HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փոփոխություններ են առաջարկվում զոհված զինծառայողի ժառանգությունը ստանալու ընթացակարգում

Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի հեղինակած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը պատերազմում զոհված զինծառայողի ժառանգությունը ստանալու համար պարզեցված ընթացակարգ է ենթադրում:

Նախագծի հեղինակի խոսքով` գործող օրենքի համաձայն՝ ժառանգությունը հնարավոր է ստանալ մահվանից վեց ամիս անց:

«Բայց երբ անձը մահացել է պատերազմի ընթացքում և տևական ժամանակ մահացած անձի ինքնությունը չի պարզվել, ժառանգությունը ստանալը դառնում է բարդ, բաց է թողնում վեց ամսվա ընթացքում նոտարի դիմելու հնարավորությունը: Սա մի խնդիր է, որին բախվել են զոհված և ինքնությունը չպարզած անձանց հարազատները»,- ասաց Նազարյանը:

Լենա Նազարյանի ներկայացմամբ` այն դեպքում, երբ քաղաքացու ինքնությունը չի հաստատվել մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում, առաջարկվում է ժառանգության բացման օրը համարել ոչ թե մահվան օրը, այլ մահվան պետական գրանցման օրը: Փոփոխությունները տարածվելու են նաև անձանց բանկային հաշիվների վրա:

Նազարյանը հայտնեց, որ չի կարող վիճակագրություն հայտնել, թե օրենքի շահառուների թիվը որքան կարող է լինել, սակայն գիտի մեկ զոհված զինծառայողի նման դեպքի մասին, ինչն էլ առիթ է դարձել նախագիծը հեղինակելուն: Փոփոխությունները տարածվելու են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter