HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սուբվենցիոն ծրագրերով մանկապարտեզները վերանորոգել են, սակայն ջեռուցում չեն ապահովել

Արմավիրի մարզում 2018-2021թթ. սուբվենցիոն ծրագրերով 9 մանկապարտեզ վերանորոգվել կամ ներկայում էլ վերանորոգման փուլում է գտնվում: Սակայն զգալի միջոցներ ծախսելուց հետո էլ մանկապարտեզների մի մասը ցուրտ ամիսներին չի աշխատում՝ ջեռուցման համակարգ չունենալու պատճառով:

Made with Flourish

Մարգարա համայնքի մանկապարտեզը շահագործման է հանձնվել 2021թ.-ի հունիսից: Սակայն 5 ամիս անց կրկին փակվել է՝ ջեռուցում չունենալու պատճառով: Շենքը վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրով, որտեղ ներառված չի եղել ջեռուցման հարցը: Շենքը, որն այսօր վերածվել է մանկապարտեզի, խորհրդային տարիներին եղել է տնտեսական խանութ: 90-ականների մասնավորեցման ծրագրից հետո շենքի սեփականատեր է դարձել մի քաղաքացի, որից էլ հետագայում համայնքապետարանը գնել է և դարձրել մանկապարտեզ:

Արմավիրի մարզպետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 26 մլն դրամ, որը 50/50 հարաբերակցությամբ իրականացվել է պետական և համայնքային բյուջեների միջոցներով: Մանկապարտեզը նախատեսված է 40 երեխայի համար, սակայն նախորդ տարի մինչև նոյեմբեր ամիս հաճախել է 3-5 տարեկան 30 երեխա: Մանկապարտեզն ունի ընդամենը մեկ խումբ: Հիմնական հաճախողները Մարգարա համայնքի բնակիչներ են, սակայն 3-4 երեխա հաճախել են նաև հարևան Արազափ և Վարդանաշեն համայնքներից:

«Ջեռուցման պատճառով մանկապարտեզը չի աշխատում, մինչև տաքերն ընկնի, նորից կգործի: Գազը կա, կաթսան դրված է, սակայն ջեռուցման խողովակներն անցկացված չեն ու մարտկոցները չկան»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Մարգարայի աշխատակազմի քարտուղար Ալբերտ Հարությունյանը: Ա. Հարությունյանի փոխանցմամբ՝ հաշվարկ չի իրականացվել, պարզ չէ, թե որքան գումար է անհրաժեշտ ջեռուցման համակարգն անցկացնելու համար: «Նպատակ ունեինք, որ այս տարի ջեռուցման հարցը լուծեինք, բայց խոշորացումը եղավ, արդեն կենտրոնից պիտի հարցը լուծեն»,- նշում է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Նշենք, որ 2021թ. սեպտեմբերին ԱԺ-ի կողմից ընդունած օրենքի համաձայն, Մարգարա համայնքը խոշորացվել է և դարձել Մեծամոր խոշորացված համայնքի 31 բնակավայրերից մեկը: Խոշորացված համայնքում նոր-նոր են ուսումնասիրում բնակավայրերի կարիքները և պարզ չէ, արդյոք մոտակա ժամանակներում Մարգարայի մանկապարտեզի ջեռուցման հարցը կներառվի որևէ ծրագրում:

Մարգարայի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին պարբերաբար հետևել է Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Այդ աշխատանքների մասին հրապարակումներում որևէ խոսք չի եղել, որ մանկապարտեզները չունեն բավարար պայմաններ՝ ամբողջ տարին գործունեություն իրականացնելու համար:

64 երեխա մանկապարտեզ չի հաճախում նաև Առատաշենում: Առատաշենը ևս խոշորացվել է: Այժմ այն Արաքս համայնքի բնակավայրերից մեկն է: Առատաշենի արդեն նախկին ղեկավար Վահրամ Հարությունյանը, ով առաջիկայում նշանակվելու է խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, մեզ հետ զրույցում ասաց, որ սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է մանկապարտեզի 2-րդ մասնաշենքը:

Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 27 մլն դրամ, իսկ աշխատանքներն իրականացվել են 2020-2021թթ-ին: Վահրամ Հարությունյանն ասաց, որ վերանորոգման աշխատանքներում ջեռուցման հարցը չի եղել: «Հիմա նոր ենք նախատեսում: Մի կորպուս էլ կա, որ պետք է վերանորոգենք: Նախատեսում ենք մտցնել սուբվենցիոն ծրագրի մեջ, որ ամբողջ ջեռուցման հարցը լուծենք: Սկզբում մենք այդ գումարը չունեինք, որ ջեռուցման հարցը միանգամից լուծեինք»,- հավելեց Վահրամ Հարությունյանը:

Պաշտոնյայի փոխանցմամբ՝ նախկինում ևս մանկապարտեզը ձմռան ամիսներին չի գործել: Վերջին անգամ կենտրոնացված ջեռուցում ունեցել են խորհրդային տարիներին: Մինչև ձմռան ամիսները, ցուրտ օրերին էլեկտրական սալիկներով են ջեռուցել:

«Մեր մանկապարտեզը 4 մասնաշենք ունի: Խորհրդային տարիներին 4 խումբ է հաճախել մանկապարտեզ: Սակայն վերջին տարիներին երեխաների թիվը պակասել է, մնացել է 2 խումբ: Երրորդ մասնաշենքը նախատեսում ենք վերանորոգել և օգտագործել այլ նպատակով՝ որպես դահլիճ կամ պարի խմբակի համար նախատեսված տարածք և այլն»,-հավելեց Առատաշենի նախկին ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter