HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Էլ պետական գաղտնիք չմնաց». պաշտպանները պնդում են, որ Տոնոյանի և մյուսների գործով նիստը դռնբաց քննվի 

Դատախազությունը գրությամբ միջնորդել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ-ին ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի և մյուսների գործը դռնփակ քննել: Թեև գործը քննող դատավոր Մանվել Շահվերդյանը դռնփակ քննելու մասին որոշում չէր կայացրել, այսօր լրագրողների մուտքը նիստերi դահլիճ ի սկզբանե արգելվեց՝ հենց դատավորի կարգադրությամբ: Ավելի ուշ, դատարանի աշխատակազմից «Հետք»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դատարանը նիստի ընթացքում որոշել է դռնփակ քննել գործը, ինչին, ի դեպ, դեմ են մեղադրյալները:

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածը, որը վերաբերում է դատական նիստի հրապարակայնությանը, սահմանում է, որ դատարանում գործը քննվում է դռնբաց դատական նիստում: Նույն հոդվածը սահմանում է նաև, որ քրեական դատավարությանը մասնակցող անձանց մասնավոր կյանքի, պատվի և արժանապատվության, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության, վարույթի մասնակիցների կամ նրանց մերձավոր ազգականների պաշտպանության նպատակով դատարանը դատավարության մասնակիցների միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ գործը կամ դրա մի մասը կարող է քննել դռնփակ դատական նիստում: Այսինքն՝ ընդհանուր կանոնը գործը դռնբաց քննելն է, սակայն օրենքով նախատեսված դեպքերում նիստը կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ:

Չնայած դատախազության կողմից գրավոր ներկայացված միջնորդության առկայությանը՝ նիստի մեկնարկի պահին դեռևս որոշում կայացված չէր դռնփակ քննության մասին, ինչը նշանակում է, որ, առնվազն նիստի մեկնարկի պահին ԶԼՄ ներկայացուցիչներն իրավունք ունեին լինել նիստերի դահլիճում, ինչը, փաստորեն, արգելվեց՝ դատավորի կարգադրությամբ:

Մինչ նիստի մեկնարկը Դավիթ Գալստյանի պաշտպաններ Արմեն Հարությունյանն ու Արմեն Անդրիկյանը լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրին գործից: Հիշեցնենք, որ դատարան ուղարկված գործը վերաբերում է ՊՆ-ից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելուն: Գործը հայտնի է որպես «անպիտան» հրթիռների գործ: ԱԱԾ-ն նախաքննության ընթացքում հայտնել է, թե ՊՆ-ին անպիտան հրթիռներ են մատակարարվել:

«Եթե խոսում ենք հրթիռների որակի մասին, ապա պետք է որակավորված մասնագետների կարծիք լինի, որ այս հրթիռներն անորակ են, անպիտան են, մինչդեռ քրեական գործում բազմաթիվ փաստեր կան, որոնք վկայում են այն մասին, որ այդ հրթիռները պիտանելության հետ կապված որևէ խնդիր չեն ունեցել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Գալստյանի պաշտպաններից Արմեն Հարությունյանը: Վերջինս նշեց, որ Պաշտպանության նախարարությունն իրենց հարցումներին ի պատասխան` հայտնել է, որ հրթիռների որակի հետ կապված խնդիր չկա: Արմեն Հարությունյանը հիշեցրեց, որ Դավիթ Գալստյանի վերաբերյալ մեկ այլ գործ կա քննվող, դրա շրջանակներում ևս իրենց պնդմամբ նշանակվել է փորձաքննություն, և դրա արդյունքը Գալստյանի օգտին է եղել:

«Ես վստահ եմ, որ այս փուլում մեղադրանքի կողմն ուղղակիորեն խուսափում է, քանի որ փորձաքննության արդյուքները կրկին դրական էին լինելու»,- ասաց Արմեն Հարությունյանը:

Վերջինս, անդրադառնալով քրեական գործը ռազմական գաղտնիք պարունակելու հիմքով դռնփակ անցկացնելու խնդրին, հիշեցրեց, որ գործի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունն ու Դատախազությունը արդեն բազմաթիվ տեղեկություններ են հրապարակել, և այդ պայմաններում այլևս իմաստ չունի գործը դռնփակ քննել:

«Էլ պետական  գաղտնիք չմնաց, հնարավոր բոլոր տեղեկությունները հրապարակված են»,- ասաց Արմեն Հարությունյանը:

Գալստյանի պաշտպաններից Արմեն Անդրիկյանը վկայակոչեց օրեր առաջ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում արտահայտած մտքին, որ չի բացառվում՝ փորձարկման արդյունքում լինեին հրթիռներ, որոնք կպայթեն:

Անդրիկյանը նշեց, որ Գալստյանի մեղադրանքի ծավալում ներառված է ՊՆ-ին 4232 անորակ հրթիռ մատակարարելը և նշեց, որ նախաքննական մարմնի գործառույթը պետք է լիներ փորձաքննություն նշանակելը, փորձարկելը՝ արդյոք հրթիռներն անպիտա՞ն են:

Հարցին՝ ինչպե՞ս պետք է հրթիռները փորձարկվեին, Անդրիկյանը նշեց, որ հնարավորություն կար գոնե մի քանի հրթիռ փորձարկելու և դրա հիման վրա եզրակացություն կազմելու: Պաշտպանը նաև նշեց, որ հրթիռները կիրառվել են ինչպես զորավարժությունների ժամանակ, այնպես էլ 44-օրյա պատերազմի ընթացքում, անգամ գործում առկա են դրանք կիրառած անձանց ցուցմունքներ:

«Մենք բոլոր միջոցներով փորձել ենք ներկայացնել համապատասխան փաստաթղթեր և միջնորդույթուններ, փաստաթղթերին գնահատական չի տրվել, իսկ միջնորդությունները մերժվել են»,- ասաց Անդրիկյանը՝ համոզմունք հայտնելով, որ նպատակ է դրված եղել ցանկացած գնով գործը դատարան ուղարկել, հասնել դռնփակ դատական նիստի և դատավարության ընթացքում հասնել անձանց անազատությանը:

Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանն էլ նշեց, որ սպառազինության մատակարարման առանձնահատկությունը կատարվում է հետևյալ սկզբունքով. Համապատասխան խմբաքանակից ընտրվում է որոշակի տեսակի հրթիռներ և կատարվում փորձարկում, ընդ որում՝ այդ փորձարկումը կարող է կատարվել նաև առանց համապատասխան տեխնիկա օդ բարձրացնելու, պարզապես ցանկություն է պետք:

Անդրադառնալով վարույթն իրականացնող մարմնի այն պնդմանը, որ ՊՆ-ին մատակարարված հրթիռները ժամկետանց են եղել, Արմեն Հարությունյանը նշեց, որ գործում հստակ տեղեկություններ կան, որ հրթիռները 30 տարվա վաղեմություն ունեն, սակայն գործում կա տեղեկություն նաև այն մասին, որ վաղեմությունը 20 տարի է, իսկ նախաքննական մարմինն ասում է, որ ինքը հիմք է ընդունում 20 տարի ժամկետի վերաբերյալ փաստաթուղթը: Պաշտպանը նաև նշեց, որ ժամկետների քննարկման համատեքստում իրենց մեկ այլ իրավական հարց են բարձրացրել, թե որտե՞ղ է առհասրաակ սահմանված այդ հրթիռների ժամկետը:

«Ասում ենք՝ վկայակոչե՛ք մի փաստ, որ ՀՀ-ում այս հրթիռներն ունեն ժամկետ, որը խախտվել է»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ գործում առկա 20 կամ 30  տարվա ժամկետները ՌԴ-ի կողմից են տրված և իրենք բարձրացնում են հարցը, որ դրանք ՀՀ-ում իրավական ուժ չունեն:

Ժամը 15:00-ի սահմաններում արդեն պաշտպանները գնացին նիստերի դահլիճ, մոտ 40 րոպե անց պաշտպանները դուրս եկան դահլիճից, որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր նորքի նստավայրի ամենամեծ դահլիճն է: Ինչպես պարզվեց, ներսում ցուրտ է եղել, և նիստը կարճ ժամանակով հետաձգվել է՝ դահլիճը ջեռուցելու համար:

Ընդմիջման ընթացքում մեղադրյալներից Ավետիք Մուրադյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստի ընթացքում իրենք բարձրացրել են հարցը, որ գործով հասարակությանը տեղեկատվություն է տրամադրվել այն մասին, որ ՊՆ-ին անպիտան հրթիռներ են տրամադրվել, ինչն իրականությանը չի համապատասխանում, պնդել են, որ նիստը դռնբաց անցկացվի, որպեսզի հասարակությունը տեսնի, թե իրականում ինչ է տեղի ունեցել, բայց իրենց պնդումներն անցել են ապարդյուն: Երեմ Սարգսյանը նկատեց՝ գործի մասին տեղեկություններ են հրապարակում անգամ պաշտոնյաներ, որոնք չպետք է իմանային այդ մանրամասները: Պաշտպանն ասաց, որ հավանաբար իրենք ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն դատավոր Մանվել Շագվերդյանին: Դեռևս չի ներկաայցվել, քանի որ կան հանգամանքներ, որոնք պետք է պարզել: Նշենք, որ արդեն ամիսներ շարունակ դատարաններում գործերը ձեռքով են մակագրվում: Հանգամանքը, որ ԱԱԾ-ն քրեական գործի շրջանակներում առգրավել է համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և  կառավարման բանալիները, դիտարկվում է՝ որպես անհաղթահարելի ուժ՝ դատարան մուտք եղած գործերը համակարգով մակագրելու համար: Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում գործերը մակագրվում են՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հաջորդականության

«Փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ օրենքով սահմանաված կարգով՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական կարգի չի մակագրվում, իսկ եթե դատարանը չի ստեղծվել օրենքի հիման վրա, այսինքն՝ գործը պատահական ընտրությամբ պատահական դատավորի է մակագրվել, իսկ եթե դա արվել է դատարանի նախագահի կողմից, ապա օրենքի հիման վրա ստեղծված դատարանի մասին խոսք լինել չի կարող լինել»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել, թե ինչու պետք է գործը դռնփակ քննվի, հատկապես այսօրվա դատական նիստը, որի ընթացքում միայն մեղադրյալների խափանման միջոցի հարցն է քննարկման առակա դառնալու և դատավորին ու դատավարության մյուս մասնակիցներին բացարկի հարցը:

Սերգեյ Հովհաննիսյանն ի պատասխան լրագրողների հարցերի՝ նշեց, որ նախաքննության ընթացքում Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ մեկ առերես հարցաքննություն է տեղի ունեցել՝ նախարարի նախկին տեղակալ Մակար Ղամբարյանի հետ, ընդ որում՝ վերջինս հայտնել է տվյալներ, որոնք հերքել են Տոնոյանի մեղադրանքը: Աշխատանքային օրվա ավարտին նիստը հետաձգվեց, ինչպես պարզվեց, դրա ընթացքում անգամ դատարանին ինքնաբացարկ հայտնելու հարցի քննարկումը չի սպառվել. պաշտպանները միջնորդել են, որպեսզի դատարանը Երևանի ընդհանուր իրավասությունից տեղեկություն պահանջի գործը Շահվերդյանին օրենքով սահմանված կարգով մակագրվելու վերաբերյալ: Հարցի քննությունը կշարունակվի վաղը՝ հունվարի 20-ին, ժամը 11:00-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter