HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Բնակելի շենքի` 8 տարի տևող շինարարությունից հետո շահառուներին նոր գներ են առաջարկում, նրանք դեմ են

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախաձեռնությամբ երիտասարդ մասնագետների համար սոցիալական ծրագրով 2013 թ.-ին Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան 125/4 հասցեում սկսվել են բնակելի շենքի կառուցապատման աշխատանքները։ Շինաշխատանքների մեկնարկից անցել է 8 տարի, սակայն բնակելի շենքը դեռևս շահագործման չի հանձնվել։ Կառուցապատող «Ինժեներ լիգա» ընկերությունը շահառուներին նոր գներ է առաջարկում, քանի որ նախնական պայմանագրով մի շարք աշխատանքներ ներառված չեն եղել նախատեսված գնի մեջ։ Բնակիչները, սակայն, համաձայն չեն ընկերության հաշվարկների հետ և պահանջում են, որ պայմանագրերը նորացվեն խելամիտ գներով։

Լևոն Մխիթարյանը և Վահե Մելքոնյանը բնակարաններ ձեռք բերելու նպատակով պայմանագրեր են կնքել «Ինժեներ լիգա» ՓԲ ընկերության հետ: Շահառուներն, ըստ պայմանագրերի, ունեցել են բնակարանի սահմանված արժեքներ՝ 1 քառակուսի մետրի համար 248 000 դրամ և շահագործման հանձման ժամկետ։ Սակայն պայմանագրում մի շարք աշխատանքներ ներառված չեն եղել։ Այդ աշխատանքներն իրականացնելու համար ընկերությունը մոտ 100 000-ով ցանկանում է ավելացնել 8 տարի առաջ սահմանված քառակուսի մետրի արժեքը:

2015-ին համալսարանի և կառուցապատող «Հորիզոն-95» ընկերության միջև վեճ էր ծագել, որի պատճառով շինաշխատանքները դադարեցվել էին:

««Հորիզոն 95»-ը շենքի կմախքը սարքել էր, տարածքը ցանկապատել էր և պահակակետ տեղադրել։ «Ինժեներ լիգան»՝ պատվիրատուն, ոստիկանություն կանչեց, քանդեցին ցանկապատը»,- պատմում է Լևոն Մխիթարյանը։

2015-2018 թթ․ դատական գործի պատճառով շինարարության վրա կալանք էր դրվել՝ մինչև կճշտվեին կապալառու ընկերության կատարած աշխատանքի ծավալները։

«2018 թվականին մեզ գրություն եկավ, որ դատարանի որոշմամբ կալանքը հանվել է, և 2018-ից շինաշխատանքները վերսկսում են։ 2018 թվականին «Ինժեներ լիգան» մեզ ներկայացրեց Գագիկ Մակարյանին, որը Գործատուների միության նախագահն է, նաև՝ ընկերության կառավարման խորհրդի նախագահը, մեզ հետ կազմակերպվեց հանդիպում, որտեղ նա ներկայացրեց, որ հեսա 2 ամսում շինարարությունը կվերջացնի ու մեզ կհանձնի։ Ամեն անգամ մեզ բանավոր ասում ա, որ քառակուսի մետրը 200 դոլարով ավելանում է, սակայն մենք պայմանագրի հստակ գներ ունենք»,- ասում է Լևոն Մխիթարյանը։ 

buh.am կայքում 2018-ին մի հոդված էր հրապարակվել, որտեղ Գագիկ Մակարյանը հայտնում է շինաշխատանքների վերսկսման մասին, և նշում, որ կառուցապատողն այս ծրագրից որևէ շահույթ չի հետապնդում, բնակարանները վաճառվելու են ինքնարժեքով։

Սակայն, շահառուի խոսքով, 22 000 դոլար արժողությամբ վերելակը իրենց վաճառել են 35 000-ով։

«Ընկերս, որն էլի շենքի շահառու է, մաքսակետում է աշխատում, էտ վերելակը Չինաստանից բերած 20-22 հազար դոլարանոց վերելակա, էդտեղ էլ են փող աշխատել»,- նշում է Լևոն Մխիթարյանը:

Լևոն Մխիթարյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս է։ Նրա խոսքով՝ շենքի բնակարանների գրեթե բոլոր գնորդները շինարարներ են, իրենք էլ են հաշվարկներ անում, և, ըստ շահառուների, առաջարկվող գներն իրենց համար ընդունելի չեն։

«Հիմա նենց գներ է առաջարկում, որ աբսուրդ է մեզ համար։ Ես հաշվում եմ շենքի արժեքը, Հայաստանում քառակուսի մետրը իրականում 500 դոլարից ավելի չի, էն թվերին (նկատի ունի 2013 թվականը,- հեղ․) 300 դոլար էր»,- ասում է նա:

Վահե Մելքոնյանն էլ նշում է, որ, ըստ Մակարյանի, գները ավելանում են, որովհետև շինարարությունը երկար է ձգվել, աշխատանքներ կան, որոնք պայմանագրում ներառված չեն՝ անվտանգության համակարգ, ջուր, վերելակ, և դրանց հիման վրա ավելանալու է, սակայն շինարար շահառուների հաշվարկի համաձայն՝ 1 քառակուսի մետրի մեջ 20-30 դոլար կարող է ավելանալ։

«Ես, Գագիկ Մակարյանը, տնօրեն Գագիկ Սարգսյանը և իրենց հաշվապահը հաշվել ենք՝ պայմանագրով էս պիտի տայինք, բայց որպեսզի շենքը շահագործման հանձնվի, նաև այլ ծախսեր պետք է արվեր, այդ ծախսերն էլ հաշվեցինք, քառակուսի մետրն ավելանում էր ամենաշատը 30 դոլար, ինքն ասում է՝ 200 դոլար: Էս վերջին ամիսներիին շինարարությունը դադարեցվել է, ես չեմ վճարում, բայց վերջին 1 տարվա մեջ 5 մլն փող եմ տվել»,- պատմում է Լևոն Մխիթարյանը։

Լևոնին՝ որպես երիտասարդ դասախոսի, բնակարանի արժեքի որոշ մասը համալսարանն է վճարել։

«Գիտխորհրդի որոշում է եղել, որ 13 շահառու ամսական գումար տա, մենք փոխանցենք իրենց, բոլորս ամբողջ գումարը պարտաճանաչ տվել ենք իրենց շինարարության ընթացքում, հիմա որ հրաժարվում եմ, ասում են՝ էտ համալսարանի փողն էլ պիտի հետ տաս։

Մեզնից հիմա դատարանով փող են ուզում, մենք էլ ասում ենք՝ եկեք մեր պայմանագրերը նորացրեք, հստակեցրեք՝ ե՞րբ եք վերջացնում շինարարությունը, ես 12 մլն փող եմ դրել, անիմաստ քնացրել, չի ասում՝ ե՞րբ է շենքը պատարստ լինելու,- նշում է նա:

Վահե Մելքոնյանի խոսքով՝ 2018 թ․-ին 80 միլիոնից ավելի գումար են հավաքել, սակայն այդքան ծախս չի եղել։

«Բնակիչներով խումբ ենք սարքել, պայմանավորվել ենք, որ որպեսզի շենքի աշխատանքների ուշացում չլինի, բոլորս վճարումներն անում ենք, չեկերը գցում ենք վայբեր, բոլորի չեկերով հավաքել եմ, էքզելի ֆայլ եմ սարքել, գումարել եմ, տեսել եմ, որ եղած վճարումներով 80 մլն+ գումար է հավաքվել, էտ գումարը լրիվ բավական էր, որ էս աշխատանքները վերջացներ, ավարտական ակտը ստանար»,- պատմում է Լևոնը:

Վահեն ասում է, որ իրենք ոչ միայն գնորդ են, այլև՝ համակառուցապատող։ Նա այս շենքում երկու բնակարանի ձեռքբերման պայմանագիր է կնքել։ Ի սկզբանե Վահեն մեկ բնակարանի պայմանագիր էր կնքել, սակայն առանց նրան զգուշացնելու, բնակարանը կիսել են՝ դարձնելով երկուսը։ Շահառուի հավաստմամբ՝ Մակարյանի հորդորով ինքը հրաժարվել է մի տնից, որպեսզի կարողանա վարկ վերցնել իր ազգականի անունով, առաջնային շուկայից գնում կատարել և վճարել բնակարանի գումարը։

Սակայն, ըստ Վահեի, երբ վարկը հաստատվել է, Մակարյանը հրաժարվել է տունը վերադարձնել։

«Ինքը փաստաբանին ասել ա՝ իբր, ես իրանց խնդրել եմ, որ բանկով խարդախությամբ շատ գումար վերցնենք, ինքն էդ փողը հետ տա։ Տունը արժի 29 մլն 800 հազ․ դրամ: Ես իմ երկրորդ գույքը դրել եմ գրավ, որտեղ ես ապրում եմ, բանկը գնահատել է 41 մլն, 38 մլն դրամ տվել։ Ինձ իրանց պարտքը 25 միլիոն էր, ասեցի՝ եկեք մնացած ավել գումարը, որը բանկը տալիս է, ձևակեպեք որպես վերանորոգում, վերանորոգեք տունը:

Ես գրավադրում էի, ազգականս էտ տունը առնում էր, եկամտահարկի օրենքից օգտվում էինք։ Հրաժարվեց տնից, որ էմիլիան վերցներ, որովհետև բանկն ինձ 25 մլն դրամ չէր տա, Գագիկ Մակարյանն է ինձ հուշել՝ ոնց անենք։ Եկավ էն պահը, որ բանկը գումարը հաստատեց, վերջին պահին ասում է՝ չէ, պետք է պարտադիր Վահե Մելքոնյանի անունով լինի, ասում եմ՝ ո՞նց, դու ես ինձ էս ուղու մեջ դրել, դու ես ինձ տարել, որ ես քեզ փող տամ, ասում է՝ ինձ փող պետք չի, ես քեզնից փող չեմ ուզում։ Հիմա փաստաբանիս ասել է, թե Վահեն ուզում էր խարդախություն աներ, շատ փող վերցներ, դրա համար ես իր հետ չեմ գնում գործարքի:

Տունը ես իրանց հետ տվեցի, ասեց՝ դե էս իհարկե կարևոր չի, բայց գրի, որ վճարունակ չեմ, դրա համար եմ հետ տալիս։ Ես էլ ասեցի՝ ինչ ուզում եք գրեք, կարևորը գործարքը անենք։ Վարկը հաստատվեց, նոր մտանք նոտար, որ տունն անեն իրանց անունով, հետո ասում է՝ չէ, ինքը ինձ վիրավորել է, չկա էտ տունը, գնա։ Տունը վերադարձնելուց հետո ինքը դառավ անհասանելի»,- պատմում է Վահեն: 

Գագիկ Մակարյան․ շահառուները վճարունակ չեն

«Ինժեներ լիգայի» կառավարման խորհրդի ղեկավար, ինչպես նաև այդ ընկերության գործադիր մարմինը կառավարող կազմակերպության բաժնետեր, Գործատուների համապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ շահառուները վճարունակ չեն և չեն կարողանում բանկից վարկ վերցնել, նրանք պետք է վճարեն, որպեսզի շինարարությունը շարունակվի և ավարտական ակտ ստանան։

Ըստ Մակարյանի՝ շենքի վրա հսկայական աշխատանք է արվել, հասցվել է ավարտական վիճակի։

Նրա խոսքով՝ շահառուները նաև չեն ուզում ավելացրած արժեքի հարկ (ԱԱՀ) վճարել։ «Բնակելի շենքերի դեպքում բնակարանների վաճառքի դեպքում ԱԱՀ-ն պետք է հստակ գանձվի»,- ասում է նա։

Անդրադառնալով այն հարցին, որ բնակարանների գները քառակուսի մետրի համար 200 դոլարի չափով ավելանում են՝ ընկերության կառավարման խորհրդի ղեկավարը հայտնեց, որ այդ գումարի մոտավորապես կեսը ԱԱՀ-ն է, մնացած գումարն ավելանում է վերելակի, արտաքին կոյուղի քաշելու և այլնի համար։

«Վեոլիան տվել է նախագիծ, որով Արմենակյան փողոցից պետք է բերի կոյուղին շենք, ծախսը կազմում է 25 մլն դրամ՝ նախագիծ և աշխատանք, 7,9 մլն հոսանք քաշելու գինն է, շենքի արտաքին երեսպատումը նախատեսված է եղել, որ պետք է փչեին և ներկեին, իրենք ցանկացել են տուֆ և բազալտ քարով երեսպատում, էդ գինը լրացուցիչ, բնականաբար, ավելացել է և շենքի արտաքին բարեկարգում, որը հին նախագծով չկար»:

Գագիկ Մակարյանը նշում է, որ եթե գումարներ վճարեն, շենքը կարող են 2-3 ամիս հետո հանձնել շահագործման։

Կառավարման խորհրդի նախագահն ասում է, որ Լևոնի հաշվարկը մոտ 40 000 դրամ է՝ առանց ԱԱՀ-ի, իսկ ԱԱՀ-ով մոտավորապես 100 000 է։

«Լևոնը տնօրենին հանդիպել, ասել է, որ 300 000-ով տաք, կվճարեմ, իր բնակարանը քառակուսի մետրը 345 000 է հաշվարկված ԱԱՀ-ով, ինքը ասում է ԱԱՀ-ով չեմ ուզում։

Պայմանագրերն առաջարկել ենք նորացնել, բայց իրենք չեն ստորագրում։ Լևոնը, Վահեն կազմակերպել են նաև, որ իրանց որոշ ընկերներ փող չմուծեն»,-ասում է Գ. Մակարյանը:

Հարցին՝ արդյոք շահառուները ծանոթացել են գների հաշվարկներին՝ Մակարյանն ասաց․ «Լևոնը էդ հաշվարկներն ունի, մենք էլ ենք ցույց տալիս իրանց, իհարկե։ Բայց իրենք ինչո՞ւ պետք է հաշվարկներին մասնակցեն, կոմերցիոն ընկերություն է։ Ինքն ընդամենը գնորդի կարգավիճակ ունեցող անձնավորություն է, ուզում ա, առնում է, չի ուզում, չի առնում, ի՞նչ է նշանակում հաշվապահությունը դնենք ցույց տանք, հաշվենք, մենք որևէ կեղծիք ու պրոբլեմ չունենք, բայց Դուք որ գնում, որևէ ապրանք եք առնում, դուք հաշվա՞րկ եք ուզում խանութից, ինչո՞ւ պիտի բնակարանի համար հաշվարկներ տանք, համաձայնեցնենք, իրենք ով են, ձեռք չի տալիս գինը, չի առնում, վերջ»:

Խոսելով նաև Վահե Մելքոնյանի բնակարանի մասին՝ Գագիկ Մակարյանը նշեց, որ մի բնակարանից Վահեն է հրաժարվել, որովհետև ուզեցել է բնակարանի գինը բարձր գրեն, որ կարողանա բանկից ավելի մեծ գումարներ վերցնել վարկի համար, նաև վերանորոգման փողը՝ 10 մլն։ Մակարյանի խոսքով՝ իրենք չեն ցանկացել խաբել բանկին, իսկ Վահեն հրաժարվել է բնակարանից:

Վահեի բնակարանը «Ինժեներ լիգան» վաճառել է Քնարիկ Մալխասյանին։ Վերջինս Գագիկ Մակարյանի կինն է։

«Մենք էտ տունը առել ենք օրինական, իրավունք չունե՞մ բնակարան առնեմ, ունեմ, չէ՞։ Դա այն բնակարանն է, որ Վահեն հրաժարվել էր, դրա համար էդ բնակարանն ուշադրության տակ է։ Մենք 14 ամիս էդ բնակարանը պահել ենք, սպասել ենք, որ Վահեն կգա և մեր պայմաններով կվերցնի։ Ինքն ասել է՝ ինձ պետք չէ, տնօրենին էլ պաշտոնապես հայտարարել, նոտարի մոտ պայմանագիրը չեղյալ է ճանաչել։ Հետո սկսել է բաներ հորինել, մտածել է, որ էլի ուզում ա, մեզ էլ վիրավորել էր, ասեցինք՝ եթե հին պայմաններով է, թող գա ներողություն խնդրի իր վիրավորական խոսքերի համար, չի եկել՝ չի դիմել», ասում է Գ. Մակարյանը:

Ըստ Մակարյանի՝ Վահեի՝ բնակարանից հրաժարվելուց հետո 11 ամիս սպասել են, ապա գնել այն։

Շահառուները չեն հրաժարվում պայմանագրում չներառված աշխատանքների ԱԱՀ-ն վճարելուց

Լևոն Մխիթարյանը նշում է, որ «Ինժեներ լիգան» և «Հորիզոն 95-ը» պայմանագիր են ունեցել, որտեղ նախահաշվի մեջ ԱԱՀ-ն հաշվարկված է եղել, «Ինժեներ լիգան» «Հորիզոն 95»-ին իր կատարած աշխատանքի համար պետք է գումար փոխանցեր, որի մեջ ԱԱՀ-ն արդեն հաշվարկված էր, այդ գումարը բնակմակերեսի վրա է բաժանվել, և ստացվել է իրենց գումարը՝ 248 000 դրամը:

«Գտնում եմ, որ ԱԱՀ-ն մեջն է, մեզնից ավելորդ ԱԱՀ են ուզում։ Մենք չենք հրաժարվում պայմանագրով չնախատեսված ծախսերի ԱԱՀ-ն վճարելուց»,- ասում է Լևոն Մխիթարյանը:

Ըստ շահառուի՝ ընկերությանն հաշվարկով իր բնակարանի գինը 9 մլն դրամով կավելանա։

«Էսօր Նորք-Մարաշում քառակուսի մետրն 800 դոլար է, բայց մեջն ամեն ինչ արած, իրենց առաջարկած գնով 700 է լինելու, իրանք ասում են էտ 100-ն էլ կվերանորոգեք, էսքան սպասել ու սենց առաջարկ ստանա՞լ: Առաջարկել եմ իրենց ոսկե միջին գտնել, որ և՛ իրենց, և՛ մեզ շահավետ լինի։ Ես պատրաստ եմ ինչ-որ տեղ զիջումների գնալ, իրենք չեն ուզում իրենց կողմից փոքր-ինչ զիջել»,- ասում է Լևոն Մխիթարյանը:

Շահառուները նշում են, որ պատրաստ են վճարել, երբ պայմանագրերը կնորացվեն, և երբ շահագործման հանձման հստակ ժամկետներ կնշվեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter