HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն քննարկեց ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանի ընտրության հարցը

Խորհրդարանը հերթական նիստում քննարկեց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանի ընտրության հարցը: Իշխանական խմբակցությունը առաջադրել է արդարադատության արդեն նախկին փոխնախարար Գրիգորյանի թեկնածությունը:

Քրիստինե Գրիգորյանն իր ելույթում հայտարարեց` համաձայն չէ այն ձևակերպումների հետ, թե ՄԻՊ-ի ինստիտուտը հակադիր է պետական իշխանության մարմիններին կամ ընդդիմադիր է, ըստ նրա` այն լրացնում է պետական մարմինների համակարգը:

Նախկին փոխնախարարի խոսքով՝ ՄԻՊ ինստիտուտն իսկապես կայացած հաստատություն է, որն իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական հակակշռի առաքելություն:

«Այն ավելին է, քան օմբուդսմենական հաստատությունը և ունի մարդու իրավունքների պաշտպանի լիակատար մանդատ: Այլ կերպ ասած՝ պաշտպանը, բացի այն, որ անհատական բողոքներ քննելու միջոցով արձանագրում է իրավունքի խախտումները, նպաստում խախտման վերացմանը, նաև հերթական և արտահերթ զեկույցներով, օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով, ՍԴ-ին օժանդակ դիրքորոշումներ ներկայացնելով՝ իրականացնում է կանխարգելիչ կարևոր գործառույթ»,- ասաց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադարձավ աշխատանքային հարաբերություններին և գործատուների կողմից աշխատանքային իրավունքները ոտնահարելուն: Նա անդրադարձավ վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքն է որոշում, որ նախարարը ինչքան պաշտոնավարի, կամ երբ ազատվի և հարցրեց, թե արդյոք դա աշխատանքային թրաֆիքինգ չէ:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք ընտրվելու դեպքում թեկնածուն կստանձնի աշխատանքային իրավունքների պաշտպանության առաքելությունը:

Գրիգորյանը չհամաձայնեց պատգամավորի դիտարկման հետ, թե վարչապետի հայտարարությունը կարելի է համարել թրաֆիքինգ, քանի որ թրաֆիքինգը մասնագիտական գրականությունում հստակ բնորոշում ունի: Թեկնածուն նաև վստահեցրեց, որ աշխատանքային հարաբերություններն իր ընտրվելու դեպքում լինելու են իր ուշադրության կենտրոնում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն անդրադարձավ «Հետքի»` Ալեն Սիմոնյանին առնվող հրապարակումներին:

Նա հետաքրքրվեց, թե արդյոք կոռուպցիոն ռիսկ չի տեսնում այն հարցում, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և իշխանական պատգամավորները հունական Միկոնոս կզղում ժամանակ են անկացրել գործարար, «Վիվառո» կազմակերպության հիմնադիր Վիգեն Բադալյանի հետ:

«Ըստ մամուլի հրապարակումների՝ Ձեր արտահայտությունից հետո որևէ ձևով կոռուպցիոն հնարավոր վարքագծին գնահատական տալու դերակատարմամբ այստեղ հանդես չեմ գալիս»,- ասաց ՄԻՊ թեկնածուն:

Պատգամավորը հակադարձեց` ստացվում է՝ ըստ ՄԻՊ թեկնածուի տրամաբանության՝ ինչ հրապարակվում է մամուլում, ապրիորի անհիմն է՝:

«Ըստ Հետքի` եվրոասֆալտ շինարարական կազմակերպությունը, որի տնօրենը ԱԺ նախագահի եղբայրն է, և որը հիմնադրվել է 2020-ի մարտին, իր գոյության կարճ ժամանակահատվածում, հասցրել է պետական գնումների ասֆալտապատման բազմաթիվ տենդեռներ շահել: Օրինակ 2021-ին պետական մարմինների հետ կնքել է 1,5 միլիոն դոլարի պայմանագրեր»,- ասաց Մանուկյանը:

ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց` մամուլի հրապարակումներն ապրիորի անհիմն չեն, բայց և` ապրիորի հաստատված փաստեր չեն:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հետաքրքրվեց, թե կարելի է կամ օրինական է արդյոք դատարանները շրջափակելը, դատավորին պատուհանից ցած նետելը, խորհրդարանի շենք ներխուժելը, պատգամավորների հեռախոսահամարները հրապարակելը, պետական պահպանության ենթակա շենք, օրինակ՝ Ռադիոտուն ներխուժելը:

«Դրանց չպարզաբանումը Ձեր ամբողջ պաշտոնավարման ընթացքում հետապնդելու է Ձեզ»,- ասաց Մկրտչյանը:

Քրիստինե Գրիգորյանն արձագանքեց` այդ ամենի վերաբերյալ թե քաղաքական, թե մասնագիտական բավական շատ գնահատականներ են տրվել:

«Որպես թեկնածուի հետ մեր խոսակցության առարկա կարծում եմ առավել կարևոր կլինի խոսել ինչպես անել` վիճակը շտկելու համար: Մենք իրականության հետ գոյություն ունենք, որ դատական իշխանության նկատմամբ բոլորիս անվստահությունը շարունակում է մնալ, և դրա վառ ապացույցներն են միջազգային կազմակերպությունների կողմից արված գնահատականները: Կառավարության ծրագրում վերլուծված են այդ խնդիրները»,-ասաց նա:

Նշենք, որ գործող ՄԻՊ Արման Թաթոյանն այդ պաշտոնում ընտրվել է 2016 թվականի փետվարի 23-ին, և մեկ ամսից լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter