HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Անօդաչուների հարձակման հետեւանքով Աբու Դաբիում 3 զոհ կա

Աբու Դաբիում անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման արդյունքում զոհվել է 3 մարդ` մեկ պակիստանցի և Հնդկաստանի երկու քաղաքացի, ևս 6 մարդ վիրավորվել է։ Այդ մասին հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքի ոստիկանությունը։ Հարձակման թիրախ են եղել երեք բենզատարները, որոնք պայթել են և այրվել։ Ոստիկանության տվյալներով՝ օդանավակայանի մոտ գտնվող շինհրապարակում ոչ մեծ հրդեհ է առաջացել, որը հաջողվել է մարել։  

Զուգահեռաբար, եմենյան հութիները հայտարարել են ԱՄԷ տարածքում հարձակման մասին։ «Ալ Ջազիրա»-ի փոխանցմամբ՝ «Անսար Ալլահ» հութիական շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան նշել է, որ «առաջիկա ժամերի ընթացքում» հայտարարություն կտարածվի «իրականացված ռազմական գործողության վերաբերյալ»։ «Ալ Մայադին» հեռուստաընկերության տվյալներով՝ հարձակումն իրականացվել է 20 անօդաչուների և 10 բալիստիկ հրթիռների օգնությամբ, որոնք «խոցել են զգայուն նշանակետեր»։ 

Իր հերթին «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը հայտնել է արաբական կոալիցիայի կողմից երեք անօդաչուների որսման և ոչնչացման վերաբերյալ, որոնք Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանից արձակել էին հութիները։ Կոալիցիան եմենյան ապստամբներին մեղադրել է խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտներին վնաս հասցնելու մեջ։ Արաբական Միացյալ Էմիրություններն անդամակցում է Սաուդյան Արաբիայի գլխավորած հակահութիական կոալիցիային։ Դա է հավանական պատճառներից մեկն է, որ այդ երկրի մայրաքաղաքը դարձել է հութիների հարձակման թիրախ։

Եմենում 2014 թվականից ընթանում է արյունարբու քաղաքացիական պատերազմ մի կողմից հութիների, որոնք գրավել են մայրաքաղաք Սանան և երկրի հյուսիսային շրջանների մեծ մասը ու կառավարական զորքերի միջև, որոնք աջակցություն են ստանում Սաուդյան Արաբիայից։ 

Եմենում ռազմական հակամարտությունը դիտարկվում է որպես Էր Ռիադի և Թեհրանի միջև հակամարտություն։ 2019 թվականի մայիսի կեսերին Սաուդյան Արաբիայում նավթային երկու կայաններ ենթարկվել էին զինված դրոնների հարձակմանը։ Այդ ժամանակ հարձակման պատասխանատվությունը ևս ստանձնել էին հութիները։

Լուսանկարը՝ Ahmed Jadallah/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter