HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի կարծիքով՝ Ուկրաինայում Ռուսաստանին նոր Չեչնիա է սպասվում

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ Ուկրաինա ներխուժելով Ռուսաստանը կներքաշվի հակամարտության մեջ, որը նման է Աֆղանստանում խորհրդային ռազմական գործողությանը։ Այդ մասին բրիտանացի նախարարը հայտարարել է Սիդնեյ կատարած այցի ժամանակ։ 

«Կրեմլը պատմությունից դասեր չի քաղել։ Ներխուժումը միայն կներքաշի սարսափելի ճահճի մեջ և կհանգեցնի կյանքերի կորստի, որը համեմատելի է նրա հետ, որը մենք տեսել ենք աֆղանական պատերազմում և Չեչնիայի հակամարտության ժամանակ»,- նշել է Թրասը։ 

Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել մտածել և հետ քաշվել Ուկրաինայից, քանի դեռ «չի արել ռազմավարական մեծ սխալ»։ Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան, դաշնակիցների հետ միասին, կշարունակի ապագայում ևս աջակցել Ուկրաինային և Ռուսաստանին կոչ անել իրավիճակի սրման թուլացման ու լուրջ քննարկումների։ «Այն, ինչ կատարվում է Արևելյան Եվրոպայում, նշանակություն ունի ողջ աշխարհի համար»,- հայտարարել է բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը նշել է, որ Ուկրաինայի շուրջ ներկայիս ճգնաժամը նա տեսնում է որպես լիբերալ ժողովրդավարությունների և բռնապետությունների միջև առավել խոշոր հակամարտության մի մաս, որոնց թվում նա դասել է Ռուսաստանին Չինաստանին։ «Բռնապետությունները հասել են սառը պատերազմի ժամանակներից չտեսնված մակարդակի։ Նրանք փորձում են բռնապետական կարգերը որպես ծառայություն արտահանել ողջ աշխարհում։ Հենց այդ պատճառով էլ այնպիսի վարչակարգեր, ինչպիսին են Բելառուսը, Հյուսիսային Կորեան և Մյանմարը իրենց մերձավոր դաշնակիցներին գտնում են Մոսկվայում և Պեկինում»,- նշել է Լիզ Թրասը։ 

Հիշեցնենք, որ այսօր Ժնևում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, որը տևել է շուրջ 1,5 ժամ։ Կողմերը քննարկել են Արևելյան Եվրոպայում և հատկապես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter