HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Եկամտից 6% հավելավճար՝ առողջության ապահովագրության համար. ե՞րբ կլինի և ի՞նչ ծառայություններ են ներառված

2024թ-ից է նախատեսվում ներդնել առողջապահության համապարփակ ապահովագրություն, որի շրջանակներում բոլոր քաղաքացիները կստանան գրեթե բոլոր բուժծառայություններից անվճար օգտվելու, ինչպես նաև մի շարք դեղեր ստանալու հնարավորություն։

Դրա համար աշխատող քաղաքացիները եկամուտից պետությանն ամսական կվճարեն 6% (3%-ը կտրամադրի գործատուն)։ Թե ինչ պետք է անել չգրանցված աշխատողների դեպքում, դեռևս վերջնական որոշված չէ, այնուամենայնիվ, նախագիծն արդեն պատրաստ է և ներկայացվելու է Կառավարությանը։

 

Առողջապահության նախարարությունը վերջնականապես մշակել է առողջության համապարփակ ապահովագրության նախագիծը, որով Հայաստանի բոլոր քաղաքացիների համար բուժծառայությունների մեծ մասը կդառնա անվճար, բացի այդ՝ անվճար կտրամադրվեն նաև մի շարք դեղեր։

Նախագիծը պատրաստվել էր մինչև կորոնավիրուսի համավարակը, սակայն հենց համավարակի պատճառով դրա քննարկումները դանդաղել էին։ Հիմա այն որոշակի փոփոխություններով արդեն մտել է քննարկումների փուլ։ 

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի խոսքով՝ համակարգի ներդրումից կշահի Հայաստանի ողջ բնակչությունը, ինչպես նաև՝ կնվազի աղքատությունը. 

«Տնային տնտեսությունների հետազոտություններն ու ֆինանսական վերլուծությունները ցույց են տալիս, որ մարդիկ Հայաստանի Հանրապետությունում աղքատանում են շատ հաճախ հենց առողջապահական ծախսերի պատճառով,-ասում  է փոխնախարարը։- Ոչ միայն աղքատանում են, այլ նաև՝ կարող են միջին եկամտային խմբից տեղափոխվել ավելի ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների ցանկ։ Մեր խնդիրն է, այս ամենը հաշվի առնելով, մեծացնել մեր քաղաքացիների ֆինանասական պաշտպանվածությունը»,-ասում է փոխնախարարը։

ԱՆ հաշվարկներով՝ նախատեսված է, որ ապահովագրական վճարումը կլինի աշխատավարձի 6%-ը, որից 3%-ը կվճարի գործատուն, 3%-ը՝ քաղաքացին։ Վճարի այս չափը, ըստ Լ. Նանուշյանի, կախված է փաթեթում ներառված ծառայությունների ցանկից. եթե դրանք ավելանան, գումարը կավելանա, և հակառակը։

Այն մարդիկ, ովքեր արդեն իսկ ունեն ապահովագրություն, նրանք նույնպես պետք է մտնելու համապարփակ փաթեթի մեջ։ 

«Այս փաթեթը, մեր գնահատականով, կարելի է ասել, ամենալավն է այսօր առկա բոլոր փաթեթներից և իր դիմաց վճարվող գումարից»,-կարծում է փոխնախարար Լ.  Նանուշյանը։

Թեև Հայաստանում կան  սահմանված հիվանդությունների ցանկեր և մարդկանց խմբեր, որոնց համար պետությունը հոգում է բժշկական անվճար սպասարկումը, սակայն, ԱՆ գնահատականով, մի մեծ խումբ դուրս է մնում բժշկական անվճար օգնություն ստացողների ցանկից, և երբ հիվանդանում է տարբեր ծառայություններ նրա համար անհասանելի են դառնում հենց ֆինանսական պատճառով։ 

Մյուս կողմից էլ, ըստ փոխնախարարի, ինչքան էլ որոշ բժշկական ծառայություններ հասանելի են, հաճախ մարդիկ չեն դիմում բժշկի, քանի որ դրանից հետո ստիպված պետք է դեղեր գնեն, լաբորատոր ախտորոշում անեն, բուժումը շարունակեն և այն։ 

Ուսումնասիրելով և վերլուծելով մարդկանց դիմելիության ցուցանիշը, հիմնական հիվանդությունների ցանկը կազմվել է տրամադրվելիք բուժծառայությունների փաթեթը։ Վերջնական փաթեթը, ըստ փոխնախարարի, «90-95%-ով փակում է ամբողջ սպեկտրը»։

Փաթեթում, օրինակ, ներառված են վիրահատական գրեթե ծառայությունները, բացի նորագույն տեխնոլոգիաներով իրականացվող վիրահատություններից (ինչպես նաև՝ պլաստիկ վիրահատություններ և այլն), որոնց մեծ մասը, Լ. Նանուշյանի խոսքով,  Հայաստանում հասանելի չէ։

Ներառված է նաև փոխպատվաստման ծառայությունը, օնկոլոգիական հիվանդությունների ժամանակ՝ քիմիաթերապեիան, սիրտ-անոթային տարբեր հիվանդությունների բուժումը և այլն։

Որոշ ստոմոտոլոգիական ծառայություններ ևս կան փաթեթում,  բայց թանկարժեք ծառայությունները, ինչպես օրինակ, իմպլանտի տեղադրումը, ներառված չէ։

«Մենք հաշվարկել ենք, թե տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ միջինում ինչքան է ծախսվում մեկ հիվանդի հաշվարկով և այդ միջին հաշվարկը դրել ենք փաթեթի մեջ »,-ասում է փոխնախարարը։

Հաշվարկվել և ուսումնասիրվել է նաև առաջնային օղակում քրոնիկ տարբեր հիվանդությունների ժամանակ կիրառվող դեղերի փաթեթը, որը նույնպես հասանելի է լինելու մարդկաց համար։

Լ. Նանուշյանն ասում է, որ ապահովագրության հայեցակարգը մշակելիս, իրենք ոլորտում եղած խնդիրները հաշվի են առել՝ հնարավորություն տալով մարդկանց վճարել ոչ թե հիվանդանալու պահին, այլ հետո։ Այս առումով, եթե քաղաքացին եկամուտ չունի, բուժծառայությունը կֆինանասավորի պետությունը,  իսկ եթե քաղաքացին աշխատող է, ամեն ամիս «կանխավճար կտա» իր առողջությունն ապահովագրելու համար։

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանը նույնպես կարծում է, որ այս համակարգի ներդրումը հնարավորություն կտա ապահովագրել ռիսկերից, նվազեցնել տարբեր հիվանդությունների ցուցանիշները, ինչպես նաև՝ ապահովել «տնտեսական աճ». 

«Առողջապահության համար կատարվող ծախսերն ուղղակի ծախսեր չեն, դրանք ներդրումներ են մարդկային կապիտալի, մարդկանց առողջության մեջ, որը հետագայում ապահովում է նույն տնտեսության աճը»,-ասեւմ է Ս. Խարազյանը՝ նշելով, որ հիվանդությունից վատանում է նաև մարդու կյանքի որակն ու նվազում արտադրաղականությունը։

Համակարգը ներդնելու և սահուն անցում ապահովելու համար ամենակարևոր գործընթացը ապահովագրված անձանց նույնականացումն է, ինչը, սակայն, այդքան էլ հեշտ գործընթաց չէ.

«Նույնականացումը բարդանում է այն պատճառով, որ չունենք նմանատիպ որևէ համակարգ,-ասում է Խարազյանը։- Կան տարբեր տեսակի տվյալներ, որ հավաքագրվում են տարբեր գերատեսչությունների կողմից, սակայն ապահովագրության ներդրման դեպքում, երբ խոսում ենք ամբողջ բնակչության ընդգրկման մասին, մեզ պետք է ունենալ ավելի ընդլայնված և ավելի ճշգրիտ տվյալներ»,-նշում է Ս. Խարազյանը։

Ըստ նրա՝ այս համակարգը գուցե զուգակցվի ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման  համակարգի պարտադիր ներդրման հետ, ինչը հնարավորություն կտա ավելի ճիշտ գնահատել եկամուտներից ապահովագրվածների հատկացման կարգը։

Այն հարցին, թե ինչպես կվերահսկվի, որ մատուցվելիք ծառայությունները լինեն որակյալ, Ս.Խարազյանը պատասխանում է, որ Հայաստանում նման խնդիր չի առաջանա՝ հաշվի առնելով արդեն իսկ եղած ուսումնասիրությունները, առողջապահական համակարգն էլ ի վիճակի կլինի տրամադրել բոլոր անհրաժեշտ ծառայությունները։

Չկա նաև վերջնական որոշում, թե ինչ պետք է անել այն աշխատողների հետ, որոնք, օրինակ, փաստացի որևէ կերպ ձևակերպված չեն, չունեն եկամուտի հայտարարագրում։ Ս. Խարազյանն ասում է, որ գյուղացիական տնտեսությունների մասով կան առաջարկներ, որ պետությունը նրանց ապահովագրվելու դեպքում որոշակի սուբսիդավորում առաջարկի։ Մնացած ոլորտում չգրանցված աշխատողների մասով խնդիրը դեռ մնում է չլուծված։

Այժմ Առողջապահության նախարարությունը քննարկումներ է իրականացնում Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարությունների հետ՝ վերջնականացնելու բոլոր եղած առաջարկները։

Եթե Կառավարություննը նախագծին հավանություն տա, կստեղծվի արդեն ապահովագրական հիմնադրամը, որը և կկառավարի բժշկական ծառայությունների գնումը և կիրականացնի ոլորտի վերահսկողությունը։

 

Մեկնաբանություններ (1)

Արսեն Հայրապետյան
Ինչպե՞ս են ապահովագրվելու թոշակառուները: Թոշակի 6%-ը պահվելու է առողջության ապահովագրության համա՞ր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter