HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լուկաշենկոյի պնդմամբ՝ Ուկրաինան զորքեր է տեղակայում Բելառուսի հետ սահմանին

Ուկրաինան Բելառուսի հետ սահմանին մեծացնում է ռազմական անձնակազմը։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ հունվարի 17-ին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի համատեղ օպերատիվ զորավարժությունների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։ 

«Ուկրաինան շարունակում է համալրել իր ուժերը՝ կենտրոնացնելով «ազգայնական-արմատականներից» բաղկացած Ազգային գվարդիայի ստորաբաժանումները։ Դա ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ի զինվորականները, և այդ ամենը հենց մեր երկրի պետական սահմանի մոտակայքում»,- նշել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ այդ ամենը դարձյալ կլինի «ներգաղթյալների դեմ պայքարի տեսքով»։ «Ներգաղթյալներն այնտեղ նույնիսկ ամենաահավոր երազում չեն ընկնի։ Նրանք այնտեղ չեն գնում և չեն պատրաստվում Ուկրաինա գնալ, մենք այդ ամենը շատ լավ հասկանում ենք։ Ուկրաինայից իր քաղաքացիներն են փախչում, իսկ նրանք «կպաշտպանվեն Բելառուսից եկած ներգաղթյալներից»»,- նշել է Բելառուսի նախագահը։ 

Նրա խոսքով, Ուկրաինայում՝ բելառուսական սահմանի մոտ, անցկացվում է հատուկ գործողություն։ Ընդ որում, սահմանային հատված է բերվել մինչև 10 000 զինծառայող։ «Այսինքն՝ դինամիկան այնպիսին է, որ մեր երկրի հարավային սահմանին ընթանում է ռազմական անձնակազմի ավելացում»,- հավելել է Լուկաշենկոն։  

Վերջինս նաև հայտարարել է, որ Լեհաստանն ու Մերձբալթյան երկրները Բելառուսի հետ սահմանին տեղակայել են ավելի քան 30 000 զինծառայող։ «Առկա տվյալների համաձայն՝ Լեհաստանում, Բելառուսի և Մերձբալթյան երկրների հետ սահմանին կենտրոնացվել է ավելի քան 30 000 զինծառայող և տեխնիկա»,- նշել է նա։ 

Բելառուսի նախագահն ընդգծել է, որ Լեհաստանը դիմել է ՆԱՏՕ-ի ղեկավարությանը՝ խնդրելով տարածաշրջանում տեղակայել թիկունքային և տեխնիկական ապահովության բազմաէշելոն համակարգ։ Ընդ որում, Լուկաշենկոյի խոսքով, Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանի հետ ներկայիս բանակցություններում փորձում է դրանք «քողարկել, կարծես թե ոչինչ չի ընթանում»։ «Իսկ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Վարշավան դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը<...> Որպես զինվորական մարդիկ մենք հարց ենք տալիս՝ ինչու՞»,- նշել է նա։

Բելառուսի նախագահի պնդմամբ՝ Լեհաստանում և Մերձբալթյան երկրներում ռոտացիոն հիմունքներով գտնվում է 8-10 հազար ամերիկացի զինծառայող։ «Ամերիկացիներն այստեղ ի՞նչ գործ ունեն։ Ինչու՞ մեզ, Ռուսաստանին կշտամբել, որ մենք ինչ-որ զորավարժություններ ենք անում<...> Դուք այստեղ ի՞նչ եք անելու»,- ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը հայտարարել է, որ «առանձին տաքգլուխներ արդեն բացահայտ պատերազմի կոչ են անում»։ «Մենք լսում ենք այդ հայտարարությունները»,- եզրափակել է նա։

Լուսանկարը՝ Белта գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter