումներ են ունեցել ՌԴ փոխարտգործնախարարի հետ, և իր տեղեկություններով՝ այդ հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ-ում Թուրքիայի դեսպանը, և դա է պատճառը, որ դեսպանի մեքենայով են գնացել:

«Ասում եք` ինչպես են պայմանավորվել հատուկ ներկայացուցիչներ նշանակել, ձեր խմբակցության մեծ մասը փորձառու մարդիկ են, սիրելի բարեկամներ, պարզ է չէ՝ ոնց են գործընթացները լինում, ամեն ինչ հրապարակային է եղել: Չի եղել մինչ այս պահը մի իրադարձություն, որի մասին մեր ԱԳՆ-ն չի տեղեկացրել, որ ասում եք գաղտագողի գործընթացներ, ինձ ամենաշատը դա է նյարդայնացնում, ՀՀ-ի պատմության ընթացքում տեղի են ունեցել բանակցություններ Թուրքիայի հետ բոլոր նախագահների օրոք, ինչ եք կարծում այդ բանակցությունների քա՞նի տոկոսն է եղել գաղտնի, քանիսը` բաց»,- ասաց նա:

ԱԺ փոխխոսնակը համոզմունք հայտնեց, որ ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկը եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, նա հետաքրրքվեց, թե արդյոք գաղտագողի բանակցություններ են եղել Քոչարյանի պաշտոնավարման շրջանում, նա «Հայաստան» խմբակցության գործողությունները երեսպաշտություն համարեց:

«Միակ դեպքն է, որ սկսվում է գործընթաց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, և այդ գործընթացի առաջին իսկ կետը հրապարակային է»,- եզրափակեց Ռուբինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter