
Սուրեն Զոլյան. «Ինձ աշխատանքից ազատեցին ոչ թե «տեռորիզմի» համար, այլ Եվրախորհրդի կոմիտեի նիստին մասնակցելու»
«Քանի որ ես պաշտոն նշանակելու համար կաշառք չեմ վերցնում, այդ մարդկանց ազատելը ինձ համար շատ հեշտ է: Ես նայում եմ՝ մարդը գործ անո՞ւմ է, թե՞ ոչ: Եվ իհարկե, որոշ մարդկանց համար դա անհարմար վիճակներ է ստեղծել»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հեռացված ռեկտոր Սուրեն Զոլյանը՝ «Հետքի» խնդրանքով մեկնաբանելով մի շարք դասախոսների այն տեսակետը, որ իր պաշտոնավարման օրոք բուհում դեսպոտիզմի, ստալինիզմի, վախի մթնոլորտ է եղել, և շատ դասախոսներ հեռացվել են աննշան պատճառներով:
Սուրեն Զոլյանի խոսքերով՝ դասախոսների դժգոհությունը կապված է այն փոփոխությունների հետ, որոնք «ուսանողին դարձնում են մեր գործընկերը, այլ ոչ թե դասախոսի ճորտը»: Եվ շատերին, իհարկե, դուր չէր գալիս քննությունների ընթացքը:
Բանախոսը նաև ասաց, որ բուհում ինքը պահանջում է, որ դասախոսը և ավագ դասախոսը տիրապետեն գոնե բակալավրի, իսկ դոցենտը և պրոֆեսորը՝ գոնե ժամանակակից մագիստրոսի մակարդակի գիտելիքների: Այսինքն՝ դասախոսը նույնպես պիտի սովորի, և եթե չի սովորում, մինչև հիմա կարդում է 30-40-ականների մասնագիտական գրականություն, ապա իրավունք չունի ուրիշներին սովորեցնելու:
«Այսօր ուսանողը պահանջում է որակյալ կրթություն: Եթե ես դասախոսին հարցնում եմ մրցույթի ժամանակ՝ 5 տարվա ընթացքում ի՞նչ մասնագիտական գիրք է կարդացել, և ինքը ի վիճակի չի պատասխանել, դա իհարկե «տեռոր» է»,- ասաց Սուրեն Զոլյանը:
Նա չցանկացավ անդրադառնալ այն նամակին, որն իրենից դժգոհող դասախոսներն ուղարկել են նախագահին և վարչապետին: Ասաց, որ անգամ չի կարդացել այդ նամակը:
«Խնդիրը բարձրագույն կրթության հիմնախնդիրն է: Եվ վերջիվերջո, ինձ աշխատանքից ազատեցին ոչ թե «տեռորիզմի» համար, այլ Ստրասբուրգում Եվրախորհրդի կոմիտեի նիստին մասնակցելու: Միգուցե «ստալինիզմի» համար ժամանակը կգա, ուրիշ նկատողություն կստանամ, այն ժամանակ էլ կքննարկենք: Ուղղակի ասեմ, որ ամենաստոր հոդվածը (ես չեմ կարդացել) գրել է մի մարդ, որը ժամանակին ազատվել է դեկանի պաշտոնից, թեև ամեն քայլին ասում էր, որ Բրյուսովի արձանի կողքը պիտի նաև իմ արձանը կանգնեցնել»,- ասաց Սուրեն Զոլյանը: Նա հրաժարվեց հայտնել այդ մարդու անունը:
Հեռացված ռեկտորը «սուտ» որակեց դասախոսների այն տեղեկությունները, որ ինքը դասախոսի է հեռացրել՝ լսարանից դուրս գալու և աթոռ բերելու համար:
«Ինչ-որ բան եղել է, որ ես դասախոսին տեսել եմ միջանցքում, հարցրել եմ՝ «ի՞նչ ես անում, կես ժամ անցել է դասից», ասում է՝ «ես գնում եմ աթոռ բերելու»: Ես ինչ-որ դեպք հիշում եմ, բայց որ իրեն աշխատանքից դրա համար հեռացնեն, ուղղակի ծիծաղելի է: Դասախոսը դասի ժամանակ պիտի լսարանում լինի. եթե աթոռ չունի, հենց 1-ին րոպեին կարող էր բերել: Դասից 30 րոպե անցել է, միջանցքում աթո՞ռ է ման գալիս դասախոսը: Մի քիչ ծիծաղելի է»,- ասաց Սուրեն Զոլյանը:
Մեկնաբանել