Արտգործնախարարի այցը ԱՄՆ շարունակվում է
Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել «Բրուքինգս» քաղաքագիտական կենտրոնում
Նախարար Նալբանդյանը նախօրեին այցելել է ԱՄՆ Կոնգրես, ուր հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնի հետ:
Հայաստանի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականին իր բազմամյա հայանպաստ գործունեության համար, կարեւորել է Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի եւ նրա ղեկավարների մեծ ներդրումն ու դերակատարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում:
Կոնգրեսականը ներկայացրել է հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը եւ նշել, որ ինքը հայ ժողովրդի բարեկամն է եւ շարունակելու է իր գործունեությունը ի նպաստ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման:
Ֆրենկ Փալոնի խնդրանքով՝ նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ, որի հետ քննարկել է երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հանդիպել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ, որի հետ քննարկել է առաջիկայում ՄԽ համանախագահների տարածաշրջան այցելությանն առնչվող հարցեր:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթ է ունեցել Վաշինգտոնի «Բրուքինգս» քաղաքագիտական կենտրոնում, որտեղ նրան ողջունել է «Բրուքինգսի» ղեկավար, ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ, դեսպան Ստրոբ Տելբոթը:
Նախարարի ելույթին ներկա են եղել պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ եւ Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ:
Իր ելույթում արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրել է հայ-ամերիկյան հարաբերությունները, մանրամասն անդրադարձել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին:
Վաշինգտոնից մեկնելուց առաջ Էդվարդ Նալբանդյանը առանձին հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի եւ Հայ դատի հանձնախմբի պատասխանատուների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ նրանց գործունեությանն առնչվող հարցեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել