
Ջեյհուն Բայրամով. «Ադրբեջանը կողմ է առանց նախապայմանների հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը»
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Վիեննա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ, որի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը կողմ է առանց նախապայմանների հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Վերջինիս փոխանցմամբ՝ Բայրամովը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանի սահմանազատումը դիտարկվում է որպես կարևոր տարր երկու երկրի հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Ըստ Բայրամովի՝ Բաքուն կողմ է, որ այդ գործընթացն անհապաղ սկսվի։ Նրա պնդմամբ՝ հայկական կողմը սահմանների սահմանազատման հարցում առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, որոնք իրենց համար անընդունելի են։ Թե ինչ նախապայմանների մասին է խոսքը, Բայրամովը չի մանրամասնել։
Բայրամովն ու Շմիդտը քննարկել են նաև ԵԱՀԿ-Ադրբեջան հարաբերությունները, տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերություններն ու դրանց կարգավորման հնարավոր ընթացքը։
Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ հայկական կողմը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի, լարվածության նվազմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել ու փոխանցել ռուսական կողմին ու միջնորդավորված նաև Ադրբեջանին:
«Այժմ սպասում ենք արձագանքի: Բնականաբար դետալները չեմ կարող հրապարակել, դրանք բխում են վարչապետի կողմից մշտապես բարձաձայնված զորքերի` հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր նախապես հռչակած հայեցակարգից»,- ասել էր Արարատ Միրզոյանը:
Նախարարը նշել էր, որ փաթեթը քննարկվել է նաև Անվտանգության խորհրդի նիստում:
ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանն, այսօր առավոտյան, պատասխանելով «Արմենպրես»-ի՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության վերաբերյալ հարցին, նշել է, որ սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, և խոսքը պայմանավորվածությունների մասին է:
«Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում»: Այս պայմանավորվածությունը վերահաստատվել և զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում»,- նշել է Հունանյանը՝ հավելելով, որ ըստ այդմ հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են:
«Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների»,- եզրափակել է նա։
Լուսանկարը՝ Sputnik / Murad Orujov
Մեկնաբանել