HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Վերապատրաստում, վերաբաշխում և քարտեզագրում. բարեփոխումներ մանկական բուժծառայությունում

Հայաստանում նախատեսվում է իրականացնել մանկական բուժծառայությունների բարեփոխումների ծրագիր, որի հիմնական նպատակներից է լինելու ստացիոնար ծառայութունների ծանրաբեռնվածության նվազեցումը, պոլիկլինիկաների բուժանձնակազմի կրթության մակարդակի բարձրացումն ու երեխաների բուժօգնության հնարավորինս արդյունավետ տրամադրումը։

Առողջապահության նախարարության՝ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանն ասում է, որ թեև ֆինանսավորումը չի նվազի՝ կկատարվի վերաբաշխում մանկական ստացիոնար և ամբուլատոր բուժծառայությունների միջև։

Կիրականացվի նաև մարզային բուժհաստատությունների քարտեզագրում՝ սարքավորումների և մասնագիտական հագեցվածությունը հասկանալու համար, որը մինչ օրս չի իրականացվել։



Առողջապահության նախարարությունը ձևավորել է աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկվել են մանկաբույժներ և ոլորտի մասնագետներ՝ ուսումնասիրելու բոլոր այն հարցերը, որոնց շնորհիվ մանկական բժշկական ծառայությունը պետք է դառնա առավել արդյունավետ թե’ առողջության առաջնային պահպանման (ԱՊ), թե’ ստացիոնար օղակում։

Խումբը մշակել է ալգորիթմներ, չափորոշիչներ, որոնցով պետք է առաջնորդվեն բուժհաստատությունները մանկական ծառայությունների որակն ու արդյունավետությունը բարձրացնելու համար։ Սա, ԱՆ հավաստմամբ, հիվանդանոցների մենեջմենթի բարելավման համար է։

Բարեփոխումներն իրականացվելու են ինչպես Կառավարության՝ 2021-2026թթ. ծրագրերի, այնպես էլ՝ Առողջապահության նախարարության ծրագրերի շրջանակներում։

«Խնդիրներից մեկը ստացիոնար ծառայության գերծանրաբեռնվածությունն է, առավել ևս՝ սեզոնային վարակների ակտիվացման շրջանում, և ԱՊ (առաջնային պահպանման, հեղ.) օղակի արդյունավետության բարձրացումը,- ասում է ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Ն. Փաշայանը։- Աշխատանքային խումբը կաշախատի այս ուղղությամբ, որ հստակեցնի յուրաքանչյուր օղակի պատասխանատվության սահմանները։ Այսինքն՝ կսահմանվեն չափորոշիչներ, որոնք թույլ կտան առաջնային օղակին զբաղվել նրանով, ինչի համար ինքը կոչված է. դա կանխարգելիչ աշխատանքն է, թեթև հիվանդությունների բուժումն է տնային պայմաններում»,- ասաց Փաշայանը՝ նշելով, որ երեխաների հիվանդությունների մոտ 80%-ը կարելի է բուժել տնային պայմաններում, միայն ծանր դեպքերը պետք է տարվեն ստացիոնար և լրացուցիչ չծանրաբեռնեն հիվանդանոցները։

Նրա խոսքով՝ սեզոնային հիվանդությունների վերջին սրացումների ժամանակ եղել են դեպքեր, երբ ստացիոնարում օրական սպասարկվում էր 150 ամբուլատոր այց, որոնցից ընդամենը 15-20%-ն էին հոսպիտալացվում։ Սա հենց ցուցանիշ էր, որը, ըստ Ն. Փաշայանի, հիմք տվեց ենթադրելու, որ այս գործընթացն արդեն պետք է կարգավորվի։

Գերծանրաբեռնվածության մասին մտահոգություն ԱՆ-ն նաև բուժհաստատություններից է ստացել, քանի որ դրա պատճառով նվազել է նաև դրանց արդյունավետությունը։ Այդ է պատճառը, որ մշակվելու են նաև չափորոշիչներ և հիվանդությունների ցանկեր, որոնց դեպքում միայն ստացիոնարը պետք է ընդունի։

Թեև այդ չափորոշիչները վաղուց կան, սակայն Փաշայանն ասում է, որ դրանք հիմա առավել հստակեցվում են, որ երկակի մեկնաբանությունների տեղիք չտան, և լինեն ավելի հստակ։

Ստացիոնարի ծանրաբեռնվածության պատճառները, նրա խոսքով, շատ-շատ են, բայց հիմնականն ամբուլատոր օղակի բժիշկների շրջանում կրթության պակասն է և ծնողների վարքագիծը, անվստահությունն այդ օղակի նկատմամբ, որի պատճառով այն հաճախ շրջանցում են ու միանգամից գնում ստացիոնար։

Բարեփոխումների շրջանակներում իրականացվելու է նաև ամբուլատոր օղակի վերազինում, մանկական անկետաների թվայնացում, որը, ըստ վարչության պետի, կկրճատի ամբուլատոր օղակի թղթային աշխատանքն ու կբարելավի դրա որակը։

Վերազինմամբ, մասնավորապես, կբարելավվեն ամբուլատոր օղակի սարքերը, ինչպես նաև՝ կլինեն մասնագիտական վերապատրաստումներ։

Պլանավորվում է բարելավել նաև ԱՊ օղակի ֆինանսավորումը, սակայն՝ ոչ դրա ավելացման հաշվին. նախատեսվում է իրականացնել ստացիոնար օղակի ֆինանսների վերաբաշխում։

«Կպակասեցվի այն դեպքերի ֆինանսավորումը, որոնք որ պահանջում են ավելի նվազ մահճակալային օրեր (ստացիոնար բուժում, հեղ.), այսինքն՝ բուժումն ավելի կարճատև կլինի, և դրա փոխարեն ֆինանսավորումը կուղղվի այն ծառայությունների վրա, որոնք առավել ծախսատար են՝ վիրաբուժական ծառայությունը, վերակենդանացման ծառայությունը, որի դեպքում երեխաները նույնիսկ ամիսներով գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց նա։

Նշենք, որ եթե Երևանում թե՛ կադրային, թե՛ սարքավորւմների առումով կան բավականին հագեցած մանկական վերակենդանացման բաժանմունքներ, ապա մարզերում նման հագեցվածություն կա միայն Գյումրիում։ Մյուս մարզերում կան մասնագետներ, որոնք աշխատում են «խառը» վերակենդանացման բաժանմունքներում, որոնք նախատեսված են թե’ մեծերի, թե’ երեխաների համար։

Այս առումով՝ Ն. Փաշայանը նշեց, որ իրենք պլանավորում են նաև քարտեզագրել՝ հասկանալու մարզերում հագեցվածության մակարդակը, անհրաժեշտության դեպքում նաև՝ մարզային մանկական բուժծառայության հագեցվածությունն ավելացնելու համար։

«Ծառայությունը զգալի կբարելավվի, եթե մարզային ծառայությունն իմանա իր գործառույթը, կարողանա ճիշտ և ժամանակին օգնություն ցուցաբերել, այնուհետև, եթե անհրաժեշտություն կա, տեղափոխի (Երևանի բուժհաստատություններ, հեղ.) արդեն կայուն վիճակում»,- ասաց նա։

Այս շրջանակներում նախատեսվում է բարելավել նաև մանկական պալիատիվ օգնության տրամադրումը։ 2021թ. աշնանը բացվել է առաջին ստացիոնար մանկական պալիատիվ ծառայությունը «Արյունաբանական կենտրոն»-ում, բայց սա, վարչության պետի խոսքով, դեռ բավարար չէ։

«Կյանքի վերջին փուլում երեխայի գտնվելու ամենաճիշտ տեղը տունն է, իր հարազատների շրջապատն է, և նախատեսում ենք ստեղծել արտահիվանդանոցային, արտագնա պալիատիվ ծառայություն։ Այս դեպքում մեր մասնագետները կայցելեն ծանր հիվանդ երեխաների իրենց տներում, և կցուցաբերեն այդ օգնությունը տանը՝  նաև սովորեցնելով ծնողին»։

 «Պալիատիվ օգնություն (ֆրանսերեն՝ palliatif, լատիներեն՝ pallium ծածկոց, թիկնոց բառից), ամոքիչ օգնություն, մոտեցում, որը թույլ է տալիս բարելավել կյանքին սպառնացող հիվանդությունների (քաղցկեղով և կյանքը սահմանափակող այլ հիվանդություններ) խնդրին բախվող հիվանդների և նրանց ընտանիքների կյանքի որակը՝ ցավի և այլ ֆիզիկական ախտանիշների վաղ հայտնաբերման, մանրակրկիտ գնահատման և բուժման օգնությամբ տառապանքների կանխարգելման ու թեթևացման, ինչպես նաև հիվանդին և նրա հարազատներին հոգեբանասոցիալական ու հոգևոր աջակցության տրամադրման միջոցով[1]։

Ծրագիրը սկզբում պիլոտային կարգով կիրականացվի Երևանում, ապա նաև՝ մարզերում։

Թե կոնկրետ ինչ ժամկետներ են սահմանված այս բոլոր միջոցառումների իրականացման համար, Փաշայանը չհստակեցրեց, սակայն նշեց, արդեն վերջնականապես մշակվել են այն հիվանդությունների ցանկերը, որոնք պետք է բուժվեն ստացիոնարում.

«Աշխատանքի ծավալը շատ մեծ է, այս պահին ինչ-որ ժամկետներ ասել չեմ կարող, բայց մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում»,- նշեց Ն. Փաշայանը։

Ինչ վերաբերում է պոլիկլինիկաներից մարդկանց դժգոհություններին, Փաշայանն ասաց, որ տեղյակ են, և բոլորը հաշվի են առնում։ Դրանք առավելապես վերաբերում են բժիշկների մասնագիտական որակներին։

Իսկ ծնողների համար մինչև 2022թ. նախատեսվում է ստեղծել կայք և բջջային հավելված, որտեղ տեղադրված կլինեն արժանահավատ տեղեկություններ տարբեր հիվանդությունների, դրանց ժամանակ երեխաների խնամքի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter