HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Նախընտրական քարոզչության վիրտուալ երեսը

Ընտրություններին մասնակցող քաղաքական 9 ուժերից 7-ն ունեն պաշտոնական կայքէջեր, որոնք ընտրություններին ընդառաջ հիմնականում թարմացվել են թե արտաքնապես և թե ինչ-որ չափով' բովանդակային առումով: Սակայն նրանց ընդամենը մի մասն է, որ պաշտոնական կայքէջերը փորձել է օգտագործել քարոզչական նպատակներով: Այս իմաստով աչքի են ընկնում հատկապես «Ժառանգությունը» և Հայ ազգային կոնգերսը, որոնց կայքէջեր այցելող ընտրողները կարող են գրեթե ամբողջական պատկերացում կազմել թե այս ուժերի նախընտրական ծրագրի, թե ներկայացրած թեկնածուների և թե առհասարակ ընտրարշավի ընթացքի վերաբերյալ:

ԲՀԿ-ն և ՕԵԿ-ն այս ռեսուրսը մասնակիորեն են օգտագործել' կայքերում զետեղելով միայն քարոզարշավին առնչվող ամենահիմնական ատրիբուտները: Չնայած իրականացրած մասշտաբային և շատ էֆեկտիվ քարոզարշավին'ՀՅԴ-ի պաշտոնական կայքէջը գրեթե չի արտացոլել այդ ամենը: Առհասարակ' չնայած առանձին վերցրած կուսակցականների' ինտերներտային, ցանցային ռեսուրսների այս կամ այն չափով կիրառմանը' ՀՅԴ-ն վիրտուալ գործիքակազմն օգտագործելու իմաստով չափից դուրս պահպանողականություն է հանդես բերել: Նույնը կարելի է ասել նաև ՀՀԿ-ի վերաբերյալ: Վերջինիս առանձնահատկությունն այն է, սակայն, որ կուսակցության պաշտոնական կայքէջն օգտագործվում է նաև թաքնված քարոզչության համար: Այստեղ ոչ միայն զուտ կուսակցական, այլև անհասկանալիորեն երկրի նախագահի կամ վարչապետին առնչվող պաշտոնական լրահոսն է զետեղվում: Ի դեպ, այս մոտեցումն ընկած էր նաև ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի կառուցվածքի և մեթոդաբանության հիմքում:

Մեծ հաշվով, սակայն, այցելությունների մասով կուսակցությունների պաշտոնական կայքերն այդքան էլ հետաքրքրություն չեն ներկայացնում: Կուսակցությունների նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծ է սոցիալական ցանցերում ու տարատեսակ վիրտուալ ֆորումներում: Խնդիրն այն է, սակայն, որ սոցցանցերում ներգրավված կոնտինգենտը կազմում է հասարակության առավել քաղաքականացված ու քաղաքացիականացված և ըստ էության իր կայուն համոզմունքներն ունեցող անհատները, և զուտ էֆեկտիվության տեսանկյունից այս ճակատում քաղաքական ուժերի համար քարոզչության իրականացումը լուրջ ազդեցություն չէր կարող ունենալ, ինչով և բացատրվում է վիրտուալ մեդիաաշխարհում նրանց ոչ նախաձեռնողականությունն ու նկատելի պասիվությունը:

Գուցե դա է պատճառը, որ միկրոբլոգները, Facebook-ը ընտրարշավի ընթացքում այդպես էլ քարոզչության իրականացման լայնամասշտաբ հարթակի չվերածվեցին, կուսակցությունները ջանք չգործադրեցին ցանցերում ձևավորելու իրենց իմիջը: Ինտերնետը և հատկապես ցանցերն ավելի շատ օգտագործվում էին քաղաքական ուժերի առանձին ներկայացուցիչների կողմից' որպես կուսակցությունների գործողությունների, կայացրած քաղաքական որոշումների պատճառները, հիմնավորվածությունը հրապարակային-անհատական կոնտակտների միջոցով ներկայացնելու, բացատրելու, պաշտպանելու լավագույն հարթակ:

Հետևաբար այնքանով, որքանով կուսակցությունների առանձին վերցրած ներկայացուցիչները ճանաչելի ու ազդեցիկ են ցանցային հաղորդակցության միջավայրում, այնքան էլ ներկայանալի է տվյալ կուսակցությունը: Այս իմաստով վիրտուալ հաղորդակցության հնարավորությունները լավագույնս օգտագործել են «Ժառանգություն»-ը և «ՀԱԿ»-ը' իրենց ֆեյսբուքյան համայնքների, համախոհների, մոլեռանդների բազմությամբ, որոնք, ունենալով որոշակի աշխատհայացքային ընդհանրություններ և քաղաքական հայացքների տարբերություններ, երբեմն իրենց դիպուկ մեկնաբանություններով, սուր քննարկումներով կարողացել են հետաքրքիր ներկապնակ ստեղծել:

Ի տարբերություն կուսակցությունների' ցանցային ռեսուրսներից առավելապես օգվել են մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները' ստեղծելով իրենց անձնական-քարոզչական էջերը և դրանք փորձելով ծառայեցնել իրենց իմիջի ձևավորմանը: Հատկապես աչքի էին ընկնում Սաթիկ Սերյանյանի, Սամվել Ֆարմանյանի, Վլադիմիր Կարապետյանի, Գոհար Վեզիրյանի, Վահան Կարապետյանի, Գարեգին Նուշիկյանի և մի քանի այլ թեկնածուների' PR տեսանկյունից հետաքրքրաշարժ էջերը:

Վիրտուալ մեդիան լավագույնս օգտագործել են այն անհատները, ովքեր, փաստորեն, գհասկանում էին բազմաձև տեղեկատվության և դրա փոխանակման այլընտրանքային միջոցների կարևորությունը' հանրային գիտակցության ուղղորդման, մանիպուլյացիաների առումով: Երբեմն, իհարկե, դա հանգեցնում էր չափի զգացողության կորստի, ինչպես, օրինակ, Սամվել Ֆարմանյանի և նրա գերակտիվ թիմակիցների պարագայում: Բայց որքան անհասկանալի է քաղաքական ուժերի նկատելի անտարբերությունը ցանցերի ռեսուրսների նկատմամբ, նույնքան էլ չափազանցված էր մեծամասնականով թեկնածություների նման ակտիվությունը' հաշվի առնելով, որ այս միջավայրում նրանք կարող էին աշխատել միայn իրենց պոտենցիալ ընտրազանգվածի շատ փոքր մասի հետ:

Այս ամենով հանդերձ' քարոզչության տեսանկյունից հայաստանյան վիրտուալ իրականությունը դրսևորվեց նաև իր բացասական կողմերով: Նախ' այդպես էլ որևէ քաղաքական ուժ կամ առանձին թեկնածու չկարողացավ օգտագործել ցանցային հաղորդակցության տիրույթի մոբիլիզացիոն պոտենցիալը, որի մանիպուլյատիվ էֆեկտը բազմապատիկ ավելի մեծ կարող էր լինել:

Հաղորդակցությունը դուրս չեկավ տեղեկատվության փոխանակման պարզունակ մակարդակից և չվերածվեց որոշակի գաղափարների, իդեաների շուրջ համախմբումների: Իրականում, սակայն, դրա անհրաժեշտությունն առկա էր առնվազն ընտրակեղծիքների դեմ համահասարակական պայքար նախաձեռնելու մասով' հաշվի առնելով ընտրացուցակներում առկա անճշտությունների քանակը, որոնք բացահայտելու համար անհրաժեշտ էր գոնե ակտիվ քաղաքացիների կոնսոլիդացված աշխատանք հենց ընտրացուցակների հետ, ինչպես նաև այս հարցի քաղաքականացումը:

Հայաստանյան հասարակական-քաղաքական հարաբերություններում քաղաքակիրթ երկխոսության և բանավեճի անտիմշակույթն իր ողջ շուքով դրսևորվեց հենց վիրտուալ հաղորդակցության տարածքում'որոշ դեպքերում հանգելով ընդհուպ գռեհիկ դրսևորումների: Քաղաքական հարաբերությունների անձնավորված երանգավորումները, վիրավորական արտահայտություններով ուղեկցումները, անհանդուրժողականության էլեմենտներն ու շփումներում երբեմն փոխադարձ տարրական հարգանքի բացակայությունը ֆեյսբուքյան իրականության բնորոշ երևույթներ են, որոնք ավելի խորը արտահակտվեցին այս նախընտրական արշավի ընթացքում:

Սկզբից դա հիմնականում ընթանում էր ՀՀԿ-ԲՀԿ երիտասարդ քաղաքական գործիչների «սրամտությունների» դաշտում, երբ օրինակ, ՀՀԿ քաղխորհրդի անդամ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը փորձում էին իրար սևացնելու գործում միմյանց գերազանցել հետաքրքիր ձևակերպումներով, իսկ հետագայում էստաֆետը հանձնեցին նույն ընտրատարածքում մրցակցող Սամվել Ֆարմանյանին և Վլադիմիր Կարապետյանին, որոնք, փորձեցին չխախտել կոռեկտության սահմանները: Ավելի ուշ դա տեղափոխվեց նաև այսպես կոչված հակա-ժառանգական տիրույթ, երբ այս կուսակցությունը դուրս եկավ ընտրակեղծիքների դեմ պայքարի միջկուսակցական շտաբից և իր դեմ տրամադրեց որոշակի համոզմունքներ ունեցող, կուսակցությունից հակառակ սպասելիքներն ունեցող շրջնակաների հսկայական զանգվածի:

Վիրտուալ մեդիայի հնարավորություններն անսպառ են հատկապես այն պատճառով, որ այստեղ տեղեկատվության պատասխանատվության խնդիրը խորքային չէ, իսկ ինֆորմացիայի աղբյուրների անհասցեականության շահագործումը հնարավոր է լինում դարձնել պրովոկատիվ մանիպուլյացիաների գործիք: «Ռեգնում» գործակալության կողմից հրապարակված տեղեկատվական խայծը' «Ժառանգություն» կուսակցության լիդեր Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի' Մեծ Բրիտանիայում թուրք դիվանագետների հետ հանդիպման և ինչ-որ սեպարատ պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին, հենց այդ շարքից էր:

Հանրությունն այն կուլ չտվեց միայն այն պատճառով, որ շատ հապճեպ պատրաստված լինելու պատճառով շատ արագ բացահայտվեց դրա արհեստականությունը և հստակ միտումնավորությունը: Սակայն տեղեկատվական այս գրոհը կարող էր հաջողություն ունենալ, որովհետև գայթակղիչ լուրը արագորեն սկսել էր տարածվել սոցցանցերի միջոցով' տեղեկատվության աղբյուրները չճշտելուն սովոր օգտատերերի օգնությամբ: Սա սև PR-ի դասական օրինակ էր' հիմնված երկու ղեկավարների, իսկ ընդհանուր առմամբ ողջ «ժառանգություն» կուսակցությանը վարկաբեկելու մեթոդաբանության վրա:

Այս իմաստով համացանցում և վիրտուալ տեղեկատվության ու հաղորդակցության միջավայրում տեղի է ունենում հայաստանյան տպագիր մամուլին բնորոշ որոշ բացասական երևույթների առավել բյուրեղացման, դրանց իրացման, դրսևորման միջոցների կատարելագործման պրոցես:

Ինչ վերաբերում է տեղեկատվավերլուծական կայքերին, որոնք, իհարկե, անդրադառնում էին ընտրարշավին, սակայն զուտ տեղեկատվության բովանդակության, մեսիջների ուղղվածությունների առումով դրանք էականորեն չէին տարբերվում մամուլից, որովհետև ինչպեսև մամուլը, ինտերներտային տեղեկատվական կայքերը ևս ավելի շատ կենտրոնանում էին ինտրիգների վրա' խորամուխ չլինելով իրադարձությունների, զարգացումների ներքին պատճառահետևանքային տրամաբանական կապերի մեջ:

Մեկնաբանություններ (1)

david
Ցմահ չեմ գնա գազանանոց, Բանտարկված առյուծ չտեսնեմ, Չեմ քայլի հայ երկրի մայթերով, Որ քայլող շակալներ չտեսնեմ, Արյունս նազարաց շուրթին, Չեմ խմի ես հայոց գինին: Չեմ ուտի մատաղը հայի, Ինձ կերան ու առանց աղի; Ինչից է մեռոնը բութ հայի Արյուն է, խառնած աղոթքի? Ինչից է մեռոնը դավաճան հայի, Մենդելեևը լռում է էլի..., Հայ թույնը կյանքում չունի հակաթույն, ՈՒ աշխարհն այսօր մտորում է լուռ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter