HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք․ Փաշինյան

Կառավարության հունվարին 20-ի նիստը մեկնարկեց պարեկային ոստիկանության ծառայության մասին քննարկմամբ։ Մինչ օրակարգի հաստատումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կարևորագույն բարեփոխումներից մեկը, որը Կառավարությունը պլանավորել էր դեռևս 2018 թ-ին, եղել է պարեկային ոստիկանության հիմնադրումը։

«Պարեկային ոստիկանության գործունեության 7 ամսվա ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնյաներ։ Երրորդ հանրապետության պատմության ընթացքում ոչ մի դեպք չունենք, որ այդ մակարդակի պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ ենթարկվեն վարչական պատասխանատվության։ Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք։ Կարծում եմ՝ շատ հիշարժան փաստ է, համապատասխան տուգանքը վճարվել է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև Կառավարության ղեկավարը հայտնեց, որ պարեկային ոստիկանության ներկայացուցիչները մարդկանց բերման են ենթարկել՝ իրենց կաշառք առաջարկելու համար, այդ դեպքերով քրեական գործեր են հարուցվել։

«2021թ.-ի 6 ամսվա ընթացքում ոստիկանության պարեկային ծառայության կողմից արձանագրվել է կաշառք տալու 4 դեպք, բոլոր դեպքերով հարուցվել են քրեական գործեր։

Երեկ նոր, թարմ դեպք ունեցանք։ Երևանի Իսակովի պողոտայում ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին խախտում կատարելու համար փորձել է կաշառք առաջարկել։ Ներկա պահին նախապատրաստվում են նյութեր»,- հայտնեց ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ բոլոր դեպքերում, երբ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամը, բարձրաստիճան պաշտոնյան ենթարկվել են վարչական պատասխանատվության, տվյալ պարեկային ոստիկանը խրախուսվել է։

«Իմ ընտանիքի անդամներն էլ են շփվել պարեկային ծառայության աշխատակիցերի հետ և արձանագրել բարձր սպասարկման որակ»,- քննարկման ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Վարչապետն էլ նշեց՝ նախազգացում կա, որ պարեկային ոստիկանության որոշակի վերաձևավորման օգնությամբ կարող են բնակարանային գողությունների կանխարգելման մեխանիզմ գործարկել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter