HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Բաբայանը նշել է Արցախի ԱԳՆ գործունեության հիմնական ուղղությունները

Հունվարի 19-ին խորհրդակցությունների դահլիճում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի ամփոփիչ մամուլի ասուլիսը՝ ԱԳՆ 2021 թվականի գործունեության վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Արտաքին գերատեսչության ղեկավարն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել ԱԳՆ 2021 թվականի գործունեության մասին և մատնանշել ընթացիկ տարվա անելիքները։

Խոսելով 2022 թվականին Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության փիլիսոփայության մասին՝ Դավիթ Բաբայանն ընդգծել է․

«Շարունակելու ենք ակտիվորեն և համառորեն պաշտպանել Արցախի շահերը, մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, բոլոր միջոցներով ամրապնդել համահայկական միասնականությունը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը»։

Արցախի միջազգային ճանաչումը, տարբեր երկրների ու նրանց սուբյեկտների հետ կապերի հաստատումն ու զարգացումը, հայկական Սփյուռքի համայնքների և կառույցների հետ հարաբերությունների խորացումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն ու ամրապնդումը, ըստ նախարար Բաբայանի, կլինեն ԱԳՆ գործունեության հիմնական ուղղությունները։

Անդրադառնալով 2022 թվականի արտաքին քաղաքականության ռազմավարությանն ու մարտավարությանը՝ ԱԳՆ ղեկավարը մասնավորապես շեշտել է․

«Վարելու ենք նախաձեռնողական, համարձակ և թիրախային, միաժամանակ, հնարավորինս զուսպ ու գովազդից զուրկ տեղեկատվական բաղադրիչով արտաքին քաղաքականություն՝ հետևելով ԱԳՆ որդեգրած «շատ գործել, քիչ խոսել» կարգախոսին:

Ասուլիսի ընթացքում նախարարը պատասխանել  է լրագրողների՝ հետպատերազմական ժամանակաշրջանում Արցախի արտաքին քաղաքականության առջև ծառացած մարտահրավերներին, նոր իրողությունների պայմաններում առաջացող խնդիրներին, բանակցային գործընթացին, Արցախի կարգավիճակին վերաբերող հարցերին և տվել անհրաժեշտ պարզաբանումներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter