HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն քննարկում է Արթուր Ղազինյանի առաջադրումը կանխող նախագիծ

Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ անելու նախագիծը, որը վերաբերում է մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրության ընթացակարգին:

Դոնթի բանաձևի համաձայն՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը պետք է պատկանի «Հայաստան» խմբակցությանը։ Խմբակցությունը մշտապես առաջադրում է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն քաղաքական մեծամասնությունը մերժում է: Եվ այսպես, եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, առաջադրում է նոր թեկնածու:

Գաբրիելյանն իր խոսքում նշեց, որ նախագծի հեղինակման համար հիմք է հանդիսացել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը, որը մեկ տասնյակից ավելի անգամ տապալվել է, ուստի փոփոխությունները միտված են օրենքի բացը լրացնելուն:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, թե ինչ լույսի ներքո էլ ներկայացվի նախագիծը, ակնհայտ է, որ նախագծի հիմնական նպատակը Արթուր Ղազինյանի ընտրվելը կանխելն է: Նրա խոսքով` հանձնաժողովի փոխնախագահի ընտրության տապալումները խնդրահարույց է դարձրել հանձնաժողովի աշխատանքները: Նա առաջարկեց նախագծի քվեարկությունը հետաձգել:

Նույն խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հայտարարեց` այդ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը միակն է մնացել, որ դուրս է մնացել իշխանության վերահսկողությունից: Նա նաև հիշեցրեց, որ կան կարգավորումներ, որոնց համաձայն հանձնաժողվոի բացակայող նախագահին փոխարինող է նշանակում հանձնաժողովը, ուստի այստեղ օրենքի բաց չկա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նախագիծը որակեց ժողովրդավարության սկզբունքից հետքայլ, ըստ նրա` նախագծի տրամաբանությունն այն է, որ իշխանությունն ուզում է կամքը պարտադրել ընդդիմությանը: Նա իրավիճակ նկարագրեց, որ նոր թեկնածուին ևս իշխանությունը կարող է չընտրել, այդ դեպքում ինչպես է հարցը կարգավորվելու, հարցրեց նա՝ դիմելով մեծամասնությանը:

Ելույթով հանդես եկավ նաև նախագծի հիմնական շահառուն` Արթուր Ղազինյանը` ընդգծելով, որ չի կարող լինել իշխանության սրտի թեկնածու: Նրա կարծիքով` որքան էլ իշխանությունը չընդուներ կոնկրետ թեկնածուին, պետք է հարգանք ցուցաբերեր պետության  ու սահմանադրության նկատմամբ, և անհրաժեշտ ձայներ ապահովեր թեկնածուի ընտրության համար: Նա կոչ արեց իշխանությանը «իր սրտի» ընդդիմադիրների ցուցակ հրապարակել և ասել, թե որ թեկնածուն է իր համար ընդունելի, որը` ոչ:

Նշենք, որ ութերորդ գումարման խորհրդարանի ձևավորումից ի վեր պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չի կարողանում ընտրել հանձնաժողովի փոխնախագահ: «Հայաստան» խմբակցությունը մշտապես առաջադրում է Արթուր Ղազինյանին, իշխանությունը մերժում տարբեր պատճառաբանություններով: Իշխանականների համար խնդրահարույց է Ղազինյանի եկամուտների հայտարարագիրը, ինչպես նաև նրա ֆեյսբուքյան գրառումները, որտեղ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխանության այլ ներկայացուցիչների հասցեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter