HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշակվող ծրագրերը կնպաստեն պոլիկլինիկաների դերի վերարժևորմանը. ԱՆ ընտանեկան բժշկության խորհրդատու

21-ամյա Արեւիկ Սահակյանը (անունը փոխված է) 2021-ի նոյեմբերին դիմել է Արաբկիր վարչական շրջանի «Թիվ 8 պոլիկլինիկա» նախնական հետազոտության եւ կորոնավիրուսի թեստ հանձնելու համար։

Պոլիկլինիկաները բնակչությանը արտահիվանդանոցային բժշկական մասնագիտական օգնություն են ցույց են տալիս: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաները առողջապահական ծառայություն են մատուցում տվյալ վարչական շրջանի բնակիչներին:

«Հիվանդության 4-5-րդ օրը դիմեցի պոլիկլինիկա։ Քանի որ ինքս խոսել չէի կարողանում, խնդրեցի մորս, որ խոսի բժշկի հետ։ Մայրս ներկայացրեց վիճակս ու նաև ասաց, որ անգամ պոլիկլինիկա դժվարությամբ կհասնեմ, իսկ բժիշկն ուղղակի շատ հեգնական և անտարբեր ձայնով ասաց՝ 37 աստիճանը ի՞նչ ջերմություն ա որ, հանգիստ կգա»,- պատմում է նա:

Բժշկի հետ պայմանավորվելուց հետո Արեւիկը դժվարությամբ հասնում է պոլիկլինիկա, սակայն բժիշկը պայմանավորված ժամին տեղում չի լինում, ասում են՝ տուն է գնացել։ Նրա բժշկական քարտն աշխատակիցները չեն գտնում, որ գոնե հետազոտվեր: Ստիպված տուն է վերադառնում:

«Հաջորդ օրը կրկին պոլիկլինիկա գնացինք: Նույն անտարբերությամբ սկսեց հետազոտել։ Սրտիս աշխատանքը լսեց, որ թույլ էր, հետո թոքերս ձևի համար լսեց, այլ բաժիններով ևս պետք է անցնեի, իսկ բժշկական քարտս չկար ու չկար։ Այդ վիճակում ինձ մի հարկից մյուսն էին ուղարկում, և ամեն հարկում մեղքը բարդում էին մյուսի վրա։ Նույնիսկ հիշում եմ, որ բժշկուհիներից մեկը քարտս փնտրում էր 2021 թվականին ծնվածների մեջ, զավեշտալի էր պարզապես»,- ասում է Արեւիկը։

Ըստ նրա՝ պոլիկլինիկայում ինչպես հարկն է նշանակում չի կատարվել:

«Զանգում էի ընկերուհուս, որը նույն սիմպտոմներով հիվանդ է եղել և իրենից իմանում, թե ինչ դեղեր է օգտագործել, որ ես էլ դրանք օգտագործեմ: Բժիշկը դեղ նշանակեց միայն բրոնխներիս համար, իսկ մնացած ամեն բան արել եմ ինքս։ Ընդ որում՝ կորոնավիրուսի թեստ ևս հանձնել եմ իմ նախաձեռնությամբ, ինքս էի բժշկին ուղղորդում, թե ինչպես ինձ բուժի և ինչ անի»,-ընդգծեց նա:

Թեստի պատասխանը բացասական է եղել, բայց Արեւիկը վստահ չէ, որ կորոնավիրուսով վարակված չի եղել, որովհետև ունեցել է կայուն ջերմություն, հազ, հյուծվածություն, նաև՝ քաշի կորուստ։ Բայց պոլիկլինիկա այլևս չի դիմել, բժշկի՝ «չայ խմի, կանցնի» արտահայտությունից հետո որոշել է ինքնուրույն ոտքի կանգնել։

Դիանա Թորգոմյանը գրանցված է «Արտաշիսյան» պոլիկլինիկայում: Ասում է՝ երբ դիմել է պոլիկլինիկա, ամեն ինչ պատշաճ կերպով իրականացվել է, սպասարկման խնդիրներ չեն եղել:

«Ինչքան թերապևտ ենք կանչել, առանց խնդրի նորմալ եկել է, նույնն էլ՝ սրտաբանը: Պատվաստվել եմ, սպասարկումը նորմալ է եղել, աշխատանքի ընդունման համար ստուգել են, տեղեկանք տվել, ու այդ ամենն՝ առանց քաշքշուկի»,-ասաց նա։ Ընտանիքի անդամների համար անհրաժեշտ դեղերը նույնպես ժամանակին ստանում են պոլիկլինիկայից:

«Դիմեցինք նաև կորոնավիրուսի թեստ հանձնելու համար: Եկել են տուն և կրկին առանց խնդրի արել իրենց աշխատանքը: Այս ամենը բնական է, ուղղակի մեկ-մեկ հանդիպում ենք այնպիսի սարսափելի վերաբերմունքի, որ օրինաչափ վերաբերմունքով հիանում ենք»,-նշեց Դիանա Թորգոմյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2021 թվականի ընթացքում ահազանգեր է ստացել կորոնավիրուսային հիվանդության ընթացքում  պոլիկլինիկաներում առաջացած մի շարք խնդիրների մասին: Ըստ ՄԻՊ աշխատակազմի Սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության գլխավոր մասնագետ Սյուզաննա Սարգսյանի՝ մարդիկ առաջին հերթին բողոքում էին, որ ազատ մահճակալների բացակայության պատճառով իրենք չէին հոսպիտալացվում:

«Քաղաքացիներն այս խնդրով դիմում էին, իսկ մենք փորձում էինք կապ հաստատել պոլիկլինիկաների հետ: Սակայն ամեն անգամ պոլիկլինիկաներից էլ ասում էին, որ իրենց գործն արել են, ուղղակի մենք էլ հաճախ չենք կարողանում կապվել Տրիաժ-կենտրոն (ԱՆ Տեսակավորման կենտրոն): Բազմիցս փորձել ենք, և  իսկապես անհնար էր այդ օրերին»,-նշեց Սյուզաննա Սարգսյանը:

Ահազանգեր են եղել, որ կորոնավիրուսի բուժումից հետո պետպատվերով բուժօգնություն չեն իրականացրել, դեղեր չեն տրամադրվել:

«Անձն արդեն քովիդից բուժվել էր, իսկ վերականգնողական բուժումը պետպատվերով չէր իրականացվում։ Վերջերս նաև բողոքներ եղան, որ պոլիկլինիկաները դեղեր չեն տրամադրում, պահանջում են պատվաստվել, նոր ստանալ անհրաժեշտ հաբերը, բայց  մեր աջակցությամբ այդ հարցը լուծվեց: Օրինակ՝ շաքարային դիաբետով հիվանդ էր զանգահարել, տեղեկացրել, որ շաքարի դեղերը չէին տրամադրում: Պոլիկլինիկայում էլ ասել են՝ պատվաստվելուց հետո կտան»,-ասաց Սարգսյանը:

Եթե չի ստացվում համագործակցությունը պոլիկլինիկաների տնօրենների հետ կամ համաձայնության չեն գալիս, ՄԻՊ-ը դիմում է կա՛մ քաղաքապետարան, կա՛մ Առողջապահության նախարարություն:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պոլիկլինիկաներին չեն վստահում, միանգամից գնում են ուղղորդված բժշկի մոտ: Լինում են դեպքեր, որ մարդիկ տեղյակ չեն լինում  անվճար պոլիկլինիկական ծառայությունների մասին: Ասում են, որ գումար չունեն, ինչպե՞ս բժշկի գնան, ուղղորդում ենք տվյալ անձանց իրենց բնակության վայրի պոլիկլինիկա»,-հավելեց Սյուզաննա Սարգսյանը:

Առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պոլիկլինիկաներում հոսպիտալացման դժվարություններ եղել են միայն համավարակի պիկի ընթացքում:

«Այդ ընթացքը տևել է շուրջ 20 օր, որը պայմանավորված է եղել հիվանդանոցների մահճակալային ֆոնդի լրացման հետ։ Դա, բնականաբար, կապված չէ պոլիկլինիկաների բժիշկների թերացման հետ։ Վերջիններս պացիենտի տվյալները մուտքագրում են «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգ, որից հետո հոսպիտալացումը իրականացվում է միասնական տրիաժ կենտրոնի կողմից` կախված հիվանդության ծանրության աստիճանից, ազատ մահճակալների առկայությունից»,-ասաց Հայրումյանը և հավելեց՝ նախորդ տարի պոլիկլինիկաները ստացել և հիվանդներին տրամադրել են նաև հակաբիոտիկներ։

Պոլիկլինիկաները ունեն արագ թեստեր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի ախտորոշման համար։ Տեղամասային թերապևտների, մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար անցկացվել են առցանց դասընթացներ, ներկայացվել են առողջապահության նախարարության հաստատած ուղեցույցները։

Դրանցում հստակ ներկայացված են բուժական միջոցառումները, հոսպիտալացման ցուցումները։ Այդ ուղեցույցները տրամադրվել են պոլիկլինիկաներին նաև թղթային տարբերակով: 

Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների կողմից կորոնավիրուսի դրական հաստատված թեստերի թիվը 21.12.2021 թվականի դրությամբ կազմում է 45226 : Պոլիկլինիկաներում բուժում ստացող հիվանդների թիվը՝ ըստ կազմակերպությունների հետևյալն է.

Աղբյուրը՝ Երևանի քաղաքապետարան, առողջապահության վարչություն

Քաղաքապետարանի ենթակայության ներքո 24 պոլիկլինիկա կա: Առաջին գրաֆիկում բարձր ցուցանիշ ունեցող եռյակը համալրող պոլիկլինիկաներն են՝ Արաբկիր վարչական շրջանի «ԹԻՎ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ (41 հոսպիտալացված կամ 14.3%) և«Նոր Արաբկիր ԱԿ» ՓԲԸ (63 հոսպիտալացված կամ 22%), Ավան վարչական շրջանի «ԹԻՎ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ (42 հոսպիտալացված կամ 14.6%):

Ըստ երկրորդ գրաֆիկի՝ բարձր ցուցանիշ ունեն Մալաթիա-Սեբաստիա վարչական  շրջանի «ԹԻՎ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ (35 հոսպիտալացված կամ 13.9%), Կենտրոն վարչական շրջանի «ԹԻՎ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ ( 37 հոսպիտալացված կամ 14.7%) և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Կ. Եսայան պոլիկլինիկա» ՓԲԸ ( 54 հոսպիտալացված կամ 21.4%):

Արեւիկ Սահակյանն ասում է՝ եթե կրկին բժշկական օգնության կարիք զգա, չի դիմի առաջնային օղակ, քանի որ իրեն ապահով չի զգում այդ հաստատությունում:

«Խնդիրները բազմաթիվ են՝ սկսած տեխնիկականներից մինչև սպասարկում։ Դու ուղղակի զգում ես, որ իրենց հետաքրքիր չես և որ քո առողջությամբ զբաղվելը իրենց խնդիրը չէ։ Այնտեղ անցկացրած ամեն վայրկյանը մարդու իրավունքների խախտում է։ Մյուս պոլիկլինիկաներում չեմ եղել, բայց այս մեկի օրինակով արդեն պատկերացում եմ կազմում մյուսների մասին: Եթե ինչ-որ մի օր էլի հիվանդանամ, չեմ դիմի պոլիկլինիկա երբեք»,-ասաց նա:

Մարդիկ շատ հաճախ դիմում են այլ բուժհաստատություններ՝ շրջանցելով առաջնային օղակը: Ըստ Սամվել Հայրումյանի՝ այս խնդիրը հիմնականում առկա է խոշոր քաղաքներում:

«Այստեղ իրենց դերն ունեն տարբեր պատճառներ` վստահության դեֆիցիտից մինչև տեխնիկապես ավելի լավ հագեցվածություն հիվանդանոցներում։ Ներկայումս Առողջապահության նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը մշակում է առաջնային օղակի բարեփոխումների համալիր ծրագիր: Ծրագիրը ներառում է առաջնային օղակի բժիշկների հստակ պարտավորությունների սահմանում, կանխարգելման աշխատանքների հստակ սահմանում, աշխատանքների արդյունավետության չափորոշիչների մշակում, որոնք կհամապատասխանեն առաջատար երկրների օրինակին, կնպաստեն առաջնային օղակի դերի և վստահության վերարժևորմանը»,-ընդգծեց Հայրումյանը:

Անի Թամրազյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter