
Արաբական կոալիցիան Աբու Դաբիի վրա հարձակման համար պատասխան հարվածներ է հասցրել հութիներին
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի վրա անօդաչուների հարձակումից հետո, որի հետեւանքով 3 մարդ էր զոհվել, Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական երկրների կոալիցիան հայտարարել է Եմենի մայրաքաղաք Սանային, որը վերահսկում են հութիները, ավիահարվածներ հասցնելու մասին։ Հունվարի 18-ին այդ մասին հայտարարել է Saudi Press Agency սաուդական պետական լրատվական գործակալությունը՝ ընդգծելով, որ «Սանային ավիահարվածներն իրականացվում են ի պատասխան սպառնալիքի և ռազմական անհրաժեշտությունից ելնելով»։
Կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Թուրքի Ալ-Մալիքին հութիների հարվածները բնորոշել է որպես «ահաբեկիչների թշնամական հարձակում»՝ նշելով, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, քանի որ «սպառնալիք են հանդիսանում տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար»։
Հութիներին պատկանող «Ալ-Մասիրա» հեռուստաընկերությունը հաստատել է կոալիցիայի հարվածների փաստը։
TACC գործակալության փոխանցմամբ՝ կոալիցիոն ուժերի հարվածների հետեւանքով զոհվել է մոտ 80 եմենցի ապստամբ։
Նախօրեին եմենցի ապստամբները հայտարարել էին, որ Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքում իրականացնում են ռազմական գործողություն։ Տեղական ոստիկանության տվյալներով՝ հարձակման թիրախ էին դարձել երեք բենզատարներ, որոնք պայթել էին և այրվել։ Աբու Դաբիի օդանավակայանի մոտ գտնվող շինհրապարակում հրդեհ էր առաջացել, որը հնարավոր էր եղել մարել։ Հարձակման հետեւանքով զոհվել է երեք մարդ՝ մեկ պակիստանցի և Հնդկաստանի երկու քաղաքացի, ևս վեց մարդ վիրավորվել էր։
ԱՄԷ-ն և մյուս երկրները, մասնավորապես՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, ինչպես նաև ՄԱԿ-ը քննադատել էին Աբու Դաբիի վրա հարձակումը։ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կաշխատի ԱՄԷ-ի և մյուս դաշնակիցների հետ, որպեսզի «հութիներին ենթարկի պատասխանատվության»։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը հարձակումն անվանել էր «սպառնալիք Արաբական Միացյալ Էմիրությունների և տարածաշրջանային կայունության համար»։ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրուսն էլ թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր, որ տեղի ունեցածը ահաբեկչական հարձակում է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ևս, քննադատելով Աբու Դաբիի վրա հարձակումը, հակամարտության բոլոր կողմերին կոչ էր արել զսպվածություն ցուցաբերել։
Լուսանկարը՝ արխիվային/ YAHYA ARHAB/ EPA
Մեկնաբանել