HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մամիկոն Ասլանյանին թույլ չեն տա մասնակցել ավագանու առաջին նիստին

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն անդրադարձավ դեկտեմբերի 4-ին կայացած Վանաձոր համայնքի ընտրություններին, որից հետո ձայների մեծամասնությունը ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը քրեական հետապնդման է ենթարկվում: Պատգամավորն այդ ամենը քաղաքական հետապնդում որակեց:

«Դուք մինչև հիմա պահում եք այդ մարդուն անազատության մեջ, որովհետև ձեր սրտի թեկնածուն չէ: Արդյոք մասնակցելու է Մամիկոն Ասլանյանը ավագանու առաջին նիստին, թե ոչ»,- ասաց պատգամավորը` դիմելով Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին:

Նախարարն արձագանքեց` ընտրված համայնքապետերի մեծամասնությունը ոչ իշխանական ուժից է:

«Ավելին` եղել են համայնքներ, որտեղ ՔՊ-ի թեկնածուն ունեցել է ավելի քան 40%, բայց անցել է այլ կուսակցության ներկայացուցիչ: Չկա էստեղ որևէ միտում, ուղղորդում կամ քաղաքական միջամտություն: Ինչ վերաբերում է հարցի իրավական կողմին, այս մասով ՄԻՊ-ից ևս հարցում կար, թե ինչպես պետք է քրեակատարողական հիմնարկն (ՔԿՀ) ապահովի մարդու ընտրվելու իրավունքը: Մենք մանրամասն գրել ենք, որ օրենսդրությունը որևէ կերպ չի նախատեսում այդ սահմանադրական իրավունքի իրացումն այն դեպքերում, երբ անձը կալանքի տակ է»,- ասաց Անդրեասյանը:

Ըստ նախարարի` կան հստակ դեպքեր, թե որ իրավիճակում կարող է կալանքի տակ գտնվող անձը լքել ՔԿՀ-ն: Ըստ նրա` թե՛ ՔԿՀ-ն, թե՛ ծառայության ղեկավարը, թե՛ նույնիսկ նախարարն իրավասու չեն մեկնաբանել կամ քայլ անել, որը դուրս է իրենց լիազորություններից:

«Եթե որևէ կալանավորի թույլ տանք համայնքային ընտրության նպատակով բացակայի ՔԿՀ-ից, դա անթույլատրելի է նախարարության համար»,- ասաց Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով: Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրությունների ավարտից 10 օր անց, երբ դեռ ավագանու առաջին նիստը չէր հրավիրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter