HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հայկ Սարգսյանն առաջարկում է ընդլայնել զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների շրջանակը

Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Փոփոխություններով առաջարկվում է հատուցում ստացող շահառուների կազմում ներառել նաև զոհվածի քրոջը, եղբորը, տատին, պապին և փաստացի ամուսնության մեջ գտնվող զինծառայողի կնոջը, եթե ունեն համատեղ երեխա:

«Ինձ հայտնի է դարձել 16 դեպք, երբ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր հայրենակիցները չունեն կին, զավակներ, նաև` ծնողներ, և հատուցում չի տրամադրվել իրենց ընտանիքի որևէ անդամի: Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բոլոր այս 16 դեպքով մեր զինծառայողներն ունեն հարազատ քույր, տատ և պապ»,- ասաց հիմնական զեկուցողը: Հայկ Սարգսյանի խոսքով` հատուցման գումարը բաշխվելու է հավասարաչափ, եթե զոհվածն ունի երկու հարազատ եղբայր, ապա նրանցից ամեն մեկը հինգ միլիոն դրամ միանվագ գումար է ստանալու, և 100 հազար դրամ յուրաքանչյուր ամիս` 20 տարիների կտրվածքով:

Հիշեցնենք, որ գործող օրենքով շահառու են համարվում զոհված զինծառայողների ծնողները, ամուսինը, երեխաները: Փոփոխություններով առաջարկվում է շահառու դարձնել նաև զոհվածի կնոջը (առանց ամուսնության պետական գրանցման), եթե նրանք ունեն համատեղ զավակ: Իսկ քույրը, եղբայրը, տատը, պապը կարող են համարվել շահառու, եթե նախկինում տվյալ զինծառայողի համար որևէ այլ շահառու հատուցման գումար չի ստացել, այլ կերպ ասած, երբ հիմնական շահառուները համարվում են բացակայող:

«Շահառու չի հանդիսանա համատեղ զավակ ունեցող, սակայն զոհված զինծառայողից ամուսնալուծված անձը»,- ասաց Սարգսյանը` հավելելով, որ զավակը կլինի շահառու:

Նախագծի հարակից զեկուցող, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ներկայացրեց Կառավարության դրական եզրակացությունը` կոչ անելով կողմ քվեարկել նախագծին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter