
Սուրեն Զոլյանը հիշեց Հովհաննես Թամամյանին
«Փաստորեն, Հայաստանում կրթական համակարգի զարգացումը թե իրավական առումով, թե նաև վարչարարական, թերի է, և իմ դեպքը ուղղակի ապացուցեց, որ այդտեղ գործում է ոչ թե Բոլոնիայի սկզբունքը, այլ ֆեոդալական սկզբունքը՝ «նախարարը միշտ ճիշտ է», ընդ որում՝ նախարարը ավելի շուտ ոչ թե նախարարի, այլ «տաբելշիկի» կամ «սերժանտի» դեր է կատարում»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հեռացված ռեկտոր Սուրեն Զոլյանը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին արդարադատության նախարար, իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանի ուղարկած գրությունը, ըստ Սուրեն Զոլյանի, նշանակում է, որ «իրավունքի աղբյուրը նախարարի կամքն է», և նման համակարգում անգամ լավագույն օրենսդրությունը չի գործի:
Այդ գրության մեջ, Հրայր Թովմասյանը, մասնավորապես, նշվում է. «ԵՊԼՀ-ի ռեկտորը, նախապես գիտակցելով իր վերադասից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարից գործուղման համար թույլտվություն ստանալու պահանջը, նման խնդրանքով դիմել է նախարարին և մերժում ստացել: Ռեկտորը պնդում է, որ նախարարը ոչ թե մերժել է դիմումը, այլ գործուղումը համարել է աննպատակահարմար: Անհասկանալի կլիներ, եթե նախարարը գործուղումը համարեր աննպատակահարմար՝ միաժամանակ թույլատրելով ռեկտորին մասնակցել նման գործուղման, ինչպես նաև անհավանական է թվում, որ բուհի ռեկտորը չհասկանար դիմումի մերժման փաստը, ինչը նախարարի կամքի հստակ արտահայտում է, ուստիև՝ հանձնարարական»:
«Ես էլ կարող եմ գրել, ենթադրենք, որ ես, օրինակ, նպատակահարմար չեմ համարում, որ դուք երեկոյան գնաք սրճարանում ինչ-որ մեկի հետ հանդիպեք: Բայց քանի որ դա նախարարն է գրում, դա «նախարարի կամքի հստակ արտահայտում է, ուստի և՝ հանձնարարական»»,- ասաց Սուրեն Զոլյանը:
Նա հավելեց, որ ըստ «Վարչարարության մասին» օրենքի՝ հրահանգները և հրամանները պետք է գրված լինեն հստակ ձևով, առանց ենթատեքստի, փոխաբերական իմաստների և այլն: «Այսինքն՝ եթե արգելում ես, պիտի գրես՝ ես քեզ արգելում եմ գնալ այնտեղ: Բայց ինչպես տեսնում եք, նոր տեսություն է գալիս: Մոտավորապես այդ տեսությունը եղել է Մուսոլինիի և Հիտլերի ժամանակ, որ առաջնորդի կամքը վեր է օրենքից»,- ասաց բանախոսը:
Նա համարում է, որ գործուղման գնալն արգելելու նախարարի հրամանը անօրինական է, և ինքը գործել է օրենքի սահմաններում՝ կասեցնելով անօրինական հրամանը: Սուրեն Զոլյանը մեջբերեց «ՊՈԱԿ-ների մասին» օրենքի այն կետը, որը «պարոն նախարարը չի սիրում հիշատակել». «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի, պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինների' օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության»:
«Փաստորեն, ես կասեցրել եմ նախարարի հրամանը՝ հիմք ընդունելով հենց «ՊՈԱԿ-ների» մասին օրենքը: Ինչպես տեսնում եք, նախարարը մինչև հիմա դատի չի տվել ինձ: Այսինքն՝ լռությունը տվյալ դեպքում համաձայնության նշան է, ինքը չի համարում, որ իր գործողությունները օրինական են»,- ասաց Սուրեն Զոլյանը:
Նրա խոսքերով՝ այն բոլոր պաշտոնյաները, ովքեր ասել են, թե բուհում լուրջ խախտումներ, գոյություն չունեցող մասնագիտություններ են եղել, կեղծ դիպլոմներ են տրվել, պետք է պատասխանատվության կանչվեն: Խնդիրն առաջանում են նրանից, որ ոչ ոք պատասխանատվության չի կանչվում: Բանախոսը ենթադրում է, որ լավագույն դեպքում պետական բյուջեից իրեն հատուցում կտան, այն էլ ոչ Արմեն Աշոտյանի կամ նրա վարչության պետերի գրպանից:
«Այսօր, ցավոք սրտի, դա ինձ հիշեցնում է 90-ական թվականները, երբ գործել է համապատասխան կարգախոս՝ «մեր դեմ խաղ չկա»: Բայց պարզվեց, որ խաղ կա: Ես հիշում եմ՝ այն ժամանակ ես՝ որպես պատգամավոր, Աջափնյակի շրջանից էի և ինձ դիմում էին, օրինակ, ոստիկանների կամայական գործողությունների վերաբերյալ: Ես միլպետին զանգում էի, միլպետը ինձ ասում էր. «Ինձ համար օրենքը նախարարի հրամանն է: Հարց ունես՝ գնա Վանո Սիրադեղյանի հետ լուծիր»: Եվ գիտե՞ք, ով էր այդ միլպետը: Հիմա բանտում նստած է: Այն ժամանակ մայոր էր թե փոխգնդապետ: Պրն Թամամյանն է: Այսինքն՝ վաղ թե ուշ արդարությունը վերականգնվում է»,- ասաց Սուրեն Զոլյանը:
Նրա խոսքերով՝ Արմեն Աշոտյանը նաև խախտել է իր լիազորությունները ժամանակավոր պաշտոնակատար նշանակելիս: Նախարարը սկզբում մեկ, ապա այլ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել՝ տարբեր իրավական հիմքերով, թեև իրավիճակը նույնն է, և իրավական հիմքը ևս պիտի նույնը լիներ:
«Եթե նախարարը իրեն սերժանտի գործառույթներ է վերապահում, տեսեք՝ մի մակարդակ ցածր ինչ հրամաններ է արձակում նշանակված ժամանակավոր պաշտոնակատարը»,- ասաց Սուրեն Զոլյանը և ընթերցեց ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանի հրամաններից մի քանիսը:
«Համալսարանի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների և կենտրոնների ղեկավարներին: Մինչև իմ կողմից համապատասխան ցուցում ստանալը արգելում եմ որևէ հաղորդագրություն, հայտարարություն կամ նման այլ կարգի փաստաթուղթ տեղադրել համալսարանի կայքում»:
«Համալսարանի անվտանգությունը ապահովող ծառայության պետին: Մայիսի 3-ից սկսած՝ դասերը ավարտելուց հետո, ինչպես նաև հանգստյան և տոն օրերին արգելվում է համալսարանի լսարանների և աշխատասենյակների դռների բանալիների հանձնումը որևէ անձի»:
«Համալսարանի գրասենյակը և կադրերի բաժինը նշված բաժինների հետ առնչություն չունեցող անձանց, այդ թվում երրորդ անձանց, առանց իմ համապատասխան կարգադրության, փաստաթղթեր չեն տրամադրում»:
Ռեկտորի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով շաբաթ օրերին համալսարան կարող են մուտք գործել միայն մագիստրատուրայում սովորող ուսանողները և դասավանդող դասախոսները:
Մինչդեռ ըստ լեզվաբանական համալսարանի կանոնադրությա՝ բուհի ուսանողները և աշխատողները կարող են օգտվել համալսարանի տարածքներից:
«Սրանք մի՞թե ռեկտորի հրամաններ են: Մարդու ոճը համապաստախանում է այն համակարգին, որը ստեղծվել է»,- ասաց Սուրեն Զոլյանը: Նրա խոսքերով՝ համալսարանում հաստատվելու է կազարմայի ռեժիմ, երբ որևէ մեկը դասից հետո իրավունք չի ունենա լրացուցիչ 1 րոպե մնալ համալսարանում:
Նույն պաշտոնակատարը չի անցկացնում նաև գիտխորհրդի նիստ, թեև գիտխորհրդի 40 անդամ ստորագրել է արտահերթ նիստի պահանջ, և 1/3-ից ավելի ստորագրությունների դեպքում թե ռեկտորը, թե պաշտոնակատրը պարտավոր է արտահերթ նիստ հրավիրել:
Հովհաննես Թամամյանի լուս.՝ Ֆոտոլուրի
Մեկնաբանել