HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պետր Պորոշենկոն վերադարձել է Ուկրաինա. նրան պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալություն է սպառնում

Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պետր Պորոշենկոն հունվարի 17-ին ժամանել է Կիև։ Այդ մասին հայտնում է Meduza-ն՝ հղում անելով ուկրաինական լրատվամիջոցներին։ «Ժուլյանի» օդանավակայանի մոտ հավաքվել են նրա մոտ 1000-1500 աջակիցներ։ 

Անձնագրային ստուգման կետի մոտ Պորոշենկոյին են մոտեցել Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոյի աշխատակիցները, որոնք փորձել են նրան հանձնել պետական դավաճանության և ահաբեկչությանն աջակցելու գործի վերաբերյալ դատարան ներկայանալու ծանուցագիրը, որով անցնում է Պորոշենկոն։ Վերջինս հրաժարվել է ընդունել այն։ 

Երկուշաբթի Կիևի Պեչերսկի շրջանային դատարանը կորոշի պետական դավաճանության գործով Պորոշենկոյի խափանման միջոցը։ Այն մեկնարկել է Երևանի ժամանակով 13:00-ին։ 

Անձնագրային ստուգման կետում վերցրել են Պորոշենկոյի անձնագիրը, որից հետո նախկին նախագահը հայտարարել է, որ իրեն թույլ չեն տալիս մտնել Ուկրաինայի տարածք։ Շուտով նրա անձնագիրը վերադարձրել են, իսկ Պորոշենկոն կարողացել է անցնել օդանավակայանում իրականացվող ստուգումը։ 

Ուկրաինա վերադարձից ոչ շատ առաջ «Левый берег» պարբերականը հրապարակել էր նախկին նախագահի հարցազրույցը։ «Առաջինը, ես չեմ նստի, երկրորդը, ես թույլ չեմ տա, որ ինձ նստեցնեն։ Ես Տիմոշենկոն չեմ․․․ Երրորդը, ես կգործեմ առավելագույնս արդյունավետ, որպեսզի պաշտպանեմ Ուկրաինան։ Պաշտպանելով ինձ՝ ես լրիվ վստահ եմ, որ պաշտպանում եմ Ուկրաինան»,- հայտարարել էր Պորոշենկոն։ 

2021 թվականի դեկտեմբերին Պորոշենկոն կասկածյալի կարգավիճակ էր ստացել պետական դավաճանության գործով, որը հարուցվել էր «2014-2015 թվականերին ռազմական դիմակայության պայմաններում ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ ածուխի մատակարարման մասով»։ Պորոշենկոն հերքում է բոլոր մեղադրանքները։ 

Երբ դեկտեմբերին քննիչները փորձել էին Պորոշենկոյին փոխանցել հարցաքննության ծանուցագիրը, նախկին նախագահը հեռացել էր անհայտ ուղղությամբ։ Այդ ժամանակ նրա «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունից նշել էին, որ Պորոշենկոն կվերադառնա Ուկրաինա նախատեսված հանդիպումներից և կարճաժամկետ արձակուրդից հետո։ 

Հունվարին Կիևի դատարանը, հետաքննության շրջանակներում, կալանք էր դրել Պորոշենկոյի ունեցվածքի վրա, այդ թվում՝ Վինիցայում և Կիևում գտնվող նրա բնակարանների, ինչպես նաև՝ Կոզինում գտնվող կալվածքի։

Ածխի մատակարարման գործով կասկածյալի կարգավիճակ ունի նաև «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը, որին ԶԼՄ-ներն անվանում են «Պուտինի ընկեր» և Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Վլադիմիր Դեմչիշինը։ 

Լուսանկարը՝  REUTERS / Valentyn Ogirenko

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter