HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հայաստանը սահմանային դեպքերի վերաբերյալ առաջարկների փաթեթ է ուղարկել ՌԴ-ին ու Ադրբեջանին

Հայկական կողմը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի, լարվածության նվազմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել ու փոխանցել ռուսական կողմին ու միջնորդավորված նաև Ադրբեջանին: Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` արձագանքելով իշխանական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին: Պատգամավորը հիշեցրել էր, որ այդ  առաջարկների մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Այժմ սպասում ենք արձագանքի: Բնականաբար դետալները չեմ կարող հրապարակել, դրանք բխում են վարչապետի կողմից մշտապես բարձաձայնված զորքերի` հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեծանիզմների ստեղծման մեր նախապես հռչակած հայեցակարգից»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Նախարարը հայտնեց, որ փաթեթը քննարկվել է նաև անվտանգության խորհրդի նիստում:

Իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանն էլ անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված սպառնալիքներին առ ԵԱՀԿ Մինսկի խումբ, որ թույլ չի տալու զբաղվել ԼՂ խնդրի կարգավորմամբ: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչպես է ՀՀ ԱԳՆ-ն արձագանքելու այդ հայտարարություններին:

«Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարները ոչ կառուցողական հայտարարություններով են հանդես գալիս: Այնուհանդերձ ոչ միշտ է, որ հրապարակային հայտարարությունները համընկնում են փակ սենյակներում քննարկված մոտեցումերի հետ: Մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան` իրականությունը, մի այլ բան` միջազգային հանրության դիրքորոշումը»,-ասաց նախարարը:

Ըստ Միրզոյանի` չնայած Ադրբեջանի մատուցած դիրքորոշմանը, թե ԼՂ հիմնախնդիրը կարգավորված է, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում ակնհայտ դարձավ, որ աշխարհը դրան համաձայն չէ:

«Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որ ունի միջազգայնորեն ճանաչված մանդատ` գտնել խաղաղ կարգավորում»,-ասաց Միրզոյանը: Նախարարը նաև հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցն է սպասվում տարածաշրջան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter