HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Տ. Աբրահամյան. «Հասել ենք մի կետի, երբ սահմանից զինծառայողներ են կորչում, իսկ պատասխանատուները խոսում են երկրի ապագայի մասին»

Հետպատերազմյան ժամանակահատվածում հայաստանյան իշխանությունները զբաղված են պոպուլիզմով:

Ազգային ժողովի հայտարարությունների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Ըստ Աբրահամյանի` Զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով արձանագրվող մահվան կամ վիրավորման դեպքերը, Հայաստանի սուվերեն տարածք թշնամու անարգել ելումուտը մի կողմից հետևանք են անվտանգային համակարգում ոչ բավարար ջանքերի գործադրման, մյուս կողմից հաստատում են այն, որ իշխանությունն այս ուղղությամբ լուրջ միջոցառումներ իրականացնելու կամք ու ցանկություն չունի:

«Հասել ենք մի կետի, երբ սահմանից զինծառայողներ են կորչում, անհայտ ու տարօրինակ պայմաններում գերեվարվում ու սրա պատասխանատուները գրեթե ամենօրյա ռեժիմով անմեղ դեմքով խոսում են մեր երկրի առաջընթացի ու ապագայի մասին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Աբրահամյանը հիշեցրեց, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական զինուժի 32 զինծառայող գերեվարվել է, որից 6-ն այս պահին շարունակում են մնալ գերության մեջ, իսկ գերությունից հայրենադարձվածների նկատմամբ քրեական գործեր են հարուցված:

«Այդ զինծառայողների մեջ կան այնպիսիները, որոնք երկար տարիներ ծառայել են Հայաստանի ու Արցախի տարբեր զորամասերում, մարտական հերթապահություն կրել, մարտական գործողությունների մասնակցել, վիրավորվել, սակայն, չգիտես թե ինչու, իշխանությունն այս մարդկանց, առանց օրինական վճռի մեջ մտած դատավճիռների, նշանակել է մեղավորներ ու խաչ քաշել մարդկային ճակատագրերի վրա: Այդ զինծառայողներից մեկը՝ Արեն Արամյանը, ով ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորում է ստացել ու կալանքի տակ է, անհրաժեշտ բուժումներ ստանալու հնարավորություն այսօր չունի»,- ասաց նա:

Աբրահամյանի ներկայացմամբ` որևէ տեղեկություն չկա պատերազմի ավարտից մեկ ամիս անց Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերում գերեվարված զինծառայողների ճակատագրերի մասին:

«Այդ դեպքում էլ իշխանությունը մեղավորներ է նշանակել, զինծառայողների է կալանավորել՝ փորձելով ցույց տալ, որ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրել են այդ հատվածում ծառայություն իրականացնող ստորաբաժանումներն ու զինծառայողները, իսկ իշխանությունը, ինչպես միշտ, դիտորդի կամ տուժողի թիկնոց կրելով՝ շարունակում է արդարանալ ու մոլորեցնել հանրությանը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Ըստ նրա` Հայաստանն ու Արցախը շարունակում են տարածքներ կորցնել, որովհետև թուրքերի ու ադրբեջանցիների առաջ նվաստանալը իշխանությանը վերածել է անարժանապատիվ խաղաղություն մուրողների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter