HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեգո գոլդ»-ն այլևս սնանկ չէ և 3-րդ տարին է՝ փորձում է վերականգնել Թուխմանուկի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը

Երրորդ տարին է` Վարչական դատարանը քննում է «Մեգո գոլդ» ՍՊԸ-ն ընդդեմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` Թուխմանուկի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու դեմ ներկայացված հայցը: Այսօր այդ գործով հերթական դատական նիստն էր:

Հիշեցնենք` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Սուրեն Պապիկյանի 2019թ. դեկտեմբերի 13-ի հրամանով դադարեցվել էր «Մեգո գոլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի նկատմամբ: 

Թուխմանուկի հանքավայրը չի գործում 2015 թվականից, իսկ 2016թ․-ին «Մեգո գոլդ» ՍՊ ընկերությունը սնանկ էր ճանաչվել։ Չնայած դրան, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ, նախարարության իրավական շահերի պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Փաշայանը մեզ հայտնեց, որ այս գործով ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հիմքն ընկերության կողմից 22 մլն դրամ պետական տուրք չվճարելն է։

Պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Արսեն Հովհաննիսյանն այսօր դատարանում հայտարարեց, որ 2021թ. հոկտեմբերի 28-ին սնանկության դատարանը կայացրել է «Մեգո գոլդի» ՍՊԸ-ի սնանկությունից ազատման որոշում, և «Մեգո գոլդն» այլևս սնանկ չէ, ընկերության գործունեությունը վերականգնվել է։

«Մեգո գոլդ» ՍՊԸ-ն սնանկ էր ճանաչվել դեռևս 2016թ․ նոյեմբերին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով։

Սակայն սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանը 2019թ․դեկտեմբերի 18-ին, այսինքն՝ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումից 5 օր անց, միջնորդություն է ներկայացրել դատարան՝ սնանկության վերաբերյալ գործն ավարտելու և «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ին ֆինանսապես առողջացած  համարելու պահանջով։ Դատարանը բավարարել է այն՝ վերականգնելով «Մեգո-Գոլդ»-ի գործունեությունը։

Այս գործով որպես երրորդ անձ ներգրավվել է նաև ամերիկյան «Ջի ջի սի առ մայնինգ» ՍՊ ընկերությունը։ Փաստաբան Արսեն Հովհաննիսյանը պարզաբանեց, որ ընկերությունը ներգրավվել է որպես «Մեգո գոլդ»-ի միակ մասնակից։ Այլ մանրամասներ փաստաբանը չցանկացավ ասել՝ հայտնելով, որ պետք է համաձայնեցնի ընկերության ղեկավարության հետ։

Նշենք, որ իրական շահառուների վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտարարագրում «Մեգո գոլդ» ՍՊԸ-ի ողջ բաժնեմասի վերաբերյալ պատկերը չեն տալիս։ Մասնավորապես, համաձայն հայտարարագրի՝ ԱՄՆ քաղաքացի Իան Հագուեն այստեղ 45,6 տոկոս մասնակցություն ունի։

Իան Հագուեն 100 տոկոսով իրեն պատկանող «Ֆայբեըրդ Մանաջմենթ» ՍՊԸ-ի և «Տուշեթի Հոլդինգս» ՍՊԸ-ի միջոցով է տիրապետում միջանկյալ համարվող «Գլոբալ Գոլդ Քորփորեյշն»-ի 45.60 տոկոս բաժնեմասին: «Գլոբալ Գոլդ Քորփորեյշն»-ը տիրապետում է «Գլոբալ Գոլդ Մայնինգ»(ԱՄՆ) ՍՊԸ- և «ՋԻ ՋԻ ՍԻ ԱՐ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասերին, որոնք էլ միասին հանդիսանում են «Մեգո գոլդ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատերերը: Պետք է ենթադրել, որ մնացած բաժնեմասը «Գլոբալ Գոլդ Քորփորեյշն»-ում բաշխված է 10 %-ից նվազ մասնակցությամբ, այդ հիմնավորմամբ էլ չեն հայտարարագրել մնացած իրական շահառուներին։ «Գլոբալ Գոլդ Քորփորեյշն»-ի տնօրենն էլ ամերիկահայ Վան Գրիգորյանն է։

Դատական այսօրվա նիստը հետաձգվեց, որովհետև փաստաբան Արսեն Հովհաննիսյանի լիազորագիրը տրված էր դեռևս այն ժամանակ, երբ ընկերությունը սնանկ էր ճանաչվել։ Նախագահող դատավոր Դանիել Դանիելյանն այն չճանաչեց որպես պատշաճ լիազորագիր և հետաձգեց նիստը մինչև ապրիլի 14-ը։

Առաջին լուսանկարում՝ Թուխմանուկի հանքավայրի պոչամբարն է։
Լուսանկարը՝ «Էկոլուրի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter