HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիան Հայաստանին հրավիրել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին. հայկական կողմը քննարկում է մասնակցությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանին հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Անկարայի համալսարանում Լատինական Ամերիկայի երկրների դեսպանների և Թուրքիայի խորհրդարանի բարեկամական խմբերի ղեկավարների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ։ 

Թուրք նախարարի խոսքով՝ Լատինական Ամերիկան կմասնակցի դիվանագիտական երկրորդ ֆորումին, որը կկայանա մարտի 11-13-ը։ «Ողջ աշխարհից հրավիրում ենք բոլորին։ Այս պահին իրենց մասնակցությունը հաստատել են 39 երկրի արտաքին գործերի նախարարներ։ Մենք հրավիրել ենք Հայաստանին, Հունաստանին, Կիպրոսի հունական հատվածին, Իսրայելին և Եգիպտոսին։ Յուրաքանչյուրի ձայնն այստեղ լսելի կլինի։ Այն դարձել է ազատ հարթակ»,- հայտարարել է Չավուշօղլուն։ 

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն արդեն իսկ արձագանքել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությանը։ «Արմենպրես» գործակալության հարցին ի պատասխան, արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստացել և շարունակում է ստանալ այս տարվա ընթացքում տարատեսակ միջոցառումների, այդ թվում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության հրավերներ։

«ՀՀ ԱԳ նախարարությունը համապատասխան ընթացակարգով քննարկում է նախարարի՝ վերոնշյալ միջոցառումներին մասնակցության նպատակահարմարությունը։ Հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի կայացվելիք որոշումների մասին»,- նշել է Հունանյանը։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հայերը գոհ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից: «Մեր նպատակը հարաբերությունների ամբողջական կարգավորումն է։ Հայերը նույնպես դրանից գոհ են։ Գործընթացին կքննարկվեն հարցեր այն մասին, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել, բացի կանոնավոր ավիաթռիչքների գործարկումից և հատուկ ներկայացուցիչների նշանակումից»,- ասել էր Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։ Երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունները դրական էին գնահատել այդ հանդիպումը։ Հանդիպման փաստը ողջունել էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն։

Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար կողմերը նշանակելու են հատուկ ներկայացուցիչներ։ Բացի այդ, կվերականգնվեր նաև Երևանի և Ստամբուլի միջև ավիահաղորդակցությունը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ հայկական կողմից թռիչքներ կիրականացնի Flyone Armenia-ն, իսկ թուրքական կողմից՝ Pegasus Airlines-ը։

Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter