
Երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում Քերոբյանի` հրաժարական տալու հայտարարությունը կատակ է եղել
Խորհրդարանը հերթական նիստում շարունակում է իր աշխատանքները: Առաջին ընթերցմամբ քննարկվում է կառավարության ներկայացրած «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է խանութներում կաթնամթերքի վաճառքի համար որոշակի կարգավորումներ սահմանել: 200 քմ առևտրային սրահը գերազանցող խանութներում կաթնամթերքը տարանջատված կլինի, տարբերակված դարակաշարերում կլինի բնական կաթից և բուսական յուղից կամ այլ հավելումներից պատրաստված կաթնամթերքը:
Նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նախարար Քերոբյանին հիշեցրեց նախկինում ասած իր խոսքերը երկնիշ տնտեսական աճի մասին: Նախարարը ասել էր, որ եթե չլինի երկնիշ տնտեսական աճ, հրաժարականի դիմում կներկայացնի:
«Ե՞րբ եք հրաժարական տալու»,- դիմելով նախարարին՝ հարցրեց պատգամավորը: Վահան Քերոբյանը հայտարարեց` երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական տալու մասին իր հայտարարությունը կատակ էր:
«Արտահայտությունը, որ ես արել եմ, կատակով արած արտահայտություն է…իհարկե, կարող եք ծիծաղել»,- ասաց Քերոբյանը:
Այս խոսքերից հետո դահլիճում գտնվողները սկսեցին ծիծաղել:
Մեկնաբանել