
Համավարակից ի վեր մարդկանց 99%-ի եկամուտները կրճատվել են, իսկ 10 ամենահարուստ մարդկանց ունեցվածքը` կրկնապատկվել
Կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր աշխարհի 10 ամենահարուստ մարդիկ կրկնապատկել են իրենց համախառն կարողությունը՝ 700 միլիարդ դոլարից հասցնելով 1,5 տրիլիոնի։ Այդ մասին նշվում է Oxfam կազմակերպության «Անհավասարությունը սպանում է» վերնագրով զեկույցում։
2020 թվականի մարտին 10 ամենահարուստ մարդկանց կարողությունն օրական ավելացել է 1,3 միլիարդ դոլարով։ Ինչպես նշում է Oxfam-ը, միևնույն ժամանակ, մարդկանց 99%-ի եկամուտները կրճատվել են, ավելի քան 160 միլիոն մարդ հայտնվել է աղքատության շեմին։
Զեկույցի հեղինակները կարծում են, որ միլիարդատերերը, ի թիվս այլ բաների, շահել են բաժնետոմսերի փոխարժեքների աճի ֆոնին տարբեր երկրների կառավարությունների կողմից ֆոնդային շուկաներ տրիլիոնավոր դոլարների ներհոսքի հաշվին՝ տնտեսությունը փրկելու նպատակով:
Oxfam-ը կոչ է արել հարկեր սահմանել գերհարուստների համար, իսկ ստացված գումարներն ուղղել առողջապահությանը և սոցիալական պաշտպանությանը։ «Եթե այդ 10 մարդիկ վաղը կորցնեն իրենց կարողության 99,999 %-ը, միևնույն է հարուստ կլինեն այս երկրագնդի բնակչության 99 %-ից։ Հիմա նրանք վեց անգամ ավելի շատ հարստություն ունեն, քան 3,1 միլիարդ ամենաաղքատ մարդիկ»,- հայտարարել է Oxfam International-ի գործադիր տնօրեն Գաբրիելա Բուհերը։
Oxfam-ի պնդմամբ՝ անհավասարությունը, առողջապահության անհասանելիությունը, գենդերային բռնության, սովի և կլիմայի փոփոխության պատճառով օրական 21 հազար մարդու մահվան է պատճառ են դառնում։ Կազմակերպության կանխատեսմամբ՝ 2030 թվականին 3,3 միլիարդ մարդ օրական կապրի 5,5 դոլարից էլ քիչ գումարով։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել