HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանն անվավեր և ոչ իրավաչափ է ճանաչել առողջապահության նախարարի Covid-ին վերաբերող հրամանների կետերը

Վարչական դատարանն այս տարվա հունվարի 4-ին անվավեր և ոչ իրավաչափ է ճանաչել Առողջապահության նախարարի երկու հրամանի կետերը, որոնք վերաբերում են կորոնավիրուսով հիվանդներին բժշկական օգնություն ցույց տալուն, վերջիններիս հոսպիտալացմանը: Դատարանը եզրակացրել է, որ առողջապահության նախարարի հրամանները չեն ընդունվել և գործողության մեջ դրվել սահմանված կարգով: Ընդունվելուց առաջ նախագծերը չեն ենթարկվել փորձաքննության, ավելին՝ չեն հրապարակվել նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում, այլ միայն՝ Առողջապահության նախարարության կայքում:

«Հետքը» գրել էր, որ 81-ամյա Ֆելիքս Հայրապետյանը 2020թ. հունիսի 16-ից մի քանի օր շարունակ ջերմել է, վատացել է ինքնազգացողությունը: Սակայն ինչպես պնդում են հարազատները, ո՛չ պոլիկլինիկայից և ո՛չ էլ Շտապ օգնության ծառայության կողմից բժշկական օգնություն չի ստացել։ Հարազատները բազմիցս զանգահարել են ինչպես պոլիկլինիկա և Ֆ Հայրապետյանին բուժող բժշկին, այնպես էլ Շտապ օգնություն։ Վերջիններս, սակայն, տեղեկացրել են, որ Շտապ օգնության մեքենա հնարավոր է ուղարկել միայն 3 օր ջերմելուց հետո, իսկ այդ ընթացքում անհրաժեշտ է Covid-19-ի թեստ հանձնել:

Հունիսի 19-ին հիվանդին տեղափոխել են «Մեդլայն կլինիկայի» Դավթաշենի կենտրոն, որտեղ հանձնել է «Covid-19»-ի թեստ: Թեստի պատասխանը ստացվել է միայն հունիսի 23-ին: Նույն օրը հիվանդը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ ՝ բուժման։ Մինչև թեստի պատասխանի ստացումը, հիվանդը բուժում չի ստացել: Փաստացի բուժում իրականացվել է միայն կորոնավիրուսի առաջին նշաններից 8 օր հետո, երբ հիվանդի առողջական վիճակն արդեն խիստ վատացել է, և թոքերը վնասված են եղել։

81-ամյա Ֆ Հայրապետյանը մահացել է 2020թ. հուլիսի 4-ին։ Արձանագրվել է՝ «SARS CoV-2 ասոցացված երկկողմանի պոլիսեգմենտար պնևմոնիա, ինտոքսիկացիա: ՍԻՀ, սրտամկանի տարած ինֆարկտ: Կորոնար անգիոպլաստիկա /2010/: Հարաճուն շնչառական անբավարարություն»:

Հարուցվել է քրեական գործ: Դրան զուգահեռ Ֆելիքս Հայրապետյանի իրավահաջորդը՝ դուստրը, դատական կարգով վիճարկում է առողջապահության նախարարի երկու՝ 10.042020թ-ի թիվ 1239-Ա հրամանի 5 և 6-րդ կետերը և 1606-Ա հրամանով հաստատված արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգի 1-ին և 2-րդ կետերը:

Ֆելիքս Հայրապետյանի դուստրը՝ Արուսյակ Հայրապետյանը, դիմելով դատարան, պնդել է, որ առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանի 10042020թ-ի թիվ 1239-Ա հրամանի՝ 2020 թ-ի հունիսի 16-ի դրությամբ գործող խմբագրությամբ 5 և 6-րդ կետերը թույլ չեն տվել հոսպիտալացնել այն անձանց, ում մոտ առկա չի եղել 3 օրից ավելի մարմնի ջերմաստիճանի 385 աստիճանից բարձրացում կամ արյան թթվածնով հագեցվածությունը փոքր կամ հավասար է եղել 93%-ից կամ շնչառության հաճախությունը րոպեում բարձր է եղել 22-ից: Փոխարենը նրանք ուղղորդվել են քաղաքային պոլիկլինիկա, որը սակայն որակյալ բուժօգնություն չի տրամադրել։ Իր հայրը, ունենալով նոր տիպի կորոնավիրուսային հիվանդություն, չի ստացել որակյալ բուժօգնություն, ինչի հետևանքով մահացել է։

Նախարարի 21.052020թ-ի թիվ 1606-Ա հրամանով սահմանված կարգի համաձայն էլ չեն սահմանվել կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս նմուշառում կատարելու հստակ ժամկետներ։ Ֆելիքս Հայրապետյանին նմուշառել են միայն 2020թ հունիսի 19-ին այն պայմաններում, երբ կանչը տրվել է հունիսի 16-ին, իսկ հոսպիտալացվել է միայն հունիսի 23-ին՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների:

Ֆ. Հայրապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Հասմիկ Հարությունյանը նշում էր, որ սրանք հարցեր են, որոնց պատասխանները թույլ կտան գնահատել պետության և մասնավորապես` Առողջապահության նախարարության ձեռնարկած քայլերի ողջամտությունն ու որոշումների իրավաչափությունը համավարակի պայմաններում։

Վարչական դատարանը գտել է, որ թիվ 1239-Ա հրամանի վիճարկվող կետերը գանգատներ ունեցող անձանց հոսպիտալացման խիստ պահանջներ են սահմանել, որոնց փաստորեն դիմողի հայրը չի բավարարել, իսկ դիմողի հոր նմուշառումն իրականացվել է նախարարի 1606-Ա հրամանով սահմանված կարգին համապատասխան, որը հետազոտության ժամկետ չի սահմանել, և դիմող Արուսյակ Հայրապետյանի հայրը չի հոսպիտալացվել այդ նորմերի կիրառման հետևանքով։ Վերոգրյալով պայմանավորված՝ դատարանը գտել է, որ վիճելի կարգավորումները առնչվում են դիմողի օրինական շահերին։

Դատարանն արձանագրել է, որ վիճարկվող իրավական ակտերը Առողջապահության նախարարության կողմից որակվել են որպես անհատական ակտեր, ըստ այդմ՝ վիճարկվող դրույթները չեն ընդունվել և գործողության մեջ դրվել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան։ Դատարանն արձանագրել է նաև, որ խախտվել են իրավական ակտերն ընդունելուց առաջ դրանց նախագծերի փորձաքննության, նորմատիվ իրավական ակտի պաշտոնական հրապարակման կարգը, որն էլ պարտադիր է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու համար։ Ինչ վերաբերում է Պատասխանողի առարկություններին առ այն, որ վիճարկվող հրամանները չեն ընդունվել սահմանված ընթացակարգով դրանց կիրառման հրատապությունից ելնելով՝ դատարանը գտել է, որ դրանք հիմնավոր չեն, քանի որ օրենքն այդ հիմքով բացառություն չի սահմանել։

Ինչ վերաբերում է կարգավորումների հիմնավորվածությանը, Դատարանը գտել է, որ քանի դեռ վիճարկվող դրույթները չեն ընդունվել և գործածության մեջ դրվել օրենքով սահմանված կարգով, դրանց հիմնավորվածության հարցն առարկայազուրկ է։

«Նման պայմաններում, անկախ այդ դրույթներով տրված կարգավորումների հիմնավորվածությանը, դրանք ոչ իրավաչափ են, քանի որ ինչպես նշվեց վերը, չեն ընդունվել և գործողության մեջ դրվել նորմատիվ իրավական ակտերի համար սահմանված ընթացակարգով: Քանի դեռ վիճարկվող դրույթները ՆԻԱ մասին օրենքով սահմանված կարգով չեն ընդունվել և դրվել գործածության մեջ, դրանց հիմնավորվածության հարցն առարկայազուրկ է»,- նշված է վարչական դատարանի որոշման մեջ:

Քանի որ դատական ակտ կայացնելու պահին առողջապահության նախարարի 1239-Ա հրամանի 5 և 6-րդ կետերը գործել են, դատարանի որոշմամբ ճանաչվել են անվավեր, իսկ 1606-Ա հրամանի 1-ին և երկրորդ կետերը՝ ոչ իրավաչափ, քանի որ դատական ակտի կայացման պահին, նախարարի մեկ այլ հրամանով փաստացի կորցրել էին իրենց ուժը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter