HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դավիթ Տոնոյանի, Դավիթ Գալստյանի, Ստեփան Գալստյանի խափանման միջոցի հարցով նիստը մեկնարկել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ ԳՇ  պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, ՊՆ-ին զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի խափանման միջոցի գործով դատական նիստը: ՊՆ-ից առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելուն առնվող գործն օրեր առաջ` հունվարի 7-ին է ուղարկվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Մանվել Շահվերդյանին, սակայն այսօր ոչ թե գործով ըստ էության քննություն է,  այլ կալանքի տակ գտնվող մեղադրյալների խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստ:

Դատարանը գործը վարույթ ընդունելուց հետո անդրադառնում է մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածության հարցին, որի համար հրավիրվում է դատական նիստ` ապահովելով կալանքի տակ գտնվող մեղադրյալների լսված լինելու իրավունքը:

Դատական նիստից առաջ դատական կարգադրիչները հայտնեցին, որ դատարանը չի թույլատրել լրագրողների մուտքը դահլիճ,նիստը դռնփակ է: Սա այն դեպքում, երբ դատավարության մասնակիցներից որևէ մեկը դռնփակ նիստ անցնացնելու վերաբերյալ տեղյակ չէր, առհասարակ այդ հարցը դեռևս քննության առարկա չի դարձել: Այա պահին մեզ հայտնի չէ` Դավիթ

Տոնոյանը,Ստեփան Գալստյանն ու Դավիթ Գալստյանը կալանավայրից բերվե՞լ են դատարան, թե ոչ: Նշենք, որ Տոնոյանի, ինչպես նաև Դավիթ Գալստյանի պաշտպանները հայտարարել են, որ իրենք պնդելու են, որպեսզի գործը դռնբաց քննվի:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն` քրեական գործը վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն:

Դատախազությունից էլ  մանրամասնել են, որ քրեական գործով  պարզվել է, որ ԶՈւ և ՊՆ- ի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից Պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։ Պարզվել է նաև, որ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Ընդ որում՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։

Ըստ մեղադրանքի` Դավիթ Տոնոյանի՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ  Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանի՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանի՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանի՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանի՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեղադրյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Նրանց պաշտպանները բազմիցս հայտարարել են, որ գործում առկա տվյալները հերքում են իրենց պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքները, նրանց պահանջել են  հրթիռների որակի ստուգման համար նշանակել փորձաքննություն, ինչը չի արվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter